Կորեայի դեսպանը Հայաստանից հեռանում է հայ-կորեական համագործակցությանը Սեուլից էլ աջակցելու ցանկությամբ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Քյու-Հյունգ Լին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Երեկ նա Երեւան այցելությանը հանդիպել է Հայաստանի վարչապետին, նաեւ արտգործնախարարին: Կառավարության պաշտոնական կայքէջի համաձայն, վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-կորեական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Անդրադառնալով առեւտրատնտեսական համագործակցությանը` վարչապետն անհրաժեշտ է համարել իրավական դաշտի ձեւավորումը, գործարարների միջեւ անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ կորեական ընկերությունների ներդրումների խրախուսումը Հայաստանում մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում, ինչպես, օրինակ, կորեական ընկերության մասնակցությունը Երեւանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով երկաթգծերի նախագծման եւ կառուցման կորեական հարուստ փորձը` Հայաստան-Իրան երկաթուղին նույնպես կարող է հետաքրքություն ներկայացնել կորեական ընկերությունների համար:
Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Քյու-Հյունգ Լիի գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ: Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ներդրման` Քյու-Հյունգ Լիին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:
Ներկայացնում ենք Կորեայի դեսպան Քյու-Հյունգ Լիի հարցազրույցը «Ազգին»` հիմնական տպավորությունների մասին:
- Պրն դեսպան, ավարտում եք Ձեր առաքելությունը որպես Կորեայի դեսպան Ռուսաստանում եւ Հայաստանում: Դեսպանի պաշտոնում Ձեր վերջին այցելությունն է: Ի՞նչ օրակարգ ունի այս այցելությունը:
- Սա արդեն վեցերորդ այցելությունս է Հայաստան: Կարելի է համարել, որ մեր երկրների հարաբերությունները սերտացել են վերջին երեք տարում: Որպես դեսպան ես այստեղից մեկնում եմ, բայց կուզենայի կրկին տեսնել իմ այստեղի մտերիմներին, ծանոթներին: Հանդիպել եմ Հայաստանի վարչապետին, նաեւ արտգործնախարարի, էներգետիկայի նախարարի, Հայաստանում Կորեայի պատվավոր հյուպատոս Արմեն Աբրահամյանի հետ: Մենք բոլորս համաձայնեցինք, որ մեր երկրների հարաբերություններն իսկապես ավելի սերտ են դարձել` առավել հեռանկարային ապագայով:
- Որո՞նք են հայ-կորեական հարաբերությունների զարգացման հիմնական ներուժ ունեցող ոլորտները:
- Ամենից առաջ պետք է զարգացնել մարդկանց փոխանակման ուղղությունը: Ներուժ ենք տեսնում նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության համար, քանի որ կա կորեական ընկերության մասնակցության օրինակը Երեւանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը, ինչի առնչությամբ իր գոհունակությունը հայտնել է Հայաստանի վարչապետը: Իմ տեղեություններով, Հայաստանին դեռ պետք կլինեն նման էլեկտրակայաններ, որոնց շինարարությանը ցանկալի կլիներ կորեական ընկերության մասնակցությունը, որն արդեն Հայաստանում աշխատելու փորձ ունի: Հայաստանի վարչապետին ներկայացրել եմ Կորեայի կառավարության կողմից մի շարք, այդ թվում` տեխնիկական օգնության, ծրագրերի իրականացումը` առանձնակի կարեւորելով «Կորեական միջազգային համագործակցություն» (KOICA) կառավարական գործակալության կողմից 1994 թվականից սկսած Հայաստանի պետական ծառայողների համար տարբեր դասընթացների կազմակերպումը: Հույս ունեմ, որ այս ծրագրով մարդկանց փոխանակմամբ ավելի շատ հայեր կմասնակցեն` ընդլայնելով համագործակցությունը:
- Ինչպե՞ս է Կորեան վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացին եւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը:
- Ես ուրախ եմ առաջընթաց տեսնելու հայ-թուրքական հարաբերություններում: Հույս ունեմ, որ Արձանագրությունները հնարավորինս շուտ կվավերացվեն, ու երկու երկրները կկարողանան կառուցել իրենց հարաբերությունները: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ապա իմ կառավարությունը հստակորեն արտահայտել է իր մոտեցումը. մենք ցանկանում ենք տեսնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ու շրջանակներում:
- Երեք տարի դեսպան լինելովՙ ինչպե՞ս կգնահատեք հյուպատոսության աշխատանքը, հատկապես որ վերջերս նշվեց հյուպատոսության հիմնադրման 5-ամյակը:
- Նախորդ տարի մենք բարձր գնահատական տվեցիք հյուպատոսության աշխատանքին, մեր արտգործնախարարությունը պարգեւատրել է պատվավոր հյուպատոսին, որի աջակցությամբ դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին կորեական մշակութային հարուստ ծրագիր ներկայացվեց Հայաստանում: Նաեւ պատվավոր հյուպատոսության օգնությամբ ու աջակցությամբ է, որ, չնայած փոքր ծավալներին, բայց մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է: Սովորաբար պատվավոր հյուպատոսության համար մեզանում հինգ տարի ժամկետ է նախատեսված, դեկտեմբերին այդ ժամկետը լրացել է Հայաստանում պատվավոր հյուպատոսի համար, բայց ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվել է, ինչն էլ վկայում է հյուպատոսության աշխատանքը բարձր գնահատելու մասին:
- Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեզ համար` այցելությունների տպավորություններով:
- Այս այցելությամբ ռեստորաններից մեկում էինք, հայկական երաժշտություն էր հնչում, ու թեեւ առաջին անգամ էի լսում, բայց շատ հարազատ զգացի: Հայկական պարերն էլ ես փորձում եմ նմանակել, պարել, թեեւ այնքան էլ լավ չի ստացվում: Մեր դեմքերը տարբեր են. հայերը մեծ աչքեր ունեն ու քիթ, բայց հոգով ու մշակույթով մենք մոտ ենք: Արարատ լեռը ձեզ համար յուրահատուկ է, այդպիսի լեռ ունենք Հարավային Կորեայում, ու ես զգում եմ այն, ինչ հայերը` Արարատին նայելիս: Մեր ժողովուրդների պատմության մեջ էլ նմանատիպ պահեր կան: Ես իմ դիվանագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ երկրներում եմ ծառայել ու այցելել, բայց առաջին անգամ է, որ որեւէ երկրում լինեմ վեց անգամ: Սեուլ վերադառնալով ես կաշխատեմ նպաստել հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի հետ Ձեր կապն ապագայում:
- Որպես դիվանագետ սա իմ վերջին առաքելությունն էր: Ես վերադառնալու եմ Սեուլ: Մեր խորհրդարանում հայ-կորեական բարեկամության խումբ կա, ինչպիսին չկա սոցիալական ոլորտում: Եթե նման միություն բացվի, ապա ես որեւէ կերպ մասնակից կդառնամ այդ նախագծերին:
- Օգտվելով առիթից` պրն Աբրահամյան, Դուք ինչպե՞ս կգնահատեք ձեր համագործակցությունը:
- Վերջերս նշեցինք պատվավոր հյուպատոսության հնգամյակը: Պարոն Լիի հետ ամենաերկար համագործակցությունն է ու արդյունավետը` երեք տարի: Շնորհակալությամբ պարոն դեսպանից եւ Կորեայի արտգործնախարարությունից` ասեմ, որ փորձում ենք անել հնարավորը: Պրն Լիի հետ մեր աշխատանքային համագործակցությունը ձեւավորել է նաեւ ընկերական հարաբերություններ, ու ափսոս, որ Կորեայի կանոններով երեք տարին է դեսպան լինելու ժամկետ, այլապես մեր համագործակցությունը կշարունակեինք: Կորեայի դեսպանի հետ աշխատանքի ընթացքում ես նաեւ սովորել եմ ինչպես դիվանագիտական, այնպես էլ համագործակցային հարաբերություններում անհրաժեշտ ամենը ու վստահ եմ, որ այս երեք տարվա աշխատանքը ամուր հիմք է հետագա համագործակցության ու հայ-կորեական հարաբերությունների զարգացման համար: