«Ազգ»-ը նախորդ համարում տեղեկացրել էր, որ փետրվարի 19-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաք-երթի եւ ոստիկանության միջեւ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել բախում: ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գրիգորյանը, Սերգեյ Գասպարյանը, Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանը եւ Վարագ Նահապետյանը բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք:
Դեպքի առիթով ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին, ժամը 18-ին Կորյունի փողոցից ՀԱԿ-ը կազմակերպել է չարտոնված երթ` Կորյուն-Սայաթ-Նովա-Աբովյան փողոցներով: Սայաթ-Նովայի փողոցում որոշ մասնակիցներ դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս` խոչընդոտելով երթեւեկությանը, իսկ կազմակերպիչներից Սարգիս Ղազարյանը մասնակիցներին կոչ է արել շարունակել երթն ու, ղեկավարելով նրանց, նոր մարդկանց է ներգավել միջոցառման մեջ:
Երեկ պարզ դարձավ, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն:
Հ. Ա.