Փետրվարի 14-ին Քաթարում հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Երբ հանդիպումից անցել էր արդեն 20 րոպե, սենյակ է մտել Քաթարում ԱՄՆ դեսպանը եւ Քլինթոնին տեղեկացրել, որ «այս հանդիպումը պետք է անհապաղ ավարտել, քանի որ ԱՄՆ պետքարտուղարը ուշանում է Քաթարի էմիրի հետ հանդիպումից»: Դեսպանի այս բառերը «դուր չեն եկել» Էրդողանի խորհրդականին, որը անմիջապես ասել է. «Դուք չեք որոշելու, թե որքան տեւի մեր հանդիպումը, դրանով Դուք արհամարհում եք մեր երկիրը»: Հետո ամերիկացի եւ թուրք պաշտոնյաների միջեւ վեճ է առաջացել, որը դարձել է նույնիսկ «բռնցքամարտ»: Միջամտությունից հետո ծեծկռտուքը հաջողվել է դադարեցնել, որից հետո ԱՄՆ դեսպանը դուրս է եկել սենյակից` շրխացնելով դուռը:
Իսկ Քլինթոն-Էրդողան հանդիպման ընթացքում, իհարկե չեն «արհամարհվել» հայ-թուրքական գործընթացները: Էրդողանը եւս մեկ անգամ շեշտել է, որ իր երկիրը Հայաստանի հետ հարաբերություններին նայում է որպես ընդհանուր տարածաշրջանային խաղաղության հաստատման համար միջոցի, որն «անհնար է առանց Ղարաբաղի հարցի լուծման»: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը ընդգծել է, որ Անկարան կարծում է, թե հայ-թուրքական գործընթացները «դժվար են առաջ գնում» Հայաստանի ՍԴ-ի որոշումից հետո: Քլինթոնն, իր հերթին, շեշտել է. «Չնայած բոլոր դժվարություններին, անհրաժեշտ է ակտիվացնել գործընթացը, քանի որ հայ-թուրքական նորմալ հարաբերությունները կարեւոր են ամբողջ տարածաշրջանի համար»:
Հ. Ա.