Կամ ինչպես մի քանի րոպեում նոտարական վավերացման համար գրպանել 15-25 հազար դրամ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի կառավարության ծրագրերից է մեր երկիրը «բիզնես գերազանցության կենտրոն» դարձնելը: Ավելի պարզ լեզվովՙ մեր երկրում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նոր գործը սկսող գործարարն առանց ավելորդ քաշքշուկների, արագ գրանցի իր ձեռնարկությունը, հետագայում պետական համապատասխան մարմիններիՙ պետռեգիստրի, հարկային եւ մաքսային ծառայությունների, նոտարական գրասենյակների, կադաստրի աշխատակիցներից ստանա անհրաժեշտ տեղեկատվությունն ու սպասարկումը, հնարավորինս քիչ շփումներ ունենա պաշտոնյաների հետ իր գործունեության ընթացքում եւ այլն: Սակայն այս նպատակները հռչակած կառավարությունը ոչ մի կերպ չի տեսնում այն բացահայտ կողոպուտը, որին ամեն օր, ամեն րոպե ենթարկվում են մեր քաղաքացիներն ու գործարարները Հայաստանի բոլոր, ընդգծում ենք, առանց բացառության բոլոր նոտարական գրասենյակներում:
Հակառակ մեր բոլորիս պատկերացումներին, Հայաստանում, ամենաշահութաբեր բիզնեսը ոչ թե բնական մենաշնորհներ ունեցող ոլորտներն են (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), ո՛չ թե շաքարավազի կամ հացահատիկի արդեն արհեստական մենաշնորհ հանդիսացող ներմուծումը, ո՛չ շինարարությունը, ո՛չ զանգվածային սպառման ապրանքների վաճառքը, այլ նոտարական թալանչիական «բիզնեսը»: Ընդ որում, այն ոչ միայն գերշահութաբեր է, այլեւ բացարձակ զերծ ռիսկից, նախնական եւ ընթացիկ ներդրումներից, գովազդի եւ մարկետինգի ծախսերից: «Բիզնես», որը մշտապես ունի բազմաթիվ հաճախորդներ, որոնք այլ ելք չունեն նոտարի «ոտը չգալու»: Գուցե կառավարության եւ մասնավորապես արդարադատության նախարարի համար հետաքրքրական կլինի, թե ի՞նչ է տեղի ունենում նոտարական գրասենյակներում եւ ի՞նչ գումարներ են կլանում քաղաքացիներից եւ գործարարներից պետական կոչված նոտարները, որոնց գործունեությանը բախվելու դժբախտություն ենք ունեցել շարքային քաղաքացիներս:
Ամեն մի գործարք վավերացնելու համար սահմանված են որոշակի պետական տուրք եւ ծառայության վճար: Նոտարական գրասենյակներում գրված եւ պատերին փակցված է, թե ո՞ր ծառայության համար ի՞նչ պետտուրք եւ որքա՞ն ծառայության վճար պետք է վճարվի: Օրինակՙ անշարժ գույքի վարձակալության համար սահմանված է բազային տուրքի հնգապատիկի չափով պետական տուրք: Նշված է նաեւ, որ բազային տուրքի չափը 1000 դրամ է: Քիչ թե շատ գրագետ քաղաքացիները կհասկանան, որ խոսքը 5000 դրամ արժողությամբ գործարքի մասին է, որին պետք է ավելանա նոտարական ծառայության վճարը, որը առավելագույնը կարող է նույնքան լինել: Այսինքն, համաձայն օրենքի, քաղաքացին պետք է վճարի շուրջ 10 հազար դրամ եւ ստանա նոտարական վավերացումը: Սակայն օրենքի տեսական դրույթներից օգտվելու ցանկություն ունեցողին գործնականում հակադրվում է դաժան իրականությունը:
Նոտարական որեւէ վավերացում չի կատարվում 20 հազար դրամից ցածր գումարով: Ավելի ճիշտՙ 20-30 հազար դրամ, ինչը միայն նոտարին վճարվող գումարն է կազմում: Ընդ որում, երբ փորձ արեցինք նոտարի մոտ վկայակոչել, որ իր ընդունարանում փակցված իրազեկման մեջ նշված է 5 հազար դրամ պետական տուրքի չափը, ստացանք «Իմ ծառայության գինը սա է» պատասխանը: Մոտավորապեսՙ «Սա իմ հոր բոստանն է, ինչ կուզեմ, կանեմ»: Միաժամանակ, նշենք, որ նոտարին վճարվող գումարի մեջ չի մտնում նոտարի ընդունարանի աշխատակցուհուն վճարվող գումարըՙ 2500-3000 դրամ (կախված տվյալ նոտարի մոտ աշխատողի «բարեհոգությունից») մեկ-երկու տպագիր էջի համակարգչային շարվածքի համար: Երբ 1 էջի համակարգչային շարվածքի շուկայական գինը 200 դրամ է: Իսկ նոտարին վճարվող ծառայության համար, պարզվում է, պայմանագրիՙ համակարգչով հավաքելը, ավելի շուտՙ օրինակելի ձեւի վրա միայն մարդկանց կամ կազմակերպությունների անուններ փոխելը, չի մտնում...
Կանխելու համար պետական պատասխանատուների հերթապահՙ «այլ նոտարի դիմեք» խորհուրդը, տեղեկացնենք, որ օրենքով նախատեսված պետտուրքի չափով գործարքը վավերացնելու համար դիմեցինք եւս մի քանի նոտարների: Նրանց առաջարկած «ծառայությունների» արժեքը նույնն էր: Դարձյալ որեւէ հիշեցում օրենքով սահմանված պետական տուրքի եւ ծառայության վճարի մասին ոչ մեկին չէր հետաքրքրում: Նրանց թելադրած գինը 20 (25, 28, 30) հազար դրամն էր, չհաշված համակարգչային շարվածքի 2500-3000 դրամը:
Ստիպված 20 հազար դրամով գործարքը վավերացրինքՙ գումարը թողնելով նոտարի գրասեղանի աջ դարակում եւ 2500 դրամ վճարելով պայմանագրի համակարգչային շարվածքի համար: Բնականաբար, բանկի միջոցով վճարման կամ կտրոնի տրամադրման մասին խոսելն անգամ ավելորդ էր, քանի որ փոքր-ինչ բարի գտնված եւ նվազագույն գին առաջարկած առեւտրականը, այսինքնՙ նոտարը, կարող էր զայրանալ եւ բարձրացնել գինը:
Ավելացնենք, որ նոտարական գրասենյակները մշտապես լի են հաճախորդներով, եւ յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ հերթական գործարքն է վավերացվում: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով, ամենահամեստ նոտարը յուրաքանչյուր գործարքից «իր հալալ քրտինքով» գրպանում է նվազագույնը 15 հազար դրամ, ինչը մեկ ժամում կազմում է 60 հազար դրամ, իսկ 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքումՙ 480 հազար դրամ, հանած որպես պետական տուրք վճարվող գումարը: Մեկ օրում 480 հազար դրամ, մեկ ամսում (20 աշխատանքային օրերի ընթացքում)` 9 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 25 հազար դոլար: Դե հիմա թող որեւէ մեկը պնդի, թե Հայաստանում կա ավելի շահութաբեր, արագ շրջանառություն ունեցող եւ առանց ռիսկերի բիզնես: Ու մինչ Հայաստանի կառավարությունը մտածում է, թե ինչպես անի, որ Հայաստանը դառնա «բիզնես գերազանցության կենտրոն», նոտարներն արդեն ճանապարհը գտել են եւ իրենց վաղուց դարձրել «բիզնես գերազանցության կենտրոն», ինչպիսին չկա ամբողջ աշխարհում: