ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայ-թուրքական Արձանագրություններն արդեն Հայաստանի խորհրդարանում են` վավերացման ընթացակարգ սկսելու համար: Ազգային ժողովում դրանք ներկայացնելու համար Հայաստանի նախագահը ներկայացուցիչ է նշանակել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
Նախագահ Սարգսյանը «Չեթըմ Հաուզի» իր ելույթի ժամանակ ասել էր, որ եթե հաստատվեն այն կասկածները, որ Թուրքիան ուզում է ժամանակ ձգել, Հայաստանը ստիպված է լինելու դադարեցնել գործընթացը: Միաժամանակ` Հայաստանի նախագահը, որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական ղեկավար, բացառել էր Արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանի խորհրդարանում: Իսկ, օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն տեսակետը, թե Արձանագրությունները խորհրդարանում կմնան (երեւի` առանց քննարկման)` մինչեւ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի դրանք, ցույց են տալիս, թե Արձանագրությունները դեռ երկար կշջեն խորհրդարանական առանձնասենյակներում: Նախագահի ելույթը խորհրդարանի վրա ճնշման ձեւ էր համարել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը , կողմնորոշող` Ստյոպա Սաֆարյանը : Խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը , որն առավել լավ գիտե խորհրդարանական աշխատանքի եւ քվեարկությունների տրամաբանությունը, երեկ համոզված էր, որ երբ բանը հասնի քվեարկության` ամեն ինչ կլինի այնպես, ինչպես «բոլորս գիտենք», այն է` քվեարկությունը լինելու է պարտադրականՙ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերի պատգամավորների համար: Միաժամանակ Տ. Թորոսյանը եւս նախագահ Սարգսյանի ասածը` Հայաստան խորհրդարանում վավերացումը չբացառելու մասին, ճիշտ չի համարում` սա հակասում է պատգամավորական մանդատի հրամայական չլինելու սահմանադրական ճշմարտությանը:
Երբ Հայաստանի կառավարությունն արագ-արագ հավանության արժանացրեց միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություն նախատեսող այն նախագիծը, որով պայմանագիր ստորագրող կողմը, մինչեւ ստորագրված պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք է ստանում որեւէ պահի դուրս գալ պայմանագրից, հասկանալի դարձավ, որ սա հենց հայ-թուրքական Արձանագրությունների հետ կապված անկանխատեսելի իրավիճակների համար է, ասենք` «ողջամիտ ժամկետները», կամ Հայաստանի ՍԴ որոշման մասին Թուրքիայի կողմից Հայաստան ինչ-որ թուղթ ուղարկելու պարագան եւ այլն: Այսինքն` չնայած նախագահի` վավերացման չբացառման բարձրաձայնումին, այնուամենայնիվ Հայաստանը պատրաստ է բոլոր անկանխատեսելի իրավիճակներին: Գալուստ Սահակյանն ինքնաբուխ օգտագործել էր` «Սպասում ենք բաժակը մինչեւ վերջ լցվելուն» միտքը: Չնայած կարծիքներ են հնչել նաեւ, որ այս նախագծով Թուրքիային վախեցնում են, թե` վավերացրու, թե չէ մեկ էլ տեսար` փոշմանեցինք:
Հայաստանի նախագահը «Ալ Ջազիրային» ասել էր, թե ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում Արձանագրությունների վավերացումը, եւ որպես խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի առաջնորդ` կրկին բացառել էր առանց նախապայմանների արձանագրությունները Թուրքիայի վավերացումից հետո Հայաստանի Ազգային ժողովի կողմից դրանք չվավերացնելը:
Սակայն Արձանագրությունների մասին տարամետ կարծիքների հայտնումը Հայաստանում եւս կարծես երկրորդ շնչառություն է հավաքում, ընդ որում` հոռետեսությունն առավել մեծ դրսեւորումներ է ձեռք բերում անգամ իշխանական շրջանակներում:
Երեկ Տիգրան Թորոսյանն առավել մեծ է համարել Արձանագրությունները չվավերացնելու հավանականությունն այժմ, քան երբեւէ ողջ գործընթացի ընթացքում եղել է. ըստ նրա` ՍԴ որոշման հետեւանքով ստեղծված նոր իրավիճակում, քանի որ ՍԴ-ն որեւէ դիրքորոշում կամ մեկնաբանություն հայտնելու լիազորություն չուներ: Թուրքիայի կողմից Արձանագրությունները վավերացնելու գործիք Թորոսյանը համարեց ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի առկայությունը եւ այն հնարավորությունը, թե Օբաման գուցե արտասանի «ցեղասպանություն» բառը, այսինքն` էլի ճնշումները, բայց` միջազգային: Թուրքիան, փաստորեն, ինքնուրույն չի վավերացնի Արձանագրությունները:
Զուգահեռ նկատենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Բաքվում հույս է հայտնել, թե 2010 թվականը շրջադարձային կլինի ղարաբաղյան կարգավորման համար, իսկ Քաթարում Էրդողան-Քլինթոն հանդիպման ընթացքում, թուրքական լրատվական աղբյուրների մատուցմամբ, Էրդողանը կրկին հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել է տարածաշրջանային խաղաղության համատեքստում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ արել ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Բայց այս անգամ դա արել է դիվանագիտորեն եւ մեղմորեն: Բայց արել է:
Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ` Արձանագրությունները գլխադասային` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման համար որեւէ ժամկետ նախատեսված չէ: Մտնում է այդ հանձնաժողով, քանի որ սա միջազգային պայմանագիր է` պետք է քննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո դրական կամ ոչ դրական եզրակացությամբ (կանոնակարգն այդ տերմինն է օգտագործում) մտնում է լիագումար նիստ` քառօրյայի օրակարգ: Այստեղ եւս անընդհատ հետաձգվելու հնարավորության մասին մեր հարցին` Ս. Նիկոյանը պատասխանեց, թե որեւէ բան բացառել չի կարելի, գործընթացը ՀՀ-ում կապված է նաեւ Թուրքիայում իրականացվելիք գործընթացներից. «ՀՀ-ն եղել է հայ-թուրքական հարաբերությունները նախաձեռնողը, եւ ցանկալի կլինի, որ այդ նախաձեռնությունը միշտ իր ձեռքում պահի` լինի իրադարձությունները թելադրողի դերում»:
Սերժ Սարգսյանը ե՛ւ «Չեթըմ Հաուզում», ե՛ւ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում չէր բացառել Արձանագրությունների վավերացումը Հայաստանի խորհրդարանում, մամուլում տեսակետներ եղան, եւ երեկ էլ Տ. Թորոսյանը դա որակեց որպես ճնշման ձեւ խորհրդարանի վրա. «Եթե Սերժ Սարգսյանը դա ասեր որպես հանրապետության նախագահ, ապա կարելի էր հասկանալ եւ կապել սահմանադրության հետ, բայց եթե ուշադրություն դարձնեք` նա ասում է որպես քաղաքական մեծամասնության ղեկավար, եւ թե` Թուրքիան առանց նախապայմանների վավերացնի` չեմ բացառում... նա նկատի է ունեցել, որ Արձանագրությունները բավական մանրամասն քննարկված են, քաղաքական մեծամասնությունը տվել է հավանությունը, եւ քաղաքական մեծամասնության ղեկավարը իրավունք ունի վստահ ասելու այն քաղաքական մեծամասնության տեսակետի վերաբերյալ, որի ղեկավարն ինքն է: Այստեղ սահմանադրական խնդիր, հրամայական մանդատի խնդիր չկա», երեկ նկատեց Ս. Նիկոյանը` ավելացնելով.«Թուրքիան որդեգրել է Արձանագրությունների վավերացումը ձգձգելու եւ ղարաբաղյան խնդրի հետ կապել փորձելու քաղաքականությունը, դա ակնհայտ է, բոլորը տեսնում են, եւ միջազգային հանրությունն է տեսնում եւ բազմաթիվ անգամ զգուշացնում է դրա անթույլատրելիությունը: Մենք մեր վարքագիծը միջազգային հանրության առջեւ պետք է պահենք այնպես, ինչպես բոլոր այս ամիսների ընթացքում, որպեսզի մեր երկիրը շարունակեն ճանաչել իբրեւ պարկեշտ գործընկեր, ինչպես մինչեւ այժմ է եղել, որը պատասխանատու է ստանձնած պարտավորությունների առջեւ: Ես ուզում եմ, որ մենք այդ իմիջը կարողանայինք պահպանել»:
«Ժառանգությունը» խոստանում է ցույցեր` Արձանագրությունները խորհրդարանում լինելու ողջ ընթացքում, ՀՅԴ-ն եւս բողոքի միջոցառումներ եւ Արձանագրությունների վավերացման դեմ քայլեր է ձեռնարկելու. «Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, բնակչության հատված, որոնք դեմ են Արձանագրությունների վավերացմանը` ունենալով մտահոգություններ, բնական է, որ բոլոր հնարավոր մեթոդներով նրանք պետք է դիրքորոշումը հայտնեն, դա իրենց խնդիրն է: Քաղաքական մեծամասնությունն ունի իր խնդիրը, որը պետք է լուծի», այս հակաքայլերով առանձնապես մտահոգ չէր ԱԺ փոխնախագահը:
Այսպես թե այնպես` Արձանագրությունները խորհրդարան ուղարկվելուց հետո նոր իրավիճակ է դրանց շուրջը, եւ Հայաստանում ու Թուրքիայում կրկին այս մասին նոր ուժով կսկսեն խոսել: