«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2010-02-19 | #30, 2010-02-20 | #31, 2010-02-23


ԿԴԱՌՆԱ՞ ՋԵՐՄՈՒԿԸ ՎԵՐԲԻԵՐ

Բնությունն անհրաժեշտ պայմաններն արդեն ապահովել է

Շվեյցարական Վերբիեր քաղաքը Եվրոպայի հայտնի առողջարանային եւ դահուկային կենտրոններից է: 4 օր շարունակ հայկական պատվիրակության անդամները` Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, ճշտել են, թե հնարավո՞ր է շվեյցարական փորձը կիրառել Հայաստանում եւ Ջերմուկը դարձնել տարածաշրջանային Վերբիեր: «Երկու քաղաքների նմանությունը ակնհայտ է: Այնտեղ կարողացել են ճիշտ միջավայր ստեղծել եւ մեծ գումարներ են աշխատում: Այցի մի քանի օրերի ընթացքում անհրաժեշտ ներդրումներ գտնելու վախն անցավ, որովհետեւ ճիշտ ռազմավարություն մշակելու դեպքում այդ ներդրումների օգուտներն ահռելի կլինեն», երեկ մամլո ասուլիսի ընթացքում նշեց նախարար Ներսես Երիցյանը: Նախարարը Շվեյցարական քաղաքում էր փետրվարի 8-11-ը:

Ամռանն արդեն պատրաստ կլինի Ջերմուկ քաղաքի զարգացման մանրակերտը, որի հաստատումից հետո կմշակվի քաղաքի զարգացման ռազմավարությունն առաջիկա 20 տարիների համար: Մանրակերտի կազմումը կարժենա 200.000 դոլար, ինչը հավասարապես կտրամադրեն կառավարությունը եւ Ջերմուկի քաղաքապետարանը: «Էական է լինելու ազատ տարածքներ թողնելու հանգամանքը: Զարգացումն աշխարհում արագ է տեղի ունենում, եւ եթե քաղաքի բոլոր տարածքները կառուցապատվեն, ապա ապագայում գաղափարներն իրականության վերածելու հիմք չի լինի պարզապես», նշեց նախարարը: Բացի այդ , մինչ ռազմավարության ընդունումը եւ քաղաքի զարգացման հեռանկարի հաստատումը տարերային կառուցամապատումներն ընդգրկվելու են օրենսդրական դաշտ:

Ներսես Երիցյանը նշում է, որ առողջարանային քաղաքն անխոցելի պետք է լինի բնապահպանական տեսանկյունից: Վերբիերում բնությունն իր անաղարտ վիճակում է, միաժամանակ ապահովված են անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու զվարճության վայրերը` դահուկից մինչեւ գոլֆի խաղադաշտ: «Ռազմավարության մշակմանը մեզ կօգնեն շվեցարացի փորձագետները: Նախատեսված է երեք այց Հայաստան: Եթե մեզ համար սարերն ու խիստ ձմեռը պրոբլեմ են, ապա շվեյցարացիների համարՙ եկամուտի միջոց», նկատեց Ներսես Երիցյանը:

Եթե 2001-2008 թվականներին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում գրանցում էր տարեկան մինչեւ 25 տոկոս աճ, ապա նախորդ տարի տնտեսական ճգնաժամի հետեւանքով գրանցվեց ընդամենը 3 տոկոսի աճ: Նախկին 25 տոկոս աճ միայն հայեցակարգային փոփոխություններով եւ տեղական միջոցառումներով հնարավոր չէ ապահովել: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հավաստմամբ, անհրաժեշտ է, տնտեսական իրավիճակի կայունացում ողջ աշխարհում: Այս տարի, նախարարի պնդմամբ, փորձելու են մեծացնել ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ արտերկրի այլ քաղաքացիների հոսքը Հայաստան: Իսկ նրանց գրավելու համար, Ներսես Երիցյանի դիտարկմամբ, հարկավոր է զարգացնել ենթակառուցվածքները, հետեւել ժամանցային վայրերի զարգացմանը եւ ուշադրություն դարձնել պատմամշակութային վայրերի գրավչությանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4