Ծրագրի մանրամասները ներկայացվեցին Կենտրոնական բանկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարության վերջին նիստերից մեկում հաստատվեց «Երիտասարդ ընտանիքինՙ մատչելի բնակարան» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Բնակարանՙ երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել Կենտրոնական բանկում:
Մհեր Եդիգարյանը տեղեկացրեց, որ ծրագիրը 2 բաղադրիչ է ներառում. վարկատու կազմակերպություններին տրամադրել էժան միջոցներ, ինչը թույլ կտա նրանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել եւ սուբսիդավորել վարկերի տոկոսներըՙ 2 տոկոսի չափով: ՈՒՎԿ գործադիր տնօրենը հիշեցրեց, որ այս ծրագրից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 60 տարեկանը եւ ամուսիններից մեկի տարիքը չի գերազանցում 35 տարեկանը, ինչպես նաեւ երեխա ունեցող միայնակ ծնողները, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարեկանը:
Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը հայտնեց, որ Հայաստանում գործող բոլոր 22 բանկերը ողջունում են այս ծրագիրը, եւ նրանցից 10 արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու այս ծրագրին: Նա նաեւ հույս հայտնեց, որ մյուս բանկերը նույնպես կմիանան ծրագրին: Միաժամանակ, Արարատ Ղուկասյանն այն միտքը հայտնեց, որ այս ծրագրին կարող են միանալ միջին եւ ցածր եկամուտ ունեցող երիտասարդները: Երբ այս, մեղմ ասած, վիճելի մտքի վերաբերյալ այն հարցը տրվեց, թե ինչպե՞ս կարող են ցածր եկամուտ ունեցողները վճարել ամսական 130 հազար դրամ վարկի գումար եւ տոկոսադրույք, միության նախագահը պատասխանեց, որ հնարավոր է, որ որոշակի խավի համար այս ծրագիրը բավարար չէ եւ հետագայում նման հնարավորություն կառաջանա նաեւ այլ խավերի համար: Իսկ Մհեր Եղիգարյանն ավելացրեց, որ 130 հազար դրամ ամսականն ամրագրված գումար չէ, քանի որ ոչ բոլորն են առավելագույնՙ 16 մլն դրամի վարկ կվերցնեն: Նրա կարծիքով, այս ծրագրից կօգտվեն 300-500 երիտասարդ ընտանիքներ, իսկ վերջնական տոկոսադրույքը շահառուի, այսինքնՙ վարկ վերցնողի համար տարեկան կլինի 8,5-9,5 տոկոս:
«Ազգի» հարցին, թե որքա՞ն է կազմում այս ծրագրով վարկի տրամադրման կանխավճարը եւ ավելի նպատակահարմար չէ՞ր, որ կառավարությունն աջակցեր այս հարցում, «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ գործադիր տնօրենը պատասխանեց, որ նվազագույն կանխավճարը 30 տոկոս է եւ ոչ մի թուլացում այդտեղ չի նախատեսվում: Արարատ Ղուկասյանն էլ ասաց, որ հնարավոր է ծրագրի ընթացքում կուտակային միջոցներ առաջանան եւ կանխավճարը մեղմվի:
Հայաստանի բանկերի միության նախագահն իր տեսակետն արտահայտեց նաեւ Հայաստանի հիպոթեկային շուկայի հետագա զարգացման վերաբերյալ: Ըստ Արարատ Ղուկասյանի, երբ կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվեն եւ ստեղծվեն կուտակային հիմնադրամներ, Հայաստանում կառաջանան երկար փողեր, ինչն էլ հնարավորություն կտա մի քանի տարի հետո հիպոթեկային շուկայում ունենալու այլ տոկոսներ եւ այլ ժամկետներ:
«Իսկ որքա՞ն եւ ի՞նչ ծավալի վարկեր է տրամադրել պետական աջակցությամբ ստեղծված մեկ այլ կառույցՙ Ազգային հիպոթեկային ընկերությունը» հարցին Մհեր Եդիգարյանը պատասխանեց, որ տրվել է 426 վարկՙ 3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ:
Ինչ վերաբերում է «Երիտասարդ ընտանիքինՙ մատչելի բնակարան» ծրագրին, ապա հարկ է նշել, որ այն հասանելի է երիտասարդների շատ նեղ խավի միայն, եւ անիմաստ է մեծ ակնկալիքներ սպասել այդ ծրագրից: