Հայոց ցեղասպանության եւ Արձանագրությունների մասին
«Ազգ» -ը երեկվա համարում տեղեկացրել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Մեջլիսում հանդիպումներ է ունեցել պատգամավորների եւ լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը բավական խուսափողական պատասխան էր տվել ցեղասպանությանը վերաբերող հարցին: Թուրքական «Միլլիեթ» թերթը որոշ մանրամասնություններ է տվել ամերիկացի դիվանագետի եւ թուրք պատգամավորի հանդիպումից, որը տեւել է մեկուկես ժամ: Նախ, ըստ թուրքական թերթի, մեջլիսականները, դժգոհել են ԱՄՆ-ից ցեղասպանության հարցը Կոնգրես մտցնելու կապակցությամբ: Ինչպես պատկերավոր արտահայտվել է պատգամավորներից մեկը. «ԱՄՆ-ը այդ բանաձեւը դամոկլյան սրի նման պահում է Թուրքիայի գլխավերեւում»: Ի պատասխան թուրք պատգամավորի այս որակավորմանՙ Ջեֆրին նկատել է, որ, նախ, վերոհիշյալ բանաձեւի Կոնգրեսում ընդունման հավանականությունը կազմում է 50 տոկոս, ապա նաեւ շեշտել է. «Եթե բանաձեւն անցնի, ապա բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչպես նախագահ Օբաման էր նշել վարչապետ Էրդողանի հետ անցյալ տարվա հանդիպման ընթացքում, Անկարայի համար միակ ելքը Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելն է: Հետեւաբար Թուրքիան պետք է առանց վերապահումների վավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները»:
Ի պատասխան ԱՄՆ դեսպանի այս հայտարարության, նույն «Միլլիեթի»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Դենիզ Բոլուքբաշը հայտարարել է. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ձեր գործողությունները իրավացի չեն, Ձեր խոսքերում թաքնված սպառնալիքներ կան: Մենք էլ, այդ դեպքում, պահանջում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վնասող մի օրինագիծ բերել Մեջլիս եւ հաստատել: Կառավարությունը կամ պետք է Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները չեղյալ հայտարարի, կամ հենց հիմա մտցնի Մեջլիս ու միաձայն մերժի»:
Իսկ մեկ այլ ընդդիմադիր` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն էլ հարցրել է դեսպանին, թե արդյո՞ք Հայաստանի ՍԴ-ի ընդունած որոշումը վերլուծելուց հետո էլ է ԱՄՆ-ը պահանջում Անկարայից` վավերացնել Արձանագրությունները: «Միլլիեթ»-ի տեղեկացմամբ, ԱՄՆ դեսպանն այս հարցին չի պատասխանել, փոխարենը պատրաստակամություն է հայտնել բոլոր այդ «մտահոգություները» փոխանցել Վաշինգտոն, որը, սակայն, բոլորովին նման չէ «նրան», ով առանց որեւէ փաստաթուղթ վերլուծելու կարող է կրկնել իր իսկ հայտարարությունները. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անկախ դժվարություններից, պետք է առաջ տանել` առանց նախապայմանների»:
Հ. ԱՖՅԱՆ