Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպման քննարկման թեմաները երկուսն էին` գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում խնդիրներն ու առաջարկելիք լուծումները:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ գյուղացին կանգնած է մեծ խնդրի առջեւ, թեեւ արտադրանքը չի հասնոմ մեծ ծավալների, այնուամենայնիվ սպառման խնդիրներ կան: «Գյուղատնտեսությունը պետք է լինի արդյունավետ, եւ գյուղացին չլքի գյուղը: Սա կարեւոր հարց է, որ պետք է քննարկվի ու լուծում ստանա»:
«Գյուղ պահելու համար հարկավոր է վերացնել այն տարբերությունները, որ կա գյուղի եւ քաղաքի միջեւ», նկատել տվեց նախագահը` առաջ քաշելով ու կարեւորելով տարածքների համաչափ զարգացման ծրագիրը:
Խոսրով Հարությունյանը փաստեց, որ մասնատված, հյուծված, ջլատված գյուղացիական տնտեսությունը չի կարող դառնալ դինամիկ զարգացող գյուղատնտեսության հիմք: «Պետք է պայմաններ ստեղծել, որ այդ գյուղացիները միավորվեն իրենց հետաքրքրությունների շուրջը: Երբ ասում ենՙ կոոպերացիա, դա չի նշանակում կոլխոզացում»: Նա նկատեց, որ գյուղացին միայնակ է մնացել, ունի իր ապրանքն իրացնելու խնդիր. նրանից ապրանքն էժան գնում են ու կրկնակի թանկ վերավաճառում: «Թեեւ շուկայում ապրանքների գները բարձրանում են, սակայն գյուղացին դրանից որեւէ օգուտ չի ստանում: Գյուղացին գյուղատնտեսությամբ շահագրգռված չէ», նկատեց նա` միաժամանակ բարձրաձայնելով գյուղատնտեսական տեխնիկայի անմխիթար վիճակի հարցը:
Նախագահն էլ ասաց, որ գյուղացուն կարելի է աջակցելՙ Հայաստան բերելով ժամանակակից տեխնիկական միջոցներ ու տեխնոլոգիաներ:
Հարությունյանը համոզված է, որ գյուղատնտեսական քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն իրականացնելու համար պետք է առաջնահերթ փոփոխել գիտակցությունը:
«Կոոպերացիաների գաղափարը լավն է, սակայն չպետք է դիտել որպես «անմահական խնձոր», նկատեց նախագահ Սարգսյանը:
«Գաղափարը կարեւոր է, բայց չգերագնահատենք», առաջարկեց Վլադիմիր Մովսիսյանը : «Կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ձեռնարկած միջոցառումների անարդյունավետության պատճառը գյուղատնտեսության ենթակառուցվածքների անկատարությունն է: Օրինակ, ոռոգման համակարգը կայացած է, սակայն մատչելի չէ: Տարբեր պատճառներով 70.000 հա չի ոռոգվում: Շուկայական համակարգը կիսակայացած է, իսկ ապահովագրությունը կամ արտադրական սպասարկումն ընդհանրապես կայացած չեն»:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը կոոպերացիաների ստեղծումը համարեց գյուղատնտեսության զարգացման ուղիներից մեկը: Ըստ նրա, կոոպերացիաների միջոցով գյուղացիները կարող են միասնական ուժերով վարուցանք անել, ավելի էժան գներով ձեռք բերել պարարտանյութ:
Ստեղծում են համաշխարհային ստանդարտներին համապատասխան արտադրանք, սակայն արտահանել չեն կարողանում
Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառած տնտեսության անկմանը, տեղեկատվական ոլորտում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ` մոտ 17 տոկոս: Սրանք «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանի ներկայացրած տվյալներն են:
Խոսելով ինտերնետի սակագների ու որակի մասին` Մուսայելյանը փաստեց, որ դրանք չեն նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելիության ընդլայնմանը:
«Հայաստանում կան առաջատար ընկերություններ, որոնք ռեգիոնալ առումով բարձրարժեք արտադրանք են ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություններն իրենց արտադրանքը արտահանում են ինտերնետի միջոցով: Ինտերնետի որակը ցածր է, նորմալ չենք կարողանում արտահանել մեր արտադրանքը»:
Այդ կապակցությամբ նա առաջարկում է մշակել ինտերնետի որակի, արագության տատանումների եւ հասանելիության ծառայությունների չափանիշներ` խախտման դեպքում սահմանել որոշակի տույժ եւ տուգանք:
Հանրային խորհուրդն այդ առնչությամբ փաստաթուղթ է կազմել, որի վրա աշխատել են ոլորտի լավագույն մասնագետները, սակայն փաստաթուղթը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հավանությանը (ՀԾԿՀ) չի արժանացել: Մուսայելյանը նախագահ Սարգսյանին առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծելու ցուցում տալ, որտեղ կընդգրկվեն ոչ միայն ՀԽ անդամները, այլեւ ՀԾԿՀ-ն, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարությունների ներկայացուցիչներ: Այն ժամանակ առ ժամանակ նախագահին կներկայացնի զեկույց ոլորտի զարգացման խոչընդոտների վերաբերյալ:
«Իսկ ի՞նչն է պատճառը, որ ինտերնետի որակը ցածր է»ՙ նախագահի հարցին Մուսայելյանը պատասխանեց, որ իրենց էլ հարյուր տոկոսով հարցի պատասխանը հայտնի չէ: «Մանրածախ պրովայդերներն ասում են, որ մեծածախ պրովայդերներն արդեն դրսից վատորակ ինտերնետ են գնում, իսկ մեծածախներն ասում են, որ իրենք որակով ինտերնետ են տալիս մանրածախ պրովայդերներին»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ