«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


ԱԴԱԲԱՇՅԱՆԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԿՏԱՎՆԵՐԻ

Ճանաչված կինեմատոգրաֆիստ, սցենարիստ եւ նկարիչ Ալեքսանդր Ադաբաշյանն այս օրերին մոսկովյան հանրությանը ցուցադրում է իր նկարչական տաղանդի նոր դրսեւորումները` «Արտ-բաշմակ» պատկերասրահում բացված ցուցահանդեսում:

Իր սցենարներով նկարահանված բազմաթիվ ֆիլմերում նա հանդես է եկել նաեւ որպես բեմադրող նկարիչ, ինչպես օրինակ «Սեւ աչեր» ֆիլմում, որտեղ բնապատկերների փոխարեն օգտագործված են իր կտավները: «Մի քանի օր Օբլոմովի կյանքից» ֆիլմում սյուրռեալիստական Պետերբուրգը նույնպես նկարահանված է Ադաբաշյանի կտավների միջոցով: Նա ասում է, որ սցենար գրելու ժամանակ միշտ էսքիզներ է անում: «Իմ կարծիքով, սցենար գրելիս աչքիդ առաջ պատկերները պետք է երեւան որպես կտավներ, ինչպես դա անում են իսկական գրողները: Այդպես է ստեղծագործել Լեւ Տոլստոյը», ասում է Ադաբաշյանը: Թարգմանաբար ներկայացնում ենք իր արվեստի եւ կինոյի մասին նրա մտքերը` քաղված ռուսական մամուլից:

«Վասիլի Իվանովիչ Չապաեւի պես ես էլ համալսարան չեմ ավարտել: Իմ բոլոր մասնագիտությունները սկսել եմ ենթավարպետ դառնալով: Այդպես նաեւ կինոսցենարի ասպարեզում: Երբեք ոչինչ չէի գրում: Մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչն էր Կոնչալովսկուն դրդել ինձ առաջարկել աշխատելու մի սցենարի վրա, որը պատվեր էր Միջին Ասիայից: Սկսեցի մաղմղել, իսկ նա առանց բարկանալու բացատրեց, որ գրածս բանի պետք չէ, իսկ ես պնդեցի, որ ամեն ինչ հրաշալի է: Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ եմ մտածում ինքս իմ մասին` որպես կինեմատոգրաֆիական օբյեկտի: Իսկապես չգիտեմ: Առհասարակ, կարծում եմ, որ ռեժիսուրան ոչ թե մասնագիտություն է, այլ բնավորության մի ամբողջ պաշար: Ես ինձ ռեժիսոր չեմ համարում: Ավելի ճիշտ, իրականում ռեժիսոր չեմ, այլ նկարիչ: Ռեժիսորական կրթություն երբեւէ չեմ ստացել:

Ընդունված է, որ ռեժիսորն ամենից առաջ պետք է լինի իսկական լիդեր, մարդ` լիապես համոզված, որ իր աշխարհայացքը միանգամայն ճշմարիտ է: Իր ամեն մի ֆիլմում նա պետք է ամբողջացնի ու վերջնակետին հասցնի այն թեման, որի մասին նկարում է: Եթե ֆիլմը սիրո մասին է, ուրեմն` վերջ, այլեւս ոչ ոք այդ թեմայով չպետք է նկարահանի: Թեման փակված է: Իսկական ռեժիսոր է համարվում նա, ով մասսայական տեսարանի համար կարող է հարյուր մարդու մտցնել սառցաջրի մեջ ու նրանց կես ժամ այնտեղ պահելուց հետո ասել.«Ոչ, ավելի լավ է ափում նկարահանել»:

Իսկ ես շատ հպարտ եմ, որ բեմադրող նկարիչ լինելու ընթացքում ոչ մի ծառ չեմ սղոցել: Շատ պարզ ու հասարակ ամեն անգամ առաջարկել եմ փոխել տեսախցիկի դիրքը: Ոչինչ չեմ կոտրել, ոչ մի բան չեմ փչացրել:

Իսկական ռեժիսոր է համարվում նա, ով չի խնայում ոչ իր, ոչ էլ ուրիշի առողջությունը: Այդպիսիների մասին հետո պատմում են, որովհետեւ նրանք շատերին են դուր գալիս: Նկարահանման հրապարակում բոլորը թաքուն տրտնջում են, իսկ հետո հիացմունքով հիշում.«Ա~յ, նա ռեժիսոր էր, ա~յ, ես դա հասկանում եմ»: Խոշոր պլանի համար դերասանին 14 ժամ պահում են սառնամանիքի տակ այն դեպքում, երբ նույն տեսարանը կարելի է նկարահանել հյուրանոցի բակում, բայց... դա է պահանջում ռեժիսուրան: Այդպիսի ռեժիսորի բնութագիր ունենալու հատկություններ ես բնավ չունեմ:

Ինձ համար ամենադժվարն ու հետաքրքրականը հանդիսատեսի զգացմունքները կառավարելն է: Բայց ոչ երբեք նրանց առեղծվածանկարներ լուծել առաջարկելով, այլ բացառապես նրանց մտքի մեջ թափանցելով եւ մտածելու տեղիք տալով: Այդ առումով ինձ չափազանց շատ է օգնել իմ առաջին մասնագիտությունը` կերպարվեստը: Օգնել է այն տեսանկյունից, որ կինոյի համար էսքիզները շատ հաճախ արվում են խիստ պոետիկ ոճով. օդում թռչում է տրակտորը, գյուղում խոտը կապույտ է, ծառը` նարնջագույն, իսկ ձին լողում է ոտքերը վեր տնկած: Ահա այդպիսի գյուղական պատկերներ: Իսկ թե ինչպե՞ս է պետք այդ ամենը նկարահանել, բոլորովին այլ խոսակցություն է: Ինքներդ գլխի ընկեք:

Երբ «պերեստրոյկան» սկսվեց, իմ կարծիքով, բոլոր ուժերը, որ մնացել էին երկրում, պետք էր ուղղել դեպի կրթության ոլորտ: Ամենից առաջ դպրոցական կրթության: Բոլոր համակարգիչների, մեքենաների առջեւ պետք էր նստեցնել պրոֆեսորներին եւ ակադեմիկոսներին` նրանց վճարելով ամենաբարձր աշխատավարձը, որպեսզի նրանք դասավանդեին դպրոցներում: Այդ պարագայում այժմ կունենայինք բոլորովին այլ սերունդ: Կարծում եմ, դա կլիներ ազգային այն գաղափարը, որին ամեն ոք հավանություն կտար: Նույն բանը կառաջարկեի անել կինոյում: Փոքր բյուջեով պսեւդոամերիկյան ֆիլմեր նկարահանելու փոխարեն մեր ամբողջ ուժն ու կարողությունը պետք էր տալ ՎԳԻԿ-ին, որպեսզի կինոյի վարպետներն իրենց վայել վարձավճարով դասավանդեին այդ ինստիտուտում, այլ ոչ թե սեփական գոյությունը պահելու համար նկարահանեին ինչ պատահի: Կինոինստիտուտը պետք է ստանար այն ժամանակվա ամբողջ կինոսարքավորումները: Այդ դեպքում, երեւի թե, կունենայինք ոչ թե մեկ, այլ երկու սերունդ, որոնք այսօր մեզ կգերազանցեին ճգնաժամային վիճակից դուրս գալու իրենց կարողություններով: Այնպես որ, հարցը ոչ թե գաղափարների սովն է, այլ համընդհանուր գաղափարի բացակայությունը:

Մեր կինոյում հիմա երկարաձիգ ճգնաժամ է` առաջացած համաեվրոպական կինոճգնաժամի հոսքից: Կարծես նոր-նոր սկսեցին հասկանալ, որ կինոն նախեւառաջ արտադրություն է: Առհասարակ կինոն ամբողջապես արվեստի տեսակ չէ, որովհետեւ եթե կինոն համեմատենք գրականության, գեղանկարչության, թատրոնի, բալետի եւ երաժշտության հետ, կնկատենք, որ դրանցում մարդու ինքնարտահայտման բացառիկ դրսեւորումները պահանջում են նվազագույն միջոցներ: Երգիչը կարող է բղավել ամբողջ կոկորդով, բանաստեղծը` գրել իր մտքում, նկարիչը` քարանձավների պատերին նկարել: Իսկ եթե կինոյից հանենք երկու առարկա` ժապավենը եւ կինոխցիկը, ապա այն պարզապես կդադարի գոյություն ունենալուց: Հենց այդ պատճառով կինոն կապված է տեխնիկական առաջընթացի հետ: Հիմա էլեկտրոնային կրիչներն ավելի կատարյալ են ժապավենից, իսկ դա նշանակում է, որ նախապատվությունը առաջինին է տրվելու: Վիրտուալ բոլոր հնարավորությունները կփոխարինեն նկարահանումների ավանդական ձեւին, տաղավարներին, կոստյումներին, սոսնձված մորուքներին: Ի վերջո, 15 տարի անց, ամեն մեկն իր տան համակարգիչով իր համար ֆիլմ կհորինի, որում հանդես կգան Մերիլին Մոնրոն, Յուրի Նիկուլինը, Չարլի Չապլինը: Մի խոսքով, ով ինչպես հարմար կգտնի, ում խելքին ինչ կփչի, կմնա միայն մեկ անհրաժեշտություն` հորինել պատմություններ»:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4