«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


ԱՐՏԱՔԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԱԾԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ

Ղարաբաղի խնդիրը չեխական հեռուստատեսության եթերում

Չեխ հեռուստալրագրող Պետրուշկա Շուստրովան եւ իր թիմն անցած տարվա ամռանը Երեւանում, Բաքվում եւ Լեռնային Ղարաբաղում նկարահանեցին եւ այս տարվա հունվար ամսվա ընթացքում չեխական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակեցին «Հարավային Կովկասի ցավոտ կետերը» երեք մասանոց ֆիլմըՙ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին: Ֆիլմերից առաջինը նվիրված էր Ադրբեջանի տեսակետին, երկրորդըՙ Ղարաբաղի, եւ երրորդըՙ Հայաստանի: Նշված հաջորդականությամբ էլ ֆիլմերը ցուցադրվեցին չեխական հեռուստատեսությամբՙ շաբաթական պարբերականությամբ:

Ի տարբերություն «Եվրոնյուզ» հեռուստաընկերության աղմուկ հանած ռեպորտաժների, որոնցից մեկըՙ Ղարաբաղ- Հայաստանը, եթեր էր գնացել 2009-ի նոյեմբերին, իսկ ադրբեջանականըՙ այս տարվա փետրվարին, եւ հատկապես վերջինում ոչ մի խոսք չկար հայկական տեսակետի մասին, ապա այս երեք չեխական ֆիլմերն էլ սկսվում էին հակամարտության մասին կարճ բացատրությունիցՙ իբրեւ խորհրդանիշ վերցնելով Բաքվից ոչ հեռու գտնվող Յան Արդաք բնակավայրը, ուր Հնդկաստանից կրակ են բերում, ինչը պատերազմի խորհրդանիշն է: Ֆիլմի հեղինակի կարծիքով, կողմերից յուրաքանչյուրն այնպես է ներկայացնում խնդիրը, որ կարծես տարբեր կոնֆլիկտների մասին են խոսում: Հայերն ասում են, որ ազատագրել են, ադրբեջանցիներն ասում ենՙ օկուպացրել են: Հակամարտությունը տվել է 25 հազար զոհ, 10 հազար վիրավոր, մեկ միլիոնից ավելի փախստական: Հեղինակը սեփական կարծիքը չի պարտադրում հեռուստադիտողին, այլ ձայնը տալիս է տեղացիներին: Ադրբեջանական կողմը բնականաբար խոսում է հայկական տարածքային ագրեսիայի մասին, ցույց են տալիս խեղճ ու կրակ փախստականներին, որոնք երազում են վերադառնալ իրենց տները, իսկ ադրբեջանցի դիվանագետն ավելի առաջ է գնում եւ հայտարարում սադրիչ մի միտք, որպեսզի դրանով հայերի դեմ տրամադրի նաեւ արեւմտյան հեռուստալսարանինՙ «Հայերը ապրում են աշխարհի ութսունից ավելի երկրներում, եւ պատկերացնում եք, եթե ամեն տեղ նրանք ցանկանան իրենց առանձին պետությունը հռչակել», ասում է նա, իսկ Լեյլա Յունուսովան ՙ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչը, ավելի է առաջ գնում եւ հայտարարում, որ Ղարաբաղի 110 հազար ղարաբաղցիների պատճառով տուժեցին ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները: Հին, ծամծմված մտքեր, որ հնչում են նորից ու նորից: Այլ զրուցակիցներ էլ պնդում են, որ եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծվի, իրենք պատերազմ կսկսեն: «Մենք հայերին ոչ մի մետր հող չենք տա», ասում է նրանցից մեկը:

Պետք է ընդգծել, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերում խոսում են հիմնականում ոչ կառավարական կազմակերպությունների եւ հատկապես Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները: (Ֆիլմի ստեղծմանը երեք հանրապետություններում աջակցել են Վահիդ Գազին, Կարեն Օհանջանյանը եւ Անահիտ Բայանդուրը): Հաջողված պետք է համարել Ղարաբաղի ֆիլմը, ուր հակամարտության ողջ պատմությունն ու լուծման տարբերակներն են առաջարկում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը (Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, խնդիրը չի լուծվի), նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը (Բաքվից ու Սումգայիթից եկած փախստականների մասին եւ կովկասյան տան մասին), Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը (Արցախի պատմության եւ հայկական ժառանգության մասին), Հելսինկյան կոմիտեից Կարեն Օհանջանյանը եւ հասարակ այլ քաղաքացիներ:

Ի դեպ, Օհանջանյանի խոսքը թեեւ ընդհանուր առմամբ լավ էրՙ «Միջազգային հանրությունը պետք է Ճանաչի ԼՂՀ անկախությունը», «20 տարում նոր սերունդ է աճել Ղարաբաղում, որը չի էլ կարող Ադրբեջանի կազմում ապրել», սակայն մի կետում քաղաքական մեծ սխալ է թույլ տալիսՙ ասելով, թե այնտեղ հրեաների, աղվանների եւ պարսիկների սերունդներն են ապրում, եւ դժվար է խոսել հայերի մաքուր արյան մասին: Հասկանալի է, որ բացի հայերից, այլ ազգեր էլ են ապրել Ղարաբաղում, բայց Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու մարմաջը մեր շատ հասարակական-քաղաքական գործիչների ինքնամոռացության է մատնում: (Կարծես թե Եվրոպայում ապրողների արյան մեջ միայն տեղացիների արյունն է): Եվ բնականաբար, նման «թանկարժեք» մտքերը օտար լսարանում այլ ազդեցություն են ունենում: Ինչպես, օրինակ, Դավիթ Շահնազարյանը կամ Հելսինկյան խմբից Մարտիրոսյանը Ղարաբաղի խնդրի լուծումը կապում են առավելապես երկրի ավտորիտար ռեժիմի կամ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունների հետ: Իհարկե, շատ լավ կլիներ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում եվրոպական դեմոկրատիա լիներ, բայց դա ոչ մի կապ չունի Ղարաբաղի խնդրի լուծման հետ: Կարելի է երեւակայել, որ եթե Ադրբեջանում դեմոկրատ ղեկավար հայտնվի, պետք է սիրով ասի. «Սիրելի հայեր, վերցրեք Ղարաբաղը հանուն մեր տարածաշրջանի ժողովրդավարության»: Դա լիակատար միֆ է: Հակառակը, խնդիրը պետք է դրվի այլ տեսանկյունիցՙ «Որքան իշխանությունները վայելեն ժողովրդի վստահությունը, այնքան իրենց համար հեշտ կլինի լուծել Ղարաբաղի խնդիրը»: Ի դեպ, Ադրբեջանական մասում իրենց երկրում տիրող ավտորիտար վիճակից խոսում է միայն ընդդիմադիր, նախկին վարչապետ Իսա Ղամբարը: Եվ եթե ադրբեջանական ֆիլմում նույնիսկ գովում են իրենց իշխանություններին, որ նրանք ամեն ինչ անում են փախստականների համար, խոսում է պետական չինովնիկըՙ դիվանագետը, ապա Հայաստանի հատվածում ոչ մի պետական պաշտոնյա որեւէ տեսակետ չի արտահայտում: Սա կամ ֆիլմի հեղինակների, կամ էլ նրանց հայ ուղեկիցների բացթողումն է: Պետք է մեկընդմիշտ հիշել, անկախ տվյալ պահին բարիկադների որ կողմում ես կանգնած, նախ պետք է մտածես քո ազգի, պետության եւ ժողովրդի ապագայի մասին:

Դավիթ Շահնազարյանը տարածաշրջանի ապագան տեսնում է Եվրատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում եւ կողմնակից է Ռուսաստանի դերի նվազեցմանը: Ի տարբերություն վերջինիս, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսում է բուն Ղարաբաղի խնդրի մասինՙ անդրադառնալով պատմությանը եւ կոչ անլով ադրբեջանցիներին Ղարաբաղի տարածքում ցույց տալ հայկական քրիստոնեական հուշարձաններից ավելի հին ադրբեջանական հուշարձաններ:

Համոզիչ էր նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մոտեցումը, ով նույնպես լինելով տարածաշրջանի եվրոինտեգրման կողմնակից, միեւնույն ժամանակ նշում է, որ քանի դեռ ոչ մի աշխատանք չի տարվում եւ, բացի նախագահական մակարդակից, ոչ մի տեսակի շփումներ չկան երկու երկրների միջեւ, բնականաբար անհնար է նաեւ առանց այդ հասարակությունների կարծիքների նախապատրաստման որեւէ խնդիր լուծել, առավել եւս` Ղարաբաղի հարցը: Այս հարցում երեւանցի երիտասարդ սոցիոլոգ Գայանեի տրամաբանված եւ փաստարկված խոսքը մի շարք քաղաքական գործիչների համար կարող է դաս հանդիսանալ: Գայանեն պարզորշ նշում է, որ քանի դեռ ադրբեջանական քարոզչական ապարատը երեխաներին սովորեցնում է հայերին ատել կամ սպանել, դժվար թե այդ հասարակությունը պատրաստ լինի հարցի լուծմանը: Եվ այս պայմաններում տարածքների վերադարձը ոչ թե կլուծի հարցը, այլ նոր պատերազմի առիթ կտա: Իսկ Ստեփանակերտից մի բժշկուհու միտքն ընդհանրապես կարող է բնաբան դառնալ ողջ եռագրության համար. «Աշխարհում չկա որեւէ երկիր, որն արյամբ ազատագրի իր հողը, հաղթի պատերազմում եւ հետո խնդրի, որ իրեն հանգիստ թողնեն»:

Ամփոփելով` ընդհանուր առմամբ, ֆիլմաշարը պետք է հաջողված համարել, սակայն ապագայի համար նշենք նաեւ, որ արտաքին աշխարհի համար նման նուրբ թեմայով մեկնաբանություն տալիս պետք է նախ եւ առաջ մտածել դրա ունեցած դրական կամ բացասական հետեւանքների մասին:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4