Հայաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009 թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:
Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ: Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան՛ տեղանքին եւ կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով:
Հ. Ա.