«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը երեկ «Փաստարկ» ակումբում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա պահի մասին: Ըստ նրա` Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը, հայ-թուրքական Արձանագրությունները քննարկի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ չպետք է սպասի Թուրքիայի քայլին: Բացի սրանից` անգամ վավերացման երկու սցենար եւս նկարագրեց. ա) վավերացումները երկու երկրների խորհրդարաններում միաժամանակ կատարվեն (սա թեեւ այնքան էլ հավանական չհամարեց), բ) Հայաստանը սպասի, մինչեւ Թուրքիայում Արձանագրությունները վավերացվեն: Նիկոյանը կարծում է, որ մենք Թուրքիային փաստորեն հնարավորություն ենք տալիս, որ աշխարհին ապացուցի, թե եվրոպական արժեքներ դավանող երկիր է եւ անկեղծորեն ուզում է այդ արժեքների մաս կազմել:

Մեկ օր առաջ Ս. Նիկոյանն «Ազգին» ասել էր եւ երեկ էլ կրկնել է, որ եթե Թուրքիան վավերացնի Արձանագրությունները, ապա խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը վճռական է վավերացման հարցում ու շատ նորմալ է, որ քաղաքական մեծամասնությունը պաշտպանում է իր ղեկավարին: Իսկ Թուրքիան, որ հայտարարում է, թե չի կարող ազդել իր խորհրդարանի վրա, կարող է եւ տապալել Արձանագրությունները:

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Արձանագրությունների վավերացման հարցում: Ս. Նիկոյանն անընդունելի է համարում Արձանագրությունների վավերացման ժամկետ նշելը, ասենք` մարտ, ապրիլ. «Եթե համոզված լինենք, որ դա տեղի է ունենալու մայիսին, ի՞նչ է, պետք է հրաժարվե՞նք: Մենք պետք է հետեւենք գործընթացներին` նայելով, թե դրակա՞ն ուղղությամբ են զարգանում, լճացե՞լ են, հետընթա՞ց են ապրում: Կախված դրանից` ողջամիտ ժամկետը կարող է տարբեր ընկալում ունենալ: Այն պետք է համահունչ լինի միջազգային հանրության ընկալումներին», ասել է ԱԺ փոխնախագահը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4