«Ո՞րն է ամուսնության միջին տարիքը ձեր երկրում»: Հարցն ուղղված է հայ, ադրբեջանցի եւ վրացի 18-25 տարեկան երիտասարդներին: Երեք երկրների երիտասարդների պատասխանը զարմանալիորեն նույնն է: Աղջիկների համար ընդունելի տարիքը 21-24-ն է, տղաներինը` 24-28: Եվ սա միակ նմանությունը չէ:
Արդեն երկրորդ տարին է, որ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը գերմանական «Թեոդոր Հոյսս Կոլեգ» կազմակերպության հետ իրականացնում է «Լինենք ներգրավված» ծրագիրը, որի շրջանակում երեք երկրների երիտասարդները հանդիպում են եւ քննարկում քաղաքացիական հասաարակության կառուցման խնդիրները: Հենց այս ծրագրի մասնակիցներից Թագուհի Մինասյանը շուրջ 50 երիտասարդների շրջանում անցկացրած հարցումներով պարզել է, որ նմանությունները հարավկովկասյան երկրներում ավելի են, քան տարբերությունները:
«Ո՞րն է իդեալական ընտանիքի ձեր պատկերացումը» հարցին ի պատասխան երեք երկրների երիտասարդները միաձայն նշել են սիրո եւ հարգանքի, ծնողների, երեխաների, որոնց թիվը 2-4 է, եւ երբեմն նաեւ տատի ու պապի առկայությունը: «Արդյոք դուք ձեզ պատասխանատո՞ւ եք զգում ձեր ընտանիքի ավագ անդամներին հոգ տանելու համար»: Երիտասարդների 90 տոկոսի պատասխանը նույն էրՙ «Այո»: Նույնն է նաեւ ավանդական հարսանիքի անցկացումը մեր եւ հարեւան երկրներում. բազմամարդ, աղմկոտ խնջույք` թամադայի գլխավորությամբ: «Նորապսակները գերադասում են ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին»: Եվ թեպետ երեք երկրներում էլ երիտասարդ զույգերը նախընտրում են ապրել առանձին, այսուհանդերձ ֆինանսական պայմանների պատճառով հարեւան երկրներում եւս երիտասարդները նախընտրում են ապրել ծնողների հետ:
«Արդյոք կա՞ կոռուպցիա ձեր երկրների համալսարաններում, ինստիտուցիոնալ այլ կառույցներում»: Հարցումները ցույց տվեցին, որ վրացիները բախվում են կոռուպցիային բարձր պաշտոն ստանալու, հայերը` քննություններ հանձնելու կամ էլ աշխատանքի վայրում առաջխաղացման, իսկ ադրբեջանցիները` նոր աշխատանք կամ պաշտոն ստանալու դեպքում:
Երեք երկրներում էլ նորահարուստները սիրում են ի ցույց դնել իրենց հարստությունը: Եվ ամենատարածված միջոցները հարավկովկասյան երեք երկրներում ճոխ մեքնենաներն են ու թանկարժեք հեռախոսները: Հանրահայտ բրենդները երեք երկրներում էլ նույնն են` «Մերսեդեսն» ու «Նոկիան»:
«Ինչպե՞ս է ապրում միջին եկամուտ ունեցող ընտանիքը ձեր երկրում»: Պատկերը գրեթե նույնն է: Հայրը զբաղվում է փոքր բիզնեսով, մայրն ուսուցչուհի է, բժկուհի կամ տնային տնտեսուհի, իսկ երեխաները սովորաբար ձեռք են բերում բակալավրի, հազվադեպ նաեւ` մագիստրոսի կոչում:
Երեք երկրներում էլ բնակիչները նախընտրում են իրենց գնումները կատարել շուկայում եւ ոչ նորաբաց սուպերմարկետներում: «Գո՞հ եք արդյոք ձեր երկրի բժշկական ծառայություններից»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ գոհ են ծառայություններից, սակայն յուրաքանչյուր երկրորդը նկատել է, որ բժշկական ծառայությունները թանկ են: «Կարո՞ղ եք նշել զանգվածային լրատվության միջոց, որը ծառայում է քաղաքական որեւէ ուժի»: Պատասխանը այո-ն էր, եւ դեռ ավելին, մասնակիցներից շատերը նշել են իրենց երկրներում քաղաքական ուժերին ծառայող լրատվամիջոցների թիվը:
«Զգո՞ւմ եք ձեզ ինչպես ազատ, անկախ եւ դեմոկրատական երկրի քաղաքացի»: Մասնակիցների մեծամասնության պատասխանը ոչ էր:
Երեք երկրներում էլ սիրված տոնը Ամանորն է, որին հաջորդում են անկախության օրն ու կրոնական տոները, հատկապես Հարության տոնը Հայաստանում եւ Վրաստանում ու Նովրուզըՙ Ադրբեջանում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ