«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Փետրվարի 9-11-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) կազմակերպվել էր հայ-ռուսական հարաբերությունները թեմայով գիտաժողով` նվիրված պատմաբան, պրոֆեսոր Զավեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին, որը լրացավ այս տարվա հունվարին: Զավեն Գրիգորյանը ստեղծել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատմագիտական դպրոցը, նրա աշխատություններից են «Ռուս եւ հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը», «Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին», «Հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Հայ-ռուսական հարաբերությունների մասին Զավեն Գրիգորյանը գրել է 10-12 մենագրություն, չհաշված հոդվածները:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՊՄՀ-ի ռեկտորատը եւ համաշխարհային պատմության ամբիոնը, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարբեր համալսարանների դոցենտներ, գիտությունների թեկնածուներ, դոկտորներ:

«Գիտաժողովը կազմակերպվեց ոչ միայն գիտության զարգացմանը նպաստելու, այլեւ հայ դիվանագետներին ու պետության ղեկավարներին օգնելու նպատակով: Գիտաժողովին ներկայացված շատ նյութեր հրատարակվելու են, եւ պետության ղեկավարներն իրենց սեղանին ինչքան շատ ունենան Հայաստանի եւ այլ պետությունների հարաբերություններին վերաբերող նյութեր, այնքան կնվազի նրանց սխալվելու հնարավորությունը», ասաց համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Ղլեչյանը :

Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը: Ամսի 9-ի նստաշրջանում եղավ 11 զեկուցում, որից երկուսը նվիրված էին Զավեն Գրիգորյանի գործունեությանն ու ժառանգությանը:

Ըստ Վալերի Ղլեչյանի` Զավեն Գրիգորյանն իր աշխատություններում զարգացրել է այն տեսակետը, որ 1828 թվականին Հայաստանի միացումը Ռուսաստանին, եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումներն ունեցել են միայն դրական նշանակություն Հայաստանի համար:

«Այսօրվա քաղաքական ֆոնի վրա մենք վերաիմաստավորեցինք Զավեն Գրիգորյանի աշխատությունները», ավելացրեց Վալերի Ղլեչյանը:

Գիտաժողովի 2-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արդի քաղաքական գործընթացները, պատրաստվել էին 9 զեկույցներ` «Արցախյան հիմնախնդիրները ռուս-թուրքական հարաբերություններում 1991-1993», «Հայ-ռուսական հարաբերությունների հիմնական փուլերը հետխորհրդային շրջանում»: «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Արմեն Մանվելյանը , որ նույնպես մասնակցում էր գիտաժողովին, պատրաստել էր «Էներգետիկ գործոնը հայ-ռուսական հարաբերություններում» զեկուցումը:

Գիտաժողովի վերջին օրը կազմակերպվեց կլոր սեղան, որի ժամանակ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումները եւ թե ի՞նչ է սպասվում Հայաստանին ապագայում:

«Տարբեր եզրահանգումներ ունեցանք, օրինակ, պաշտպանվեց այն տեսակետը, որ Զավեն Գրիգորյանն իր ժամանակին ճիշտ է եղել: Եզրահանգում եղավ, թե Ռուսաստանը միշտ բացասական դեր է խաղացել հայ ժողովրդի համար, բայց, ընդհանուր առմամբ, տիրապետող էր այն կարծիքը, որ ապագայում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության հիմքի վրա: Ճիշտ է, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն իրավահավասար պայմանագրեր, բայց գործնականում հաճախ այլ բան ենք տեսնում», ասաց Վալերի Ղլեչյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4