Չնայած Հայաստանում այսօր աղն ու ջուրը յոդացվում են, սակայն դրանց մեջ եղած յոդի քանակությունը մարդու օրգանիզմի համար դեռ բավարար չէ: Յոդի դեֆիցիտ ունենում են լեռնային երկրները, որոնք հեռու են ծովերից ու օվկիանոսներից: Հայաստանը, լինելով լեռնային երկիր, համարվում է յոդի դեֆիցիտի էնդեմիկ օջախ: Յոդը օրգանիզմի բնականոն գործունեությունն ապահովող կարեւոր տարրերից մեկն է, մտնում է վահանաձեւ գեղձի հորմոնների կազմի մեջ եւ ապահովում դրանց սինթեզը:
«Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է 75-125 միկրոգրամ յոդ: Քանի որ աղի ու ջրի միջոցով մարդը դրա անհրաժեշտ քանակը չի ստանում, հետեւաբար պետք է լրացնի սննդամթերքով: Յոդ կա բանջարեղենի, կանաչեղենի, ձկնեղենի, ընկույզի մեջ», ասում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Սուսաննա Ասատրյանը:
Քանի որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ, հետեւաբար օդում, ջրում, հողում, հետեւաբար նաեւ սննդում յոդի քանակությունն առատ լինել չի կարող:
Ըստ Սուսաննա Ասատրյանի` յոդի պակասը վտանգում է հատկապես երեխաների, դեռահասների, հղի կանանց եւ կերակրող մայրերի առողջությունը: Տղամարդկանց առողջության համար յոդի պակասը եւս վտանգավոր է, սակայն կանայք դրանից ավելի շատ են տուժում, որովհետեւ կանանց վահանաձեւ գեղձի հորմոններն ավելի շատ են յոդ օգտագործում, հատկապես հղի կանանց յոդի պակասը կարող է ծանր հետեւամքների բերել, որովհետեւ յոդն անմիջականորեն ազդում է պտղի ձեւավորման ու զարգացման վրա, պատասխանատու է նրա ոսկրային ու կենտրոնական նյարդային համակարգերի, ուղեղի ձեւավորման համար:
«Յոդի պակասը կարող է հանգեցնել մինչեւ անգան հղիության ընդհատման ու վաղաժամ ծննդաբերության, կարող են ծնվել նույնիսկ տարբեր արատներով երեխաներ: Հղի կանայք ու կերակրող մայրերը լավ կլինի, որ յոդի պակասը լրացնեն յոդ պարունակող հատուկ հաբերով», նկատում է Սուսաննա Ասատրյանը:
Յոդի պակասի հետեւանքով խախտվում է վահանաձեւ գեղձի աշխատանքը, որից էլ առաջանում են տարբեր հիվանդություններ` խպիպ, հիպոթիրեոզ: Հայաստանում այս հիվանդություններով տառապում են հատկապես բարձրադիր մարզերի բնակիչները, որովհետեւ բարձրադիր մարզերում յոդի պակասն ավելի բարձր է թիվ է կազմում:
«Խպիպի (զոբի) ժամանակ վահանաձեւ գեղձը մեծանում է, արյան մեջ վահանագեղձի հորմոնների քանակը կտրուկ նվազում է, իսկ հիպոթիրեոզի դեպքում լինում է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի անկում, դրանից արդեն կախտահարվեն մարդու օրգան համակարգերը», ասում է էնդոկրինոլոգը:
Եթե խախտվում է վահանաձեւ գեղձի աշխատանքը, ապա մարդն սկսում է իրեն ավելի թույլ զգալ, գլխացավեր է ունենում, ընկնում է նրա աշխատունակությունը: Շատ մարդիկ առաջին նախանշաններն ունենալու դեպքում էլ շարունակում են բժշկի չդիմել, եւ այդպես էլ ավելի սրում հիվանդությունը:
Էնդոկրինոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ օգտագործել յոդ պարունակող սննդամթերք, եւ վատ զգալու դեպքում ժամանակին դիմել բժշկի:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ