«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2010-02-16 | #27, 2010-02-17 | #28, 2010-02-18


ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայնՙ 2010 թվականին զոհվել է երեք լրագրող: Անգլիական «Սանդեյ Միրոր» թերթի լրագրող Ռուպերտ Համերը, Տոգոյի հանրային հեռուստաընկերության թղթակից Ստանիլաս Օկլուն եւ Մեխիկոյում լույս տեսնող «Զոկալո դե Սալտիլո» թերթի թղթակից Վալենտին Վալդես Էսպինոսան զոհվել են աշխատանքային գործունեությունն իրականացնելիս: Այս տարի զոհվել են եւս չորս լրագրող, սակայն դեռեւս ճշտված չէ, թե նրանց մահը կապ ունեցե՞լ է աշխատանքային գործունեության հետ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է նաեւ 2009 թվականի իր զեկույցը, որի համաձայն նախորդ տարի զոհվել է 70 լրագրող: Կոմիտեն զեկույցներ է պատրաստում վերջին 30 տարվա ընթացքում, եւ 2009 թվականը վատագույնն է եղել վերջին երեք տասնամյակների ընթացքում:

Նախորդ տարի միանգամից 31 լրագրող է զոհվել Ֆիլիպինների Մագուինդանաո շրջանում տեղի ունեցած կոտորածներում: Շուրջ 150 լրագրող այսօր գտնվում է բանտերում: Տասը տարի շարունակ Չինաստանը լրագրողների համար շարունակում է մնալ թիվ մեկ բանտապահը: Ներկայումս այս երկրի բանտերում են շարունակում մնալ 24 լրագրող: Չինաստանին հետեւում են Իրանը եւ Կուբան:

Բի-Բի-Սի-ի հաղորդամբ, լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ մինչ օրս միջազգային հանրության ճնշումն է լրագրողների դեմ բռնության պայքարի միակ արդյունավետ միջոցը: Իսկ կոմիտեի տնօրեն Ջոել Սեյմոնը ընդգծել է, որ թեպետ լրատվության նոր միջոցները` սոցիալական ցանցերն ու բլոգները օգնում են լրագրողներին պայքարել գրաքննության եւ հետապնդումների դեմ, այնուամենայնիվ մի շարք երկրներում, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են, իշխանություններն օգտագործում են այդ միջոցներըՙ հետապնդելու լրագրողներին: Նա նշել է, որ այսօր հրամայական է դարձել նոր մոտեցում մշակել, որը կնվազեցնի զոհերի եւ հետապնդումների թիվը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին` զեկույցի հեղինակները նշել են, որ Հայաստանում ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունները բացահայտելու ուղղությամբ, իսկ հեռուստատեսությունները գտնվում են կառավարության հսկողության ներքո: Նույնն է իրավիճակը նաեւ Վրաստանում, ուր, զեկույցի համաձայն, խոչընդոտներ են ստեղծվում այն լրատվամիջոցների համար, որոնք արտահայտում են ընդդիմության տեսակետը: Ավելի վատ է իրավիճակը Ադրբեջանում, ուր իշխանությանը քննադատող լրագրողները հայտնվում են բանտում: Զեկույցում անդրադարձ է կատարվել 68-ամյա Նովրուզալի Մամեդովին, որը մահացել է բանտում օգնություն չստանալու պատճառով, իսկ նրա խմբագրած թերթը դադարել է լույս տեսնել:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4