Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Հայոց ցեղասպանության բանաձեւը: Հարցն արդեն օրակարգում է: Մինչ այդ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական կազմակերպությունների հետ հանդիպման ցանկություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հանդիպումը, սակայն, հետաձգվել էր անորոշ ժամկետով: Պաշտոնական բացատրությունը Վաշինգտոնում տեղացած առատ ձյունն էր: Պետքարտուղարի հետ հանդիպմանը հրավիրված էին Հայ եկեղեցու, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայկական համագումարի, «Վարդանանց ասպետների» եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: «Չեմ կարծում, որ հետաձգված հանդիպումը մինչեւ մարտի 4-ը կկայանա: Մինչդեռ հանդիպումը կարեւոր նշանակություն կարող էր ունենալ` պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, եւ ըստ այդմ հետագայում քայլեր ձեռնարկել: Հանդիպման չկայանալու պաշտոնական բացատրությունը մենք գիտենք, սակայն այստեղ կա նաեւ ՀՅԴ-ի մեղքը, որը դժգոհ էր հանդիպման մասնակից կազմակերպությունների ցանկից: Հանդիպմանը պետք է ներկայանային ԱՄՆ-ում հայկական լոբբիինգի գլխավոր սյուները, սակայն ՀՅԴ-ն ցանկանում էր, որ ընդգրկված լինեն ՀՕՄ-ը եւ Անթիլիասի թեմերը, որոնք լոբբիստական կազմակերպություններ չեն: Նրանք մերժեցին մասնակցել նաեւ Հայկական համագումարի կազմակերպած նախախորհրդակցական հանդիպմանը», երեկ ասաց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Դե ֆակտո» ակումբումՙ լրագրողների հետ հանդիպմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի ընդունման հավանականություն կա, քանի որ ցեղասպանության ճանաչումն այս անգամ եւս հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ֆոնին շահարկման նյութ է դարձել: «Մեր դժբախտությունը սակարկման առարկա է դարձել: Եվ մենք էլ ակամա ներքաշվել ենք այդ խաղի մեջ», նկատեց Հակոբ Ավետիքյանը:
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջը «Ազգ» օրաթերթի խմբագիրը զարգացման երկու սցենար է տեսնում: Թուրքիան շարունակում է մնալ իր դիրքորոշմանը եւ չի վավերացնում արձանագրությունները, տարածաշրջանում ավելանում է լարվածությունը: Թուրքիան կարող է նաեւ վավերացնել արձանագրությունները, սակայն խիստ վերապահումներով, ինչն էլ իր հերթին կստիպի հայկական կողմին մերժել դրանք, եւ դա կլինի թուրքերի հաջողությունըՙ գործընթացի ձախողումը հայկական կողմին վերագրելու իմաստով: «Երկրորդ սցենարի զարգացման դեպքում մենք պետք է միավորենք մեր ուժերը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տանք, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն ապակառուցողական ու խանգարիչ են, այլեւ այդ երկիրն անելիք չունի Անդրկովկասում կայունության ապահովման ուղղությամբ: Սա, իհարկե, հեշտ խնդիր չէ եւ պահանջում է դիվանագիտական եւ լոբբիստական ուժերի լարում», ասաց Հակոբ Ավետիքյանը: Այս պարագայում հստակ անելիք ունեն նաեւ սփյուռքի ներկայացուցիչները, որոնք պետք է մեկ անգամ եւս կարեւորվեն Հայաստանի կողմից: «Այլ է տվյալ երկրի հայազգի քաղաքացիների աշխատանքը, որոնք ընտրելու իրավունք ունեն, այլ է` Հայաստանի իշխանություններինը», ասաց Հակոբ Ավետիքյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ