«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2010-02-16 | #27, 2010-02-17 | #28, 2010-02-18


ԿՎԵՐԱՀՍԿՎԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ԿԿԱՆԽՎԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Անասնապահության բնագավառում տիրող ներկա վիճակը թելադրում է առավել արագ ընթացք տալ ճյուղի զարգացման ծրագրի մշակմանն ու կյանքի կոչել: Այսպիսի խնդիր է դրել ոլորտի պատասխանատուների առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր մոտ հրավիրած հերթական խորհրդակցության ժամանակ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, վարչապետը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է պարզել, թե ինչ հնարավորություններ ու միջոցներ է պետք ներդնել ճյուղի զարգացման համար: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է անասնագլխաքանակի անկում եւ մսամթերքների գների աճ, ինչը կարող է համարժեք հետեւանքներ ունենալ Արցախում: Տվյալ կապակցությամբ, Արա Հարությունյանը իրավասու կառույցներին հրահանգել է վերահսկել անասնագլխաքանակի վաճառքն ու կանխել արտահանումը: Միաժամանակ խնդիր է դրել խրախուսել խոզաբուծությունը, ինչի շնորհիվ կփոխլրացվի խոշոր ու մանր եղջերավոր անասունների մսի արտադրության հավանական նվազումը: Հարկավոր է տեղերից ստացվող վիճակագրական տվյալները ճշտել, շեշտել է վարչապետը:

Խորհրդակցության ժամանակ ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատրյանը համեմատական ցուցանիշներ է ներկայացրել գյուղատնտեսական արտադրության շարժընթացի վերաբերյալ: Համաձայն այդ տվյալների` գյուղատնտեսությունում առայժմ դրական տեղաշարժ կա միայն երկրագործական մշակաբույսերի արտադրության բնագավառում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4