ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արհեստական թե ոչ, բայց Երկրապահ կամավորականների միության երեկ տեղի ունեցած համագումարի շուրջը նախօրոք հետաքրքրություն էր ստեղծվել: Հատկապես լրատվամիջոցներ էին եղել, որ գրել էին, թե Արամ Սարգսյանը գալու եւ մի ցնցող ելույթ է ունենալու, ենթադրվում էր, որ ամոթանք է տալու «իշխանական» երկրապահներին, որ «անտեր» են թողել իրենց ընկեր (այդ թվում` բանտում) «ընդդիմադիր» երկրապահներին, որոնք, ի դեպ, ներկա չէին համագումարին (Սմբատ Այվազյան, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյան եւ այլք): Բայց Արամ Սարգսյանը համարյա թե միասնության դաս տվեց նրանց, ովքեր աշխարհի բոլոր տեսությունները կառուցում են բացարձակապես ընդդիմադիր պատուհանից: Այդ մասինՙ ավելի ուշ: Ասենք, որ երեկ ԵԿՄ համագումարը Մանվել Գրիգորյանին կրկին ընտրեց միության նախագահ: Մինչ այդ իր ելույթում նա եւս միավորման կոչ էր արել: Ասաց նաեւ, որ երկրապահն իր գլուխը բարձր պահելու պատիվը վաստակել է արյամբ. «Մենք զիջելու բան չունենք, եւ դեռ շատ բան ունենք ազատագրելու», ասաց նա: Նույն նոտայով էր նաեւ ԵԿՄ համագումարին ներկա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը` տարածաշրջանային իրադրությունն, ըստ նրա, թելադրում է մեզ միասնական լինել. երկրապահի հետ կանգնած լինելով պետության կազմավորման ակունքներում` նրա հետ էլ պետք է հաղթահարենք մոտակա խնդիրները:
Համագումարից հետո ասուլիսում ԵԿՄ նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը մի քանի պատասխան տվեց այն հարցերին, որոնք համագումարի դահլիճում էին նաեւ տրվում: Ինչո՞ւ չեն հրավիրվել Տեր-Պետրոսյանի կողմնակից երկրապահները. Մ. Գրիգորյանը պատասխանեց, որ ոչ ոքի էլ հատուկ չեն հրավիրել, եթե մեկն իրեն երկրապահ էր զգում, պետք է գար: Սեյրան Օհանյանը կոչ արեց համախմբվել նախագահ Սարգսյանի շուրջը. «Երկրապահը միշտ էլ համախմբված է եղել պետության, ժողովրդի շուրջը: Սերժ Սարգսյանն այսօրվա ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, ուզեք-չուզեք, ով շատ է խոսում` որ չէ, իրեն հարցրեք, հրամանները ո՞նց են կատարում»: Ղարաբաղյան հարցի փոխզիջումային տարբերակի մասին այսօր շատ են խոսում. «Բայց ինչի՞ն փոխզիջենք, եթե որեւէ մեկը մեր ունի, քուր ունի` սրան-նրան փոխզիջելու, զիջեք, ինչի՞ մասին եք ասում, մարդիկ իրենց անկախությունը ձեռք են բերել, արյուն են թափել դրա համար...: Ես նման բաներն աբսուրդ եմ համարում»:
«Ազգը» հետաքրքրվեց պատերազմի հավանականությամբ.«Պատերազմն անկանխատեսելի երեւույթ է, կարող է լինել: Հավանականությունը ո՞րն է, եթե ուզում ենք պատերազմ չլինի` ավելորդ վիրավորանքներ իրար հասցեի պիտի չխոսենք, միասնական լինենք, ուժեղ լինենք` պատերազմ չի լինի, եթե ցեց ընկնի` պատերազմ մենք ինքներս ենք հրահրում, եթե չենք ուզում, ուրեմն պիտի ամուր ժողովուրդ լինենք, ամուր պետություն ստեղծենք... Ինքներս պիտի պատրաստ լինենք, որ պատերազմ չլինի: Լինելուց էլ` արդեն թող իրենք մտածեն»:
Իշխանական եւ ոչ իշխանական գեներալների մասին` մարտի 1-ի ենթատեքստում. «Դրանք զինվորականներ էին, որոնք պարտավոր էին հրաման կատարել, չկատարեին` ավելի վատ կլիներ իրենց կոչման համար: Միայն էս երկրում ես եմ խելառ եղել, որ հրաման չեմ կատարել: Երեք օր Ռոբերտ Քոչարյանը կանչել է` չեմ գնացել, ես եմ դիմում ուղարկել, որ ինձ ազատեն, իսկ մնացածը պարտավոր էին գնալ ու հրամանները կատարել: Էլ ի՞նչ զինվորական, որ հրամանը չկատարի»: Հարցին, թե էլ ինչ զինվորական, որ սեփական ժողովրդի վրա կրակելու հրահանգ պետք է կատարի, ասաց. «Եթե նման մեկը եղել է, ուրեմն ոչ լավ զինվորական է, ում որ հանկարծ կգտնեք` նա հետուառաջ պատասխան է տալու»: Ու ավելացրեց. «Եթե դուք մտածում եք` Երեւան քաղաքը Ֆիզուլի է կամ ուսումնական կենտրոն, որ էլնենք ծեծենք-ջարդենք, սխալվում եք: Երեւան քաղաքը Ֆիզուլի չէ»:
Սասուն Միքայելյանի հարցը. «Իր ազատության համար ինքը պիտի անի, իրենից բացի ոչ մեկն էլ ոչ մի բան չի կարող անել: Եթե որեւէ մեկը Սասունի նման Սերժ Սարգսյանին մոտիկ է եղել, ամոթ իմ ծծած կաթին. թող դիմի, իրար հետ խոսեն, ինչի են ուրիշներին դեմ տալիս, օրական ընկած, Թագուհի՛ (ՉԻ-ի թղթակցին), Ազգային ժողով, ստե-ընդե բզում-բրդում եք, ավելի էդ մարդուն խորտակում եք... Սասունն ինձ համար մարտական ընկեր է, էս երկրում զասլուժնի տղա է, օրինակ, եթե ինձանից կախված լիներ, ես նրան կազատեի, Սասունին չի կարելի բանտարկել: Քազղբանտարկյա՞լ... Ես Սասունին որպես քաղաքական գործչի չեմ ճանաչում, ես Սասունին որպես ազատամարտիկի գիտեմ, նա պահի տակ քաղաքական երեւույթի տակ հայտնվավ` ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ պահին: Չնայած դեպուտատ եղել է, կարողա...»:
Մ. Գրիգորյանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու լուրերի մասին . «Աստված ոչ անի, որ ինձ նշանակեն, ուրեմն պիտի պատերազմ լինի, որ ինձ նշանակեն, հլա որ վստահ ենք, որ պատերազմ չի լինի»: Տարածք հանձնողին առնվազն «դավաճան» անվանեց:
Նկատեցի՞ք` պահպանեցինք Մանվել Գրիգորյանի խոսքի կոլորիտը: Իսկ այժմՙ Արամ Սարգսյանի վերաբերյալ մեր խոստացածը: ԵԿՄ համագումարի վերաբերյալ Արամ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Ես ուզում եմ, որ այս կառույցը գոնե առաջիկա տարիներին, գոնե մինչեւ ղարաբաղյան հիմնահարցի լուծումն այս կառույցը մնա»: Սերժ Սարգսյանի շուրջը միավորվելու Սեյրան Օհանյանի կոչին արձագանքեց այսպես. «Գիտե՞ք ինչ, ես այդ հարցին պատասխանեցի, երբ ասացի` երկրապահը չի կարող տարանջատ լինել բանակից, որովհետեւ Երկրապահ կամավորականների միությունը հենց Վազգեն Սարգսյանի ժամանակ ստեղծվելով` իր առաջ դրած երեք խնդիրների հիմքով էլ շփվում է բանակի հետ, եւ էս առումով դրական եմ տեսնում երկրապահ եւ բանակ սառած սառույցի մի քիչ մեղմացումը, իսկապես դրական եմ տեսնում: Եթե, օրինակ, նայեիք էն թվաբանությանը, թե ի՞նչ գումարներ են ծախսվել ու ի՞նչ խնդիրների վրա` կտեսնեք, որ էդ գումարները որոշակի տեղեր, որոշակի մարդկանց հասել են, չկա ուրիշ կառույց, որը փորձեր էդ խնդիրներն աներ: Եվ եթե էս համագումարով եւս մի 10 երկրապահի ընտանիքի ձեռք մեկնված լինի, էդ պրոբլեմները (նորից բարձաձայնված այս համագումարում) հասարակության շնչառությանը կհասնեն, իրենք մեծ խնդիր լուծած կլինեն...ես կողմնակից եմ եղածն ավելացնելու, ոչ թե գալու, սրելու, գնալու»: Համագումար չեկած ընդդիմադիր երկրապահների մասով էլ նկատեց. «Ես գտնում եմ, որ նրանք իրար հետ լեզու գտնելու հնարավորություն դեռ ունեն, իմ մասով, եւ Վազգենի եղբայր որպես` պարտավորված եմ զգում այդ խնդիրը հարթելու, ոչ թե սրելու... ես այստեղ ընդդիմադիր չեմ, ես այստեղ երկրապահ եմ, որ էս կառույցի համար սրտով ցավ է ապրում: Ամենամեծ դրաման էսօր իմն է, որ իմ ընկերներն այստեղ չեն, եւ ոչ թե Ձերը (հարց տվող լրագրողներին էր ասում)»: «Ազգի» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է պատերազմի վերսկսումը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր համարում եմ, եթե «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն է, պատերազմի հնարավորությունն ամեն վայրկյան է: Նաեւ ինքս ապրում եմ հենց սահմանի վրա, եւ հենց մեր տարածքում` Երասխում դիրքերի տեղաշարժերն անընդհատ են, եւ զորքերի կուտակումները, էնպես որ գտնում եմ, որ խրամատում իրար կողքի կանգնած նույն երամի տղերքը իրարից նեղանալու իրավունք էսօր չունեն»: Ահա այսպես դաս տվեց Արամ Զ. Սարգսյանը բոլոր երկրապահներին: