«Ազգ»-ը տեղեկացրել էր, որ հայտնի գործարար Սարիբեկ Սուքիասյանը փետրվարի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Սակայն նրա նկատմամբ որեւէ մեղադրանք չէր առաջադրվել եւ նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Սուքիասյանին երեկ առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով:
Ահա թե ինչպես է մեկնաբանել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը Սարիբեկ Սուքիասյանը. «Ես հրաժարվել եմ որեւէ փաստաթուղթ ստորագրել եւ ծանոթանալ, քանի որ իմ դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: Դրա նպատակն է մեր գործարանը խլել մեզանից եւ մեր բարի համբավը վնասել: Քաղաքական դրդապատճառները, կարծում եմ, բոլորին են հայտնի: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվումՙ մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող մեր ունեցվածքը խլել եւ կոտրել մեր կամքը: Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակել մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները: Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»:
Հ. Ա.