«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2010-02-18 | #29, 2010-02-19 | #30, 2010-02-20


ՀՈՒՆՎԱՐԻՆ 2,4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,4 տոկոս: Սա, փաստորեն, տնտեսական ճգնաժամից ի վեր առաջին ամիսն է, ինչ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճ է արձանագրում: Միաժամանակ, նշենք, դրանում էական նշանակություն է ունեցել այն, որ անցյալ տարվա հունվարին, որի հետ համեմատվում են այս հունվարի ցուցանիշները, 0,7 տոկոս անկում էր արձանագրվել:

Նախորդ տարվա հունվարի համեմատ աճ են արձանագրել մեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Մասնավորապես արդյունաբերությունն աճել է 6,5 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունըՙ 3,7 տոկոսով, գյուղատնտեսությունըՙ 3,1 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է նույն ցուցանիշն, ինչ անցյալ տարի, իսկ ահա շինարարությունն անկում է ունեցել 11,7 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտըՙ 2,2 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 14,8 տոկոսով եւ կազմել 296,4 մլն դոլար: Արտահանումը կազմել է 53,9 մլն դոլար, արձանագրելով բավականին լուրջ աճՙ 57,5 տոկոսով: Ներմուծումը կազմել է 242,5 մլն դոլար, աճելով 8,3 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 188 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվարին կազմել է մոտ 101 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 124 հազար դրամ, պետականումՙ 86 հազար դրամ: Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 7 տոկոս:

Եթե համադրենք հունվարի ցուցանիշները դեկտեմբերի հետ, ապա, ինչպես եւ կարելի է ենթադրել, բոլոր ցուցանիշների առումով անկում է արձանագրվել: Ինչը բնական է, քանի որ դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը միշտ էլ անհամեմատ բարձր է լինում, քան հունվարին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4