Հայաստանը, լինելով փայտանյութով ոչ հարուստ երկիր, այնուամենայնիվ կարողացել է ձեւավորել փայտարվեստի ազգային ավանդույթներ: Փայտարվեստի մոռացված ավանդութների պահպանմանն ու զարգացմանը մեծապես նպաստել է Փայտարվեստի պետական թանգարանը: Քչերը գիտեն, որ Պարոնյան 2 եւ 4 հասցեում տեղակայված այս թանգարանն առայսօր հավատարիմ է մնացել ի սկզբանե ընտրած իր ուղուն: Փայտարվեստի թանգարանն ունի ցուցադրությունների 3 բաժին` հնագույն մշակույթի, քանդակի եւ կիրառական արվեստի : Վերջին երկու բաժինները ներկայացնում են ժամանակակից վարպետների աշխատանքները, որոնք ներկայումս թանգարանը մեծ դժվարությամբ է ձեռք բերում:
«Այսօր փայտագործների աշխատանքը պայմանավորում է շուկան, կան հրաշալի վարպետներ, ովքեր շուկայի պահանջներից ելնելով, փոխել են իրենց ոճը, հիմա բարձրարժեք արվեստի գործեր գտնելը շատ դժվար է դարձել, որովհետեւ արվեստին նվիրված փայտագործներ քիչ են մնացել», -ասում է Փայտարվեստի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը :
Այս թանգարանի առանձնահատկություններից է այն, որ քանդակագործների, նկարիչների, ճարտարապետների փայտյա ստեղծագործությունները ցուցադրվում են միասին: Փայտյա նմուշներն իրենց մեջ ամբողջացնում է տարբեր արվեստներին բնորոշ հատկանիշները: Դրանք այցելուներին գրավում են իրենց կատարման բարձր վարպետությամբ, սիմվոլիկայով, գաղափարի ու կերպարի միասնությամբ:
Ըստ Մելանյա Միրզոյանի` թանգարանը փայտագործության հին նմուշներ ձեռք է բերում անհատներից, օրինակ, կարող է դրված լինել սեւ շուկայում, վերնիսաժում եւ երբեմն պատահում է, որ վաճառողն էլ չի հիշում, թե դա ո՞նց է հայտնվել իր ձեռքի տակ: Թանգարանը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ ու հեղինակային ցուցահանդեսներ, ինչպես նաեւ թարմացնում մշտական ցուցադրությունները:
«Մենք իրականացնում ենք նաեւ կրթական-ուսուցողական ծրագրեր, օրինակ, աշխատում ենք տարբեր մարզերի պատանեկան ակումբների հետ: Թանգարանի աշխատակիցները գնում են մարզեր , եւ այնտեղ պատանիների հետ անցկացնում կարպետագործության, փայտագործության, խեցեգործության դասընթացներ»,- պատմում է Մելանյա Միրզոյանը:
Արդեն պատրաստ է թանգարանի այս տարվա ցուցադրությունների ծրագիրը: Առաջիկայում լինելուեն հետեւյալ ցուցադրությունները.
- մարտի 5-ին` երաժշտական փողային եւ լարային փայտե գործիքների ցուցադրություն
- մայիսի 18-ին` փայտե փորագիր դռների ցուցադրություն
- հուլիսի 9-ին կներկայացվեն փայտագործության հին գործիքների հավաքածուն
- օգոստոսի 14-ին` Գրիգոր Բայբուրտցյանի փայտյա աշխատանքների ցուցադրություն:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ