Եվրոխորհուրդը պահանջել է Անկարայից` անհապաղ հանել զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ, Եվրոխորհուրդը պահանջել է նաեւ «շտապ եւ հաջող վերջաբանով» ավարտել Կիպրոսի հարցով բանակցությունները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, եվրոպացիները Թուրքիայից պահանջում են «ընդունելի կլիմա» ստեղծել Կիպրոսի շուրջը` կատարելով Եվրոմիությանն անդամակցելու սեփական պարտականությունները. ապահովել կիպրական Ֆամագուստա քաղաքի անմարդաբնակ մասի բնակեցումը` վերադարձնելով այն իր իրական տերերին, համաձայն ՄԱԿ-ի 1984-ին ընդունած 550 բանաձեւի:
Եվրոխորհուրդը հիշեցրել է Թուրքիային նաեւ, որ նա արդեն չորրորդ անգամ հրաժարվում է պահպանել Եվրոմիության հետ մաքսային միության վերաբերյալ համաձայնագիրը, համաձայն որի Անկարան պարտավոր է բացել իր բոլոր նավահանգիստներն ու օդանավակայանները Եվրոմիության բոլոր երկրների առջեւ, այդ թվում նաեւ միության անդամ Կիպրոսի Հանրապետության:
Եվրոպացիները նշել են, որ Թուրքիայի կողմից պարտականությունների չկատարումը կբերի «լուրջ հետեւանքների Թուրքիայի` դեպի Եվրոպա ճանապարհին»: Եվրոմիությունում նախագահող Իսպանիայի արտգործնախարարը հայտարարել. «Եթե այս հարցերում թուրքական կողմից առաջընթաց չլինի, ապա Անկարայի համար չեն բացվի Եվրոմիությանն անդամակցելու նոր բանակցային դռներ»:
Փաստորեն կարելի է արձանագրել, որ Թուրքիայից քայլեր սպասում են շատերը, ավելինՙ «մեծ դիվանագետի» համբավ ունեցող Անկարան հայտնվել է բազմակողմանի ճնշումների մեջ:
Հ. ԱՖՅԱՆ