Այս տարի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կունենա 3 պրեմիերա: Մարտի 12-ին առաջին անգամ բեմադրվելու է Տոնինո Գուերայի «Մեղրը» պիեսը, բեմադրիչը Արմեն Մազմանյանն է, սակայն երեք պրեմիերաներն էլ մտնում են 2009 թվականի ծրագրերի մեջ: Ներկայացումների ձգձգվելը հիմնականում կապված էր թատրոնի գլխավոր նկարչի կյանքից հեռանալու հետ: 2010-ի ծրագրերով թատրոնը նախատեսում է 2 նոր բեմադրություն` մի դասական եւ մի ժամանակակից գործ:
«Ճիշտ է, մենք շարունակում ենք աշխատել, բայց մեզ անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավար, որը թատրոնում կվարի համապատասխան քաղաքականություն` կստեղծի ռեպերտուար ու դերասանական խումբ, կկազմակերպի փառատոներ: Ի վերջո, թատրոնի գեղագիտական ճաշակի համար պատասխանատու է գեղարվեստական ղեկավարը», երեկ «Հայելի» ակումբում` ասուլիսի ժամանակ, ասաց ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը :
Որ Հայաստանում շատ թատրոններ ունեն շենքային անբարենպաստ պայմաններ, դա նորություն չէ: Այս խնդրից զերծ չի մնացել նաեւ Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ 60-ականներից ի վեր հիմնովին նորոգում չի եղել:
Ասուլիսի մյուս բանախոսը` Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը , տրամադրված էր լավատեսորեն:
«Մեր թատրոնում ոչ մի ստեղծագործական խումբ չի փակվել, իսկ 2001-2006 թվականներին պետպատվեր չենք ունեցել, ներկայացումները բեմադրվել են մեր ծանոթների, բարեկամների միջոցներով: Եթե մենք այդպիսի շրջան ենք հաղթահարել, ապա վստահ եմ` հետագայում մեր աշխատանքն ավելի բեղուն կլինի», ասաց Կամո Հովհաննիսյանը:
Մարտի 7-ին օպերայի եւ բալետի ազգային թատրոնում շարունակվելու է ներկայացվել «Սպարտակ» բալետը: Տոմսերն արժեն 1000-6000 դրամ, որը տնօրենի խոսքով` ամենեւին էլ բարձր չէ:
«Ազգի» հարցին` ինչո՞վ է պայմանավորված հանդիսատեսի անտարբերությունը, մենք ունենք լավ ներկայացումների՞, թե՞ լավ հանդիսատեսի պակաս, Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես մենք ունենք ճաշակի պակաս եւ բեմում, եւ հանդիսատեսի մոտ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ