Փետրվարի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձորում» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միությունն ու Ախթալայի քաղաքապետարանը, որոնք ցուցահանդեսի աջակիցներն են, անցյալ տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ նախաձեռնեցին մի միջոցառում, որի ակունքները տանում են դեպի 1952 թվականը: Անցյալ տարի ճանաչված 15 նկարիչներ մեկնեցին Թումանյանի ծննդավայր Դսեղՙ թումանյանական աշխարհը վրձնելու համար: Այդ նկարիչներից ամենաբեղմնավորը եղան Հրանտ Թադեւոսյանն ու Նիկոլ Աղաբաբայանը: Դեռ 1952-ին նույն նպատակով, Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ Դսեղ գյուղ էին մեկնել Հակոբ Կոջոյանը, Մհեր Աբեղյանը, Մարիամ Ասլամազյանը եւ այլք: Այսօր էլ լավագույն ավանդույթը շարունակվում է:
Հրանտ Թադեւոսյանը, ոգեշնչված Լոռվա բնությամբ, ստեղծել է 70 բնանկար: Նկարչիՙ Լոռվա բնաշխարհի նկատմամբ սերը սկսվում է Թումանյանով, շարունակվումՙ Հրանտ Մաթեւոսյանով: Ցուցահանդեսում ներկայացված են Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված շուրջ 20 աշխատանք, որոնց մեջ հատկապես հետաքրքրական էր «Հրանտը» կտավը. գրողը բնության մեջ, բնությունըՙ գրողի:
«Իմ մտածմունքը, փիլիսոփայությունը ես ներկայացնում եմ հոգու ձայնով, ամեն ինչ արվում է հուզականությամբ ու զգացմունքներով, մնացյալը զուտ ձեռքի աշխատանք է, որն ընդամենը լցնում է կտավի քառակուսի սպիտակ տարածքը», ասաց Հրանտ Թադեւոսյանը :
Բացման արարողությանը ներկա էին պաշտոնական անձիք, արվեստագետներ, հոգեւորականներ: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը նկարչին շնորհեց Թումանյանի հետնորդ կոչումըՙ հանրության գեղագիտական ճաշակն ու մտածողությունը բարձր պահելու համար:
«Անտառի փեշին», «Այգում», «Աշուն», «Կարմիր երեկո» եւ ուրիշ շատ կտավներ Լոռվա ձորի գեղանկարչական ինքնատիպ անդրադարձներն են: Հրանտ Թադեւոսյանի գեղանկարչության հիմքը բնությունն է:
«Նրա աշխատանքները պարզ են, սովորական, իսկ ամենապարզը դառնում է հանճարեղ աշխատանք: Ցուցահանդեսի նկարների 60-70%-ի ստեղծմանն անձամբ ներկա եմ եղել: Այս նկարների շնորհիվ մենք սկսում ենք ավելի խորունկ ընկալել Թումանյանի, Մաթեւոսյանի աշխարհներն ու բանաստեղծական Լոռին», նկատեց լոռեցի արձակագիր Վանուշ Շերմազանյանը :
Նկարիչի կտավները գոնե մի քանի ակնթարթով մեզ կտրում են նյութականությունից, կյանքի արագ տեմպերից ու տեղափոխում հոգեւորի ու բնության աշխարհը: Պարզություն, վառ գույների ներդաշնակ համատեղում, նաեւ ազգային ոգի, բոլոր այս հատկանիշները ցույց են տալիս Հրանտ Թադեւոսյանի հայ մարդու տեսակը:
Վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանը , ով նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը նկատեց, որ նկարչի ցուցահանդեսն իր համար ուղղակի հայտնություն է:
«Մեծ նկարչի ու արվեստի հետ ենք հիմա առնչվում, նրա բոլոր գործերն ինձ երջանկություն են պարգեւում, որովհետեւ ամեն մի գործը լցված է սիրով ու վեհությամբ», ասաց Սոս Սարգսյանը:
Ի. Պ.