«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


Ո՞Վ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

  «Ազգ» -ը նախորդ համարներում անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող հայկական կազմակերպությունների նախատեսված հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Մենք տեղեկացրել էին նաեւ, որ այդ հանդիպումը հետաձգվել էր, ըստ որոշ տեղեկություններիՙ Վաշինգտոնում տեղացած առատ ձյան պատճառով, իսկ ըստ որոշների էլ` հրավիրված կազմակերպությունների ցանկում ճշգրտումներ անելու համար: Ստացվել է այնպես, որ Հայ օգնության միությունը, որը բազմիցս մասնակցել է ԱՄՆ իշխանությունների հետ հայերին հուզող խնդիրների քննարկմանը, դուրս է հանվել հրավիրյալների ցուցակից:

Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում այս կապակցությամբ իր մտահոգությունները հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը : Պատգամավորը նշեց, որ այդ որոշումը անարդար է, քանի որ. «Կանանց ձայնը բարձրացնող կազմակերպության ներկայությունը հավաքին պարզապես անհրաժեշտություն է, -շարունակելովՙ Պետրոսյանն ասաց,- ՀՕՄ-ը նամակ կգրի ԱՄՆ պետքարտուղարություն` պահանջովՙ վերանայել դիրքորոշումը»:

Ալվարդ Պետրոսյանը նաեւ նկատեց, որ սփյուռքում բոլոր ժամանակներում էլ հայկական ավանդական կուսակցությունները, կազմակերպություններն ունեցել են տարբեր վեճեր. «Սակայն երբ խոսքը գնացել է ապրիլի 24-ի մասին, բոլորը միասնակամ են եղել: Իսկ այժմ ստացվում է, որ հայ-թուրքական հարցերով քննարկումներից զորեղ մի կազմակերպություն է դուրս թողնվում, այն էլ վերոհիշյալ հայկական կազմակերպությունների մասնակցությամբ», ընդգծեց Պետրոսյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4