«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2010-02-19 | #30, 2010-02-20 | #31, 2010-02-23


ՄԻԱՅՆ 2009-ԻՆ ՆՈՐՈԳՎԵԼ Է 430 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ

Տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներովՙ դա վերջին 10 տարում կառուցվածի 27 տոկոսն է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ճանապարհաշինությունը վերջին 8-9 տարիներին եղել է շինարարության ճյուղում թերեւս ամենամեծ ծավալներ ընդգրկող ոլորտը: Բնականաբար, այն նաեւ մեծ ներդրումներ է պահանջել: Այդ միջոցների զգալի մասը Հայաստանի իշխանությունները հայթայթում էին միջազգային ֆինանսական կառույցներից, այլ դոնորներից: Հատկապես արժե հիշատակել 2002-2004-ին ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի տրամադրած («Լինսի» հիմնադրամի միջոցով) դրամաշնորհը, որի միջոցով հիմնանորոգվեցին հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:

Մինչեւ 2008-ը ճանապարհաշինական ծրագրերի իրականացման հարցում կարծես թե ֆինանսավորման խոչընդոտներ չկային: Նման հարցեր ծագեցին 2008-ին, մինչեւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ իշխանություն վերադառնալու մարմաջով տառապող քաղաքական ուժի «ջանքերով», «Հազարամյակի մարտահրավերների» կողմից սառեցվեց Հայաստանում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի իրագործումը: Դրան հաջորդեց ճգնաժամը, եւ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու հարցն ավելի հրատապ դարձավ:

Նկատի ունենալով այս ոլորտի նշանակությունն ընդհանուր տնտեսության համար` ե՛ւ որպես ենթակառուցվածք, ե՛ւ որպես մեծ թվով աշխատատեղեր ապահովող, Հայաստանի կառավարությունը ճանապարհաշինությունը հակաճգնաժամային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարեց, որոշեց այնտեղ ներդրումներ կատարել պետական բյուջեից, ներգրավել նաեւ նոր դոնոր կազմակերպությունների: Թե ի՞նչ կատարվեց ճգնաժամային 2009-ին, այսինքնՙ ճանապարհաշինության ծավալների, ներդրված գումարների եւ արդյունքների մասին տեղեկություններ ստանալու համար դիմեցինք տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին :

Փոխնախարարը տեղեկացրեց, որ անցյալ տարի ճանապարհաշինությունն իրականացվել է ֆինանսավորման մի քանի աղբյուրներից; Համաշխարհային բանկի 30 մլն դոլար վարկային ծրագրերից մեկով նախատեսված էր հիմնանորոգել 7 մարզերի 39 համայնքների, որտեղ բնակվում է 71 հազար մարդ, մոտ 100 կմ ճանապարհ: Մյուս վարկային ծրագրով դարձյալ 7 մարզերի, այս անգամՙ 176 հազար բնակչությամբ 52 համայնքների 154 կմ ճանապարհներ պետք է նորոգվեին: Անցյալ տարվա ընթացքում, ըստ Հրանտ Բեգլարյանի, կատարվեցին նախագծանախահաշվային աշխատանքները, անցկացվեցին մրցույթները, որոնց ավարտից հետո սկսվեցին շինարարական աշխատանքները: ՀԲ ծրագրերով, 2009-ին ներդրված 16,4 մլրդ դրամով հիմնանորոգվեց 154 կմ ճանապարհ: Այս ծրագրերը նախատեսվում է շարունակել այս տարի եւ ավարտին հասցնել եւս մոտ 100 կմ ճանապարհների շինարարությունը: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ, ըստ ՀԲ տվյալների, այս ծրագրի շնորհիվ մոտ 2000 մարդ ապահովվեց աշխատանքով:

Մյուս խոշոր ծրագիրը, որի մասին խոսեց Հրանտ Բեգլարյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ է իրականացվել: Այն ուղղված է 4 մարզերի 25 համայնքներում 227 կմ ճանապարհների նորոգմանը: ԱԶԲ-ից հատկացված մոտ 48 մլն դոլար (19,4 մլրդ դրամ) գումարից 16,4 մլրդ դրամով անցյալ տարի վերանորոգվեցին 140 կմ գյուղական ճանապարհներ: Այս ծրագիրը նույնպես կշարունակվի այս տարի: Մոտ 2000 մարդ էլ այս աշխատանքներում են ներգրավվելՙ Հրանտ Բեգլարյանի տեղեկացմամբ: Այսինքն, միայն ԱԶԲ եւ ՀԲ ֆինանսավորմամբ ծրագրերով ստեղծվել են մոտ 4000 աշխատատեղեր, եւ որտեղ աշխատանքի են անցել հիմնականում տեղի բնակիչները:

Ամերիկյան կողմից ֆինանսավորումը կասեցված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված էր 18 մլրդ դրամով նորոգել 272 կմ ճանապարհ: Այլ աղբյուրներից եւ այդ թվում պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվեցին մոտ 6 մլրդ դրամի աշխատանքներ, հիմնանորոգվեց 23 կմ ճանապարհ:

Պետական բյուջեից էլ ավելի քան 11 մլրդ դրամի ճանապարհաշինություն է իրականացվել, նորոգվել են 112 կմ գյուղական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ:

Ամփոփելով այս տվյալներըՙ տրանսպորտի եւ կապի նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ մոտ 50 մլրդ դրամով 2009-ին նորոգվել է 430 կմ ճանապարհ: Նա այս ցուցանիշը համադրեց 2000-2009-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր ծավալների հետ: Համաձայն Հրանտ Բեգլարյանի ներկայացրած ցուցանիշներիՙ անցած 10 տարիներին ճանապարհաշինության համար ներդրվել է 188 մլրդ դրամ, նորոգվել 2183 կմ ճանապարհ, իսկ միայն 2009-ին կատարված ներդրումներով կառուցվածը 10 տարիների ընթացքում կառուցված ճանապարհների ավելի քան մեկ քառորդըՙ մոտ 27 տոկոսն է կազմել: Նա նաեւ նշեց, որ այս ցուցանիշը ավելի քան 2,5 անգամ գերազանցում է 2008-ի ցուցանիշին:

Հայաստանում ճանապարհների շինարարության թանկ արժենալու վերաբերյալ գոյություն ունեցող տեսակետների մասին մեր տված հարցին, տրանսպորտի եւ կապի փոխնախարարը պատասխանեց, որ, իր կարծիքով, Հայաստանում ճանապարհների շինարարությունը թանկ չէ: Հրանտ Բեգլարյանի տեղեկացմամբՙ ճանապարհաշինությունն իրականացվում է մրցույթներով, եւ հաղթող կազմակերպությունները տեղական կազմակերպություններ են: Եթե դրանք բարձր գին ունենային, ապա, ըստ փոխնախարարի, հայտարարված միջազգային մրցույթներին կմասնակցեին նաեւ արտասահմանյան ընկերություններ:

Վերջում մեր զրուցակիցն ավելացրեց, որ 2010-ին եւս պետական բյուջեից զգալի միջոցներ են հատկացված ճանապարհաշինության համար: Բացի միջհամայնքային եւ այլ նշանակության ճանապարհներից, այս տարի պետք է սկսվի նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը կձգվի Հայաստանի հարավային Մեղրի քաղաքից մինչեւ Վրաստանի սահման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4