Ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառի առեւտրականների դժգոհությունների կապակցությամբ
Մինչ կառավարության նիստի սկսվելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երկու հարցիՙ պետական կառավարման համակարգի արդյունավետությանը եւ ոսկու տոնավաճառի առեւտրականների վերջին օրերի դժգոհություններին:
Նշելով, որ իշխանություններն ունեն կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, վարչապետն այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքում կարեւոր համարեց նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների դերակատարությունը: Նրա հավաստիացմամբ, այլեւս չեն հանդուրժվելու աշխատակազմի այնպիսի ղեկավարներ, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս: Նման դեպք, ըստ վարչապետի, արդեն արձանագրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Վերջինիս աշխատակազմի ղեկավարը աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար նախարարի միջնորդությամբ ստացել է վարչապետի խիստ նկատողությունը: Սակայն աշխատանքը չի շտկվել, նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, որպեսզի աշխատակազմի ղեկավարին ազատեն աշխատանքից:
Ինչ վերաբերում է տոնավաճառների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթներին, ապա վարչապետը նախ վերստին նշեց, որ կառավարությունը մտադիր է կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, որտեղ գտնվում է ստվերային տնտեսությունը սպասարկող հիմնական խոչընդոտներից մեկը եւ որը թույլ չի տալիս մեր երկրում կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը: «Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է: Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը: Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում», ընդգծեց Տիգրան Սարգսյանը: Սակայն «այստեղ կա մի առանձնահատկություն` մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա», որոնք, ըստ վարչապետի, պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին, եւ այդ տեղեկությունը հասանելի լիներ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի չանհանգստացներ օրինական դաշտում աշխատող անհատ ձեռներեցին` տվյալների բազայում տեսնելով նրա վճարած ծավալները, անհանգստացներ միայն տոնավաճառի այն մասնակցին, որը ցույց է տալիս ակնհայտորեն փոքր ծավալի գործառույթներ:
«Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառի պատմությունը ցույց է տալիս, որ փորձ է արվում ֆինանսական բեռը նորից դնելու փոքր եւ միջին բիզնեսի վրա, տոնավաճառի կազմակերպիչների կողմից բազմաթիվ վճարներ են սահմանվում ծառայության դիմաց, եւ դրանք գանձվում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է, եւ ինչն էլ, ըստ էության, ընկած է տոնավաճառում աշխատողների բողոքի եւ դժգոհության հիմքում: Մարդիկ պատրաստ են վճարել այնքան հարկ, որքան իրենք վճարում էին: Բայց եթե տոնավաճառի կազմակերպիչները նրանցից լրացուցիչ գումար են գանձում, բնականաբար, դա ազդում է նրանց ֆինանսական գործունեության արդյունքների վրա: Եվ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որ նրանք առաջին հերթին հսկողության տակ պահեն տոնավաճառների կազմակերպիչների գործառույթները եւ նրանց ստանձնած պարտավորությունները, եւ առաջին հերթին խստապահանջ լինենք նրանց նկատմամբ», եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ