Երա՞զ, թե՞ իրականություն
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն` Հայաստանն ինտերնետ հասանելիության եւ համակարգչային հագեցվածության առումով աշխարհում զբաղեցնում է 114-րդ տեղը, իսկ տարածաշրջանում ինտերնետ հասանելիության ծառայությունների հայաստանյան սակագներն ամենաթանկն են: Մեր բնակչության ընդամենը 10%-ն է օգտվում ինտերնետից:
«Նման ինտերնետով ուղղակի չենք կարողանում մեր նորմալ գործունեությունն իրականացնել, սա խայտառակություն է: Բանը հասել է այնտեղ, որ աշխարհի տարբեր երկրներից մեզ հեգնում են` առաջադրանքն ուղարկելու օրը հանկարծ ինտերնետ չունենաք», երեկ «Արցախ» ակումբում` ասուլիսի ժամանակ, ասաց Հանրային խորհրդի անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ըստ բանախոսի` Հանրային խորհուրդն ինտերնետ հասանելիության վերաբերյալ որոշում է կայացրել, որը ներկայացնելու է հանրապետության նախագահին: Որոշման մեջ ասվում է, որ պետք է սահմանվեն ինտերնետի որակի հատուկ չափանիշներ:
Հովիկ Մուսայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Հանրային խորհրդում ստեղծվել է մշտական հանձնախումբ, որն ուսումնասիրելու է հեռուստահաղորդումներն ու դրանց հետեւանքները: Հանձնախմբում ընդգրկված են հեղինակավոր մարդիկ` արվեստագետներ, հոգեբաններ, հեռուստատեսության եւ լեզվի մասնագետներ:
Ի տարբերություն հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), որը կարգավորող ֆունկցիա է կատարում, մշտական հանձնախումբը լինելու է միայն խորհրդատվական կառույց:
«Մեր հանձնախումբը մոնիտորինգ է անցկացնելու, որպեսզի հեռուստաեթերի վերաբերյալ տեղեկատվություն պատրաստի հանրության եւ հեռուստաընկերությունների համար, ինչպես նաեւ իրականացնելու ենք հեռուստատեսության ազգային մրցանակաբաշխություն: Օրինակ` Ռուսաստանում այդպիսի մրցանակաբաշխություն է «Տեֆին»: Այս երկու ծրագրերի համար էլ ֆինանսավորում դեռ չունենք», ասաց Հովիկ Մուսայելյանը:
«Տեֆի» մրցանակաբաշխությունը ֆինանսավորում են ռուսական հայտնի հեռուստաընկերությունները: Բանախոսը վստահ չէ, որ հայկական հեռուստաընկերությունները կֆինանսավորեն մրցանակաբաշխությունը, բայց վստահ է, որ նման կարեւոր միջոցառման համար գումար հաստատ կգտնվի:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ