«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2010-02-20 | #31, 2010-02-23 | #32, 2010-02-24


ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԻՄ ԸՆԿԵՐԸ ՉԷ»

«Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ սկսված հետապնդումների վերջնանպատակը «Բյուրեղ» գործարանը Սուքիասյաններից խլելն է, իսկ այդ նպատակի շրջանակներում ոստիկանության կատարած գործողությունները ծայրից ծայր հակաօրինական են եւ ենթակա չեն որեւէ տրամաբանական բացատրության»: Սա Սուքիասյանների փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի կարծիքն է: Սահակյանի ներկայացմամբ` «Բջնի» գործարանի հետ կապված զարգացումներից հետո Սուքիասյանները գնել են «Բյուրեղ» ՓԲԸ-ի 80% բաժնետոմսերը: Գործարանը չի գործել, ու ոտքի կանգնեցնելու համար Սուքիասյանները մեծ ներդրում են կատարել` արտադրելով Sil հանքային ջուրը: Որոշ ժամանակ անց գյուղնախարարությունը, որ որոշակի բաժնետոմսեր ուներ, հայցադիմում է ներկայացնում, եւ գործարքն անվավեր է ճանաչվում, իսկ բաժնետոմսերը վերադարձվում են Գոռ Դավթյանին եւ Ռոբերտ Հարությունյանին:

Այդ ընթացքում սկսվում են բանակցություններ, թղթեր են ստորագրվում, կնքում են նաեւ նախնական պայմանագիր, որ Դավթյանն ու Հարությունյանը կամ պետք է բաժնեմասը վաճառեին Սուքիասյանին, կամ էլ նախկին գործարքի ժամանակ վճարված գումարը վերադարձնեին: Ամեն ինչ ընթանում էր իրավական գործընթացի համաձայն, սակայն անակնկալ կերպով չնչին բաժնեմաս ունեցող բաժնետերերից մեկը հայտարարում է, որ կգնի բաժնետոմսերն, ու տարօրինակ կերպով բաժնետոմսերի սեփականատեր է դառնում Ռուբեն Հայրապետյանը: Այստեղ կատարվել է օրենքի առաջին կոպիտ խախտումը: ՓԲԸ-ի առք ու վաճառքի ժամանակ կարելի է երրորդ անձին վաճառել բաժնետոմս, եթե բաժնետերերը տեղյակ են վաճառքին ու չեն ցանկանում բաժնետոմս գնել:

Սահակյանի խոսքերով` փետրվարի 11-ին Գոռ Դավթյանը զանգահարում է փաստաբան Արա Զոհրաբյանին եւ ասում, որ Հայրապետյանն իրեն վախեցրել է: Դավթյանը Զոհրաբյանից խնդրում էր հանդիպում կազմակերպել Սարիբեկ Սուքիասյանի հետ եւ խնդրում աջակցություն իրավական ձեւակերպումների հարցում: Զոհրաբյանը համապատասխան նամակ է կազմում եւ ուղարկում Ռուբեն Հայրապետյանին` տեղեկացնելով, որ նա իրավունք չունի գնելու բաժնետոմսերը:

«Այս ամենից հետո տարօրինակ կերպով հարձակում է տեղի ունենում: Գոռ Դավթյանին գրասենյակում բերման են ենթարկում, ոստիկանությունը նրան տանում է կալանավայր»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատում է, որ թեպետ Ներսես Նազարյանն ասաց, որ ոստիկանները գործել են օրենքի համաձայն, սակայն փաստաբանն ներկայացրեց ոստիկանների պաշտոնի չարաշահման ու ապօրինությունների փաստեր: «Կա՛մ Նազարյանը հասարակությանը տրամադրում է կեղծ տեղեկատվություն` տեղյակ լինելով գործի մանրամասներին, կա՛մ էլ նախաքննական մարմինը խաբում է ոստիկանապետին: Երկու դեպքում էլ դա պատիվ չի բերում ոստիկանությանը»:

Փաստաբանը պատմում է, որ Սուքիասյանի գրասենյակը գտնվում է երկրորդ հարկում: Ոստիկանները ոչ թե գլխավոր մուտքից, այլ հետնամասից են ներս մտել: «Հասան Սուքիսյանի գրասենյակի մոտ ու սկսեցին դուռը կոտրել: Երբ նրանց բացատրեցին, որ կոտրելու կարիք չկա, կարող են հանգիստ մտնել, նրանք շարունակեցին կոտրել»:

Ոստիկանությունը եկել է Սուքիասյանների գրասենյակ` ստանալով sms հաղորդագրություն Գոռ Հարությունյանից, որ նա գտնվում է անազատության մեջ: «Ունենք ապացույցեր, որ Գոռը անազատության մեջ չի գտնվել: Ունենք տեսաձայնագրություն, թե այդ օրն ինչ է կատարվել»:

Փաստաբանը տրամադրեց անվտանգության տեսախցիկների նկարահանած լուսանկարները, որտեղ հստակ երեւում է, որ Գոռ Դավթյանն անազատության մեջ չի պահվել ու մենակ, հանգիստ քայլերով դուրս է գալիս սենյակից:

Փաստաբանը վստահ է, որ օպերացիան ծրագրված էր: Սարիբեկ Սուքիասյանը նախատեսված 3 ժամի փոխարեն ոստիկանության բաժանմունքում անցկացրել է 10 ժամ: «Երբ այդ ընթացքում փորձում էինք բարձրաձայնել, որ օրենք են խախտում, ոչ ոք չէր լսում: 4 ժամ փաստաբաններին չէին թողնում մտնել ոստիկանություն»:

Սուքիասյանի աշխատասենյակում կատարված հետախուզությունն էլ է եղել ապօրինի: Փաստաբանի վստահեցմամբՙ դատարանի թույլտվության մեջ նշված էր այլ հասցե: «Երբ այդ մասին բարձրաձայնեցի, քննիչը` Արթուր Պետրոսյանը, տաղանդավոր որոշում իրականացրեց. դատարանի որոշման մեջ ջնջում կատարեց ու այլ հասցե ավելացրեց, դեռ տակն էլ ստորագրեց, որ նախաձեռնությունն իրենն է: Բայց զավեշտն այն էր, որ էլի սխալ հասցե գրանցեց»:

Երվանդ Վարոսյանն էլ պատմում է, որ Գոռ Դավթյանը ոստիկանությունում ընկճված էր: «Գլուխն առել էր ձեռքերի մեջ, նրան անընդհատ տեղափոխում էին»: Փաստաբանները նկատել են, որ ինչ-որ մեկը Դավթյանին ստվերի պես հետեւում էր: «Նա իրավունք չուներ գտնվելու ոստիկանությունում: Գիտենք, թե ով է այդ մարդը, ունենք ապացույցներ, սակայն այժմ չենք հրապարակի, որպեսզի չխանգարենք պաշտպանական մարմնի աշխատանքներին», ասացին փաստաբանները

«Կապ ունե՞ր այդ անձը Ռուբեն Հայրապետյանի հետ» հարցին փաստաբանները հրաժարվեցին պատասխանել:

Փաստաբանները տեղեկություններ չունեն, թե այժմ որտեղ է Դավթյանը, սակայն վստահ են, որ նրան լավ պաշտպանում են:

Թեպետ Լուսինե Սահակյանը վստահ է, որ մեղադրող կողմը կշարունակի դիմել ապօրինությունների, սակայն չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել:

«Հույս չունենալով, որ գոնե այս անգամ օրենքը կգործի, կպայքարենք, կներկայացնենք միջնորդություններ, բողոքներ», ասաց նա:

Ինչ վերաբերում է Ներսես Նազարյանի արտահայտությանը` «Ռուբեն Հայրապետյանն էլ, Սարիբեկ Սուքիասյանն էլ իմ ըկերներն են» Սուքիասյանը խնդրել է փաստաբանի միջոցով փոխանցել հետեւյալը. «Ներսես Նազարյանն իմ ընկերը չէ»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Փաստաբաններ Լուսինե Սահակյան եւ Երվանդ Վարոսյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4