«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2010-02-17 | #28, 2010-02-18 | #29, 2010-02-19


ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԾԱՆՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայ-թուրքական Արձանագրություններն Ազգային ժողովում հանգրվանելուց հետո Հայաստանի քաղաքական կուսակցությունները նոր ուժով սկսեցին խոսել դրանց մասին: Ակնհայտ մի բան, սակայն, մինչ այդ պահով ծանրութեթեւ անելը, նկատենք. հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաձեռնությունն արդեն բոլորում է տարին, իսկ Արձանագրությունների նախաստորագրումից հետո էլ մի քանի ամիս է անցել, սակայն ոչ մեկը չի կարող ցույց տալ որեւէ փաստարկված փաստաթուղթ, որը ծնել են մեր քաղաքական կուսակցությունները` քաղաքական նպատահարմարության խոսակցությունից զատ թվերով եւ փաստերով ցուցանելով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական նպատակահարմարությունը: Գուցե դրա համար կան շատ օբյեկտիվ պատճառներ, ասենք` Հայաստանի տնտեսությունից սատանան անգամ գլուխ չի հանի` այնքան ամեն ինչ ստվերում է ու հնարավոր չէ օբյեկտիվ հաշվեկշիռ ունենալ:

Սակայն լուրջ ցանկության դեպքում կարելի էր որեւէ լուրջ, ասենք, գոնե առաջնայնությունները, գլխավոր բացասական ու դրական ազդեցությունները ֆիքսել: Այնպես որ երբեմն սկսում ես չհավատալ մեր քաղաքականների լուրջ մտահոգություններին, քանի որ նրանք կենտրոնացել են Արձանագրությունների քաղաքական ենթատեքստերի վրա, կարծես չպատրաստվելով այն տարբերակի համար, որ եթե, այնուամենայնիվ, հայ-թուրքական սահմանը բացվի, անպատրաստ չլինենք եւ կարողանանք համակարգված դրսեւորվել շուկայում, ու ոչ թե սահմանի բացումը տարերային աղետ դառնա Հայաստանի տնտեսության համար:

Երեկ ՀԱԿ-ականան Դավիթ Շահնազարյանն ասում էր, թե միջազգային ատյաններից ստիպելու են, որ Հայաստանն առաջինը վավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները, ու շատ մոտիկ ժամանակում, առանց վերապահումների հայոց խորհրդարանը վավերացնելու է դրանք: Մի խոսքով, ըստ Շահնազարյանի` երկրի նախագահը միանգամից այս հարցում ընկնելու է արտաքին եւ ներքին ճնշման տակ միաժամանակ, ընդհանրապես` հայ-թուրքական նախաձեռնությունը իշխանության հերթական սխալ որոշումն է: Մի կողմ թողնենք սխալն ու ճիշտը` սա սովորական ընդդիմախոսություն է բոլոր պարագաների համար, բայց որ խորհրդարանը շատ արագ կվավերացնի Արձանագրությունները, դա, մեղմ ասած, այնքան էլ չի ուրվագծվում: Ստորեւ մի քանի նկատառումներ այդ են վկայում:

Նախ, որ ճնշումներ կան եւ դեռ կլինեն, անզեն աչքով էլ տեսանելի է` րոպեում 1 անգամ արագությամբ միջին կամ չափավոր կալիբրի արտերկրյա որեւէ պաշտոնյա տարբեր հանդիպումների, սեմինարների, պաշտոնական եւ անպաշտոն ճաշ-ընթրիքների ժամանակ խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կօգնի տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Նկատենք` նա՛խ նկատի ունեն այն երկրի խնդիրները, որոնք իրենք ներկայացնում են: Ու նայած շեշտադրումներին, այդպիսի կարծիքները կարելի է կամ ճնշման ձեւ անվանել, կամ բարեկամական խուտուտ:

Սակայն մերոնց ընդդիմախոս հատվածը շարունակում է շարժվել դիմակայությունների ճանապարհով. ՀՅԴ-ն ԱԺ նախագահին առաջարկելու է հարցը չընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ, մինչեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արձանագրությունները քննարկվեն եւ եզրակացություն ստանան: Չնայած պարզ է, որ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի գլխավորած արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձայների հարաբերությունն այնպիսին է, որ հազիվ թե դրական եզրակացության համար պրոբլեմ ստեղծվի: Անկախ դրանից, որ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին եւս այդ հանձնաժողովի կազմում ընդգրկել: Ստացվում է այնպես, որ այդ հանձնաժողովում ինչպիսի քննարկումներ էլ ընթանան` դրական կամ ոչ դրական եզրակացությունը կախված է լինելու այս գործընթացը նախաձեռնողից, այն է` երկրի նախագահից, որովհետեւ բացի ՀՀԿ-ից, որ ներկայացված է 4 անդամով, մյուս խորհրդարանական ուժերը մեկական անդամ ունեն: Իսկ թե ի՞նչ եւ ո՞ւմ է մանեւրելու հնարավորություն տալու ՍԴ որոշման այն պահանջը, թե Հայաստանի քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ իրավական դիրքորոշման հետ, դեռ էլի հասկանալի չէ` արդյո՞ք միայն ընդդիմախոսներին, թե՞ հենց պետությանը: Իշխանական քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարություններից մեկ թվում է, թե հնարավոր է, որ Արձանագրությունները Հայաստանն ավելի շուտ վավերացնի, իսկ Թուրքիայի նազուտուզից հետո օրենք փոխելով հնարավորություն ունենա ստորագրությունը հետ վերցնել, մեկ էլ թվում է, որ չէ, Արձանագրությունները դեռ երկար կպտտվեն ԱԺ-ում: Սակայն այստեղ մի շարք կազուսային պահեր կան. արդյո՞ք ինչպիսի իմպուլսներն են սնում այդպիսի հայտարարություններ, որոնց իրարամերժությունը քաղաքական գործիչներից ոմանց թույլ է տալիս եզրակացնել, թե խնդրում հայեցակարգի, ընդհանուր մոտեցման բացակայութուն կա եւ իրավիճակային մոտեցում, այլապես իրար հակասող հայտարարություններ չէին հնչի: Բոլոր դեպքերում վերապահումների հարցը պիտի որ ծագեր խորհրդարանում, քանի որ ՍԴ-ն նույնակերպ օրինակ է տվել: Իսկ թե միջազգային պայմանագրերում կարելի է վերապահում անել, թե ոչ, սա եւս Ազգային ժողովի լուծելիք խնդիրն է, մանավանդ որ պատրաստ է «Միջազգային պայմանագրերի մասին» օրինագծում փոփոխության նախագիծ, այսինքն` խորհրդարանը օրենսդրական փոփոխությամբ միայն կկարողանա վերապահում անել: Մնում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը դա արեց «Չեթմ Հաուզի» ելույթում, Ազգային ժողովում եւս հակահարված տրվի Թուրքիայի նկրտումներին` շարունակաբար Ղարաբաղի խնդրում տեղաշարժով պայմանավորելով Արձանագրությունների ստորագրումը: Եվ եթե անգամ մադրիդյան նորացված առաջարկների եւ հայ-թուրքական Արձանագրությունների միջեւ անտեսանելի կապ կա, էլի խորհրդարանում շատ տեսանելի պետք է այդ կապը ստեղծողներին ուղարկել մի քանի հայտնի հասցեներով` խուսափելով մի հարցը մյուսով պայմանավորելու մեկ նուրբ, մեկ կոպիտ ճնշումներից:

Մի խոսքով` Արձանագրութունների խորհրդարանական քննարկման հատվածը կարող է հետաքրքրական լինել: Ճիշտ է, դա ոմանց երազանքների հանգույն չի կարող բերել ներիշխանական էքսցեսների, սակայն համազգային նշանակության խնդիրը լրջորեն կարող է վնասել կամ բարելավել այս կամ այն գործչի, խմբակցության եւ անգամ առաջին պաշտոնյաների իմիջը: Ալեքսանդր Իսկանդարյանի այն միտքը, թե խնդրի լուծումով շահագրգիռ գերտերությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա լուրջ խաղադրույքներ են դրել, թե չէ միջազգային շրջանակում հարցն այդպիսի հնչեղություն չէր ստանա, նաեւ ֆիքսել առկա պահը, այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ճգնաժամն ակնհայտ է, գնալով ավելի պարզ է երեւում, որ Թուրքիան մտադիր չէ իր խորհրդարանում վավերացնել Արձանագրությունները:

Այս ֆոնին գուցե ճիշտ մարտավարություն է վերապահումները խորհրդարանում, գոնե այս տեսքով նախապայմանների առաջադրումը` արթուն, թե քնած Ղարաբաղը տեսնող Թուրքիային: Սա էլ գուցե նախաձեռնողական քաղաքականության մաս կարող է լինել կամ` մեր պատասխանը Չեմբեռլենին:

Իսկ փետրվար ամիսը որպես կարմիր լաթ տեսնող մեր քաղաքականները ստիպված կլինեն հիասթափվել` փետրվարը մոտենում է ավարտին, վերը նշված գործընթացները տեւական են լինելու, այնպես որ հազիվ թե մի քանի օրում մեր քնած երկրում ինչ-որ փետրվարյան հեղափոխություն լինի, նախորդ մի երկու փետրվարների պես, ստիպված պետք է ավանդույթի արթնացման երազանքից հրաժարվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4