«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2010-02-16 | #27, 2010-02-17 | #28, 2010-02-18


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Հայ դասական երաժշտությունը ներկայացնող «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ կոմպոզիտոր Արփինե Կալինինան Մոսկվայում օրերս արժանացել է «Տրիումֆ 2009» անկախ բարեգործական մրցանակին: «Տրիումֆը» համառուսական մրցանակաբաշխություն է, որի ժամանակ մրցանակներ են շնորհվում ռուսական արվեստի եւ գրականության մեջ ներդրում ունեցող ստեղծագործողներինՙ անկախ քաղաքացիությունից եւ ազգային պատկանելիությունից: Մրցանակաբաշխության 18 տարվա պատմության մեջ առաջին անգամ է, որ մրցանակ է ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

«Մրցանակաբաշխութունն իր մեջ ներառում է երկու բաժինՙ առաջինում մրցանակներ են ստանում մեծահասակ արվեստագետները, երկրորդումՙ 20 երիտասարդներ: Մրցանակը անվանական շքանշան եւ որոշակի գումար է, որը դեռ չեմ ստացել, գումարի չափն էլ դեռ չգիտեմ», երեկ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Արփինե Կալինինան:

«Կանթեղ» անսամբլը ստեղծվել է 2007-ին, նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունն ակունքներից մինչեւ մեր օրերը: Անսամբլում ընդգրկված են միայն երիտասարդ կատարողներ: Ա. Կալինինան նաեւ անսամբլի դաշնակահարուհին է: Նրան մրցանակաբաշխությունում առաջադրել է «Տրիումֆի» ժյուրիի անդամներից մեկըՙ ռուս գրող Անդրեյ Բիտովը:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2007-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Անդրեյ Բիտովը ներկա եղավ «Կանթեղի» համերգին: Նա առաջարկեց ինձ իր արձակի եւ պոեզիայի հիման վրա գրել երաժշտական ստեղծագործություններ: Այդպես սկսվեց իմ եւ Անդրեյ Բիտովի համագործակցությունը,- պատմում է Ա. Կալինինան,- Անդրեյ Բիտովը երաժշտության մեծ գիտակ է, աշխարհում իր ստեղծագործությունները նա ներկայացնում է նաեւ երաժշտության ուղեկցությամբ: Նա ունի իր երաժշտական խումբը, որտեղ հանդես են գալիս հայտնի երաժիշտներ, օրինակՙ «Տրիումֆի» մրցանակակիր Վլադիմիր Տարասովը»:

«Կանթեղը» չունի հովանավորներ, գոյատեւում է կատարողների եւ ղեկավարի միջոցներով: Անսամբլը հատկապես ներկայացնում է ժամանակակից հայ դասական կոմպոզիտորների գործերը:

Արփինե Կալինինան ցավով նշեց, որ Հայաստանում երիտասարդ կոմպոզիտորներն արհամարհված են, նրանց ստեղծագործությունները գրեթե չեն հնչում, օրինակ Էստոնիայում կոմպոզիտորական բաժնի ուսանողը տարեկան ունենում է 4 համերգ: Հայաստանում ստեղծագործողները գնահատվում են այն ժամանակ, երբ նրանք սկսում են հանդես գալ օտար դրոշների տակ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4