Այսօր ՀՅԴ-ն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում կանցկացնի հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի տեղեկացմամբՙ իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են` նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը, հարցն օրակարգ չընդգրկել:
Ռուստամյանը բացատրում է, որ դա թույլ կտա բաց քննարկումներից հետո միայն քննարկման առարկա դարձնել Արձանագրությունները, որը նաեւ որոշակի իմաստով կխոչընդոտի Արձանագրությունների այս տեսքով վավերացմանը:
«Առաջարկեցինք հատուկ ընթացակարգ մշակել Արձանագրությունների նախնական քննարկումների համար եւ դիմեցինք խորհրդարանի խոսնակին` առաջարկելով, որ հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, Արձանագրությունները քննարկման ներկայացվեն խորհրդարանի քառօրյա նիստերից մեկում», նկատեց Ռուստամյանը: Դաշնակցական գործիչը խոստացավ, որ քննարկումներն առավելապես բաց ու թափանցիկ կլինեն:
Դիտարկմանը, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծամասնությունը կոալիցիայի անդամներն են, ցանկության դեպքում կարող են արագ եզրակացություն տալ, ու դա որեւէ խոչընդոտ չի ներկայացնի, դաշնակցական գործիչը հույս հայտնեց, որ եզրակացությունն արագ չի լինի: Մեկնաբանելով նախագահ Սարգսյանի Լոնդոնում կատարած հայտարարությունը` «երաշխավորում եմ, որ Արձանագրությունները կվավերացվեն ԱԺ-ում», Ռուստամյանն ասաց, որ հայտարարությունն այդքան էլ ճիշտ չէ եւ չի նպաստում երկրի հեղինակության բարձրացմանը: «Ի՞նչ է նշանակում օրենսդիր մարմնում գործընթացների երաշխավորումը: Սա պարզապես ցուցում է, թե ինչպես պետք է քվեարկություն անցկացնել: Սահմանադրությամբ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները տարանջատված են»:
Ըստ նրաՙ Հայաստանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները: Միակ ճանապարհը գործընթացից դուրս գալն է: «Եթե իշխանությունները սպառնում են, որ Հայաստանը կարող է դուրս գալ գործընթացից, ակամա ընդունում ենք, որ Թուրքիան ստանալու բան ուներ: Հայտարարվում է, որ առանց նախապայմանների են Արձանագրությունները: Չի խոսվել այն մասին, որ մենք ինչ-որ բան զիջում ենք: Եթե զիջում եք, բարի եղեք ասելՙ ինչ եք զիջում ժողովրդի հաշվին», ասաց նա` միաժամանակ ընդգծելով, որ դեմ են հայ-թուրքական Արձանագրություններին այժմյան տեսքով, սակայն որոշ վերապահումներով կողմ են վավերացմանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ