Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը տեղի կունենա մանակապատանեկան գրքի երեւանյան
3-րդ ցուցահանդես-վաճառքը, որի պաշտոնական բացումը կլինի ամսի 20-ին գրադարանի ճեմասրահում: Գրքի տոնավաճառի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, ազգային մանկական գրադարանն ու հրատարակիչների ազգային ասոցիացիան:
«Ցուցահանդես-վաճառքն ունի մի նպատակՙ վերականգնել գրքի ու ընթերցողի միջեւ եղած կապը, ցուցահանդեսը հավակնում է ավանդական դառնալ եւ ուղղված է հաղթահարելու ընթերցանության ճգնաժամը: Ցավոք մեր զանգվածային լրատվամիջոցները, հատկապես, հեռուստաընկերությունները չեն անդրադառնում գրքին ու գրականությանը, այն էլՙ մանկապատանեկան: Եթե մեր աշխատանքը չի լուսաբանվում եւ հասարակությունն էլ տեղեկացված չէ, ապա մենք չենք կարող ունենալ կրթված եւ ընթերցող սերունդ», երեկ ազգային մանկական գրադարանումՙ ասուլիսի ժամանակ, ասաց նույն գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը :
Ցուցահանդես-վաճառքի օրերին լինելու են հետաքրքրական միջոցառումներ 3-18 տարեկան երեխաների ու պատանիների համարՙ հանդիպումներ մանկագիրների հետ, նոր գրքերի շնորհանդեսներ, կինոդիտումներ, գրքերի նվիրատվություն, եւ այստեղ բոլոր գրքերը վաճառվելու են ավելի մատչելի գներովՙ 20% զեղչով, այսինքնՙ վաճառվելու են ավելի էժան, քանՙ գրախանութներում: Շուրջ 25 հրատարակիչներ ներկայացնելու են իրենց արտադրանքըՙ «Անտարես», «Էդիթ պրինտ», «Զանգակ», «Արեգ»:
«Ազգի» հարցին, թե այսօր բովանդակության առումով ինչպիսի՞ն է մանկապատանեկան գրականությունը, Ռուզան Տոնոյանը պատասխանեց.
«Բավականին լավ աշխատանքներ կան, որոնք ունեն թեմատիկ բազմազանություն: Մեր գրադարանը ակտիվորեն համագործակցում է հրատարակիչների հետ, նրանց ներկայացնում ենք պահանջարկ ունեցող գրքերի ցանկը, ստեղծվել է գրադարան-հրատարակիչ-ընթերցող կապը»:
Մայրաքաղաքի մեկ-երկու գրադարաններ քիչ թե շատ ակտիվ են աշխատում, սակայն մարզերում գրադարանների վիճակը ծանր է, հատկապես, գյուղական համայնքներում:
Ասուլիսի մյուս բանախոսիՙ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքովՙ կան գյուղեր, որտեղ գրադարանը, չգիտես ինչու, գտնվում է գյուղապետի տանը: Գյուղապետն ընթերցողներին գրքեր չի տալիս, ասելով, որ գրքերը կփչանան:
Փաստորեն, գյուղական համայնքներում գրադարանների ֆոնդերը ոչ միայն չեն համալրվում, այլեւ եղած գրքերն են անհասանելի, քանի որ գրադարանը գյուղապետի կապիտալն է:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում գրքի շուրջ ստեղծված հարկային քաղաքականությանը, ըստ նրաՙ գրականության մեջ միակ ժանրը, որը հարկվում է ավելացված արժեքի հարկով, դա գեղարվեստական գրականությունն է: Այդ պատճառով էլ գեղարվեստական գրականություն գրեթե լույս չի տեսնում:
«Ընդհանրապես պետությունը չի ստեղծում հավասար իրավունքներ ոչ գրողների, ոչ էլ հրատարակչությունների համար, օրինակՙ ֆինանսավորում է միջակ գրողներին, ոչ թե լավագույններին, իսկ մշակույթի նախարարությունն էլ որոշ մասով վեր է ածվում սուտ ինտիլիգենտների սոցիալական հարցերը լուծող մի օրգանի», ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հրատարակիչները միայն բողոքում ու մեղադրում են, իսկ հետաքրքրական էՙ իրենք ինչքանո՞վ են ճիշտ կատարում իրենց աշխատանքը, արդյոք օգնո՞ւմ են գրողին, կամ գովազդո՞ւմ են իրենց հրատարակած գրքերը:
«Էտենց ես տակ կտամ, ծախս եմ անում, հրատարակում եմ քիչ է, հետո էլ փող տամ, որ գովազդվի», վրդովված պատասխանեց հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը:
Արմեն Մարտիրոսյանը հակադրվեց գործընկերոջ կարծիքին.
«Մարկեթինգը պահանջում է, որ հրատարակչությունը ոչ միայն որակով ապրանք արտադրի, որը կունենա մատչելի գին, այլեւ հոգա արտադրանքի գովազդային ծախսերն ու գիրքը հասցնի ընթերցողին»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ