Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերության սպասարկման բոլոր կենտրոններում սկսվել է «ՄՏՍ 236» կոչվող բջջային հեռախոսների վաճառք: Այն իր տեսակի մեջ հայաստանյան շուկայում առաջարկվող բջջային առաջին հեռախոսն է: Մոդելը չինաստանյան ZTE կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար եւ «ՄՏՍ» բրենդի ներքո կվաճառվի երկու օպերատորների ռազմավարական գործընկերության շրջանակներում: «ՄՏՍ 236»-ը հիմնական հնարավորություններով օժտված հեռախոս է, որի արժեքը կազմում է 11900 դրամ:
«Դասական ոճի, օգտագործման տեսանկյունից դյուրին հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով եւ առօրյա հաղորդակցմանն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այն կարող է օգտագործվել միայն «Վիվասել-ՄՏՍ» ընկերության SIM քարտերի հետ: Հեռախոսի ձեռքբերման դեպքում տրվում է նաեւ մեկ տարվա երաշխիք», ասված է «Վիվասել-ՄՏՍ»-ի հաղորդագրության մեջ:
«Մենք շարունակելու ենք ընդլայնել մատչելի հեռախոսների առաջարկվող տեսականին: Այս մոդելը նախատեսված է երկրի ոչ բարձր եկամուտ ունեցող բնակչության համար, ում անհրաժեշտ են բջջային հաղորդակցության պարզ լուծումներ: Նման հեռախոսն առավել հարմար է թոշակառուներին, ուսանողներին եւ բարձր դասարանների աշակերտներին: Շուկայի տարբեր հատվածների պահանջները բավարարելու համար առաջիկայում հանդես ենք գալու համանման առաջարկություններով», այս կապակցությամբ նշել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ա. Մ.