«Ազգը» անցյալ տարվա համարներում անդրադարձել է Թբիլիսիի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման փաստին: Հենց Թբիլիսիից «Ազգը» տեղեկացրել էր, որ հայկական եկեղեցու վերականգնումը, որը հավաստիացնում էին եւ են վրաց իշխանությունները, անիրականանալի է: Եկեղեցու բեկորները մեքենաներով տարվում էին «դեպքի վայրից», բացի այդ, պահպանված չէ եկեղեցու նախագծային պլանը, որի հիման վրա հնարավոր լիներ գոնե հուսալ Սուրբ Գեւորգի վերականգնումը:
Եվ ահա, հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության պատասխանատու Սամվել Կարապետյանը երեկ նույնպես հայտարարեց, որ Սուրբ Գեւորգի վերականգնումն իրականանալի չէ. «Եկեղեցին վերականգնելու հերթական խոստումը սուտ է, Թբիլիսիում հայկական եկեղեցիները վերականգնելու խոստումներ մենք էլի ենք լսել, եւ այժմ էլ հիմքեր չունենք դրանց հավատալու,- շարունակելով Կարապետյանը նշեց,- Սուրբ Գեւորգը աղյուսաշեն եկեղեցի էր, իսկ այդպիսի եկեղեցիները սովորաբար վերականգնելը անհնարին է լինում: Փլուզվելուց հետո աղյուսաշեն եկեղեցիները միանգամից վեր են ածվում հողակույտի»:
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ Սուրբ Գեւորգի վթարային լինելու մասին հայկական կողմը ահազանգել է դեռ վաղուց: Առաջին ճաքերը եկեղեցու պատերին հայտնվել էին դեռ 1980-ին, իսկ 1990-ին եկեղեցին դասվել էր վթարային շինությունների շարքում: Եվ հիմա այն այլեւս գոյություն չունի հայ-վրացական «ջերմ ու գործնական» հարաբերությունների «շնորհիվ»:
Հ. Ա.