Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի իրագործման գրասենյակը ստեղծվել է 2005-ին ֆինանսների նախարարության համակարգում, նպատակ ունենալով կառավարել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 8,9 մլն դոլար արժողությամբ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիրը եւ 5,2 մլն դոլար արժողությամբ գյուղական ձեռնարկատիրության եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրը: Հետագայում ԳՖԿ-ն սկսեց իրականացնել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» 8,5 մլն դոլար եւ Համաշխարհային բանկի 5,2 մլն դոլար արժողությամբ ծրագրերը:
Անցած 4 տարիներին ԳՖԿ-ի միջոցով վարկեր են ստացել մոտ 1000 գյուղացիական եւ գյուղմթերքներ արտադրող տնտեսություններ: Այս տեղեկությունները ծրագրերի իրականացման ավարտի կապակցությամբ մեզ հայտնեց ԳՖԿ-ի տնօրեն Արա Մուրադյանը : Վարկեր են ստացել բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններն ու գյուղմթերքներ վերամշակողները: Ըստ ոլորտների, առավել շատ վարկեր են ստացել անասնապահական մթերք արտադրողները, ապա կաթնամթերք վերամշակողները, այգեգործական, պտուղ-բանջարեղեն վերամշակող ձեռնարկությունները: ԳՖԿ-ի տնօրենն առանձնացրեց վարկառուների մեջ ջերմոցային եւ ձկնաբուծական տնտեսությունների բաժնի ավելացումը, ասելով, որ այս ոլորտներն արտահանման մեծ ներուժ ունեն: Սակայն կան նաեւ բազմաթիվ խնդիրներ արտադրանքի ստանդարտները եվրոպականի հետ համապատասխանեցնելու առումով: Արա Մուրադյանն այն կարծիքը հայտնեց, որ ջերմոցային բուսաբուծությունն ու ձկնաբուծությունը շուտով կդառնան ԳՖԿ-ի ֆինանսավորման գերակա ուղղություններ:
Խոսելով ծրագրի արդյունավետության մասին, ԳՖԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ այդ նպատակով գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Հռոմի գրասենյակը երեք երկրներումՙ Հայաստանում, Մակեդոնիայում եւ Մոլդովայում իրականացվող ծրագրերի համեմատական հետազոտություններ է անցկացրել: Ըստ այդ հետազոտություններիՙ թեեւ Հայաստանի ծրագիրը մյուս երկու երկրների ծրագրերի համեմատ «երիտասարդ» է, բայց, Արա Մուրադյանի հավաստմամբ, արդյունավետությամբ հավասար է Մակեդոնիայի եւ Մոլդովայի ծրագրերին:
Ա. Մ.