«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2010-02-24 | #33, 2010-02-25 | #34, 2010-02-26


«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼՈՒ»

Երեկ «Արմատ» կենտրոնում քննարկում էին կազմակերպել նախկին «քաղբանտարկյալները», ովքեր կալանավորվել էին 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Քննարկվող թեմաները վերաբերում էին հայաստանյան դատաիրավական համակարգին ու քրեակատարողական հիմնարկների պայմաններին:

  Պետրոս Մակեյանը , որ կալանավորված է եղել տարբեր քրեակատարողական հիմնարկներում, պատմեց ուղղիչ հիմնարկների ծանր պայմանների եւ անօրինականությունների մասին:

«Կալանավայրում ամենակարեւորը սանիտարահիգիենիկ վիճակն է, իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի շատ խցերում վխտում էին առնետներն ու միջատները», ասաց Պետրոս Մակեյանը, «ես եւ իմ ընկերները չենք կարողացել կապ ունենալ մեր հարազատների հետ, ինչն օրենքի խախտում էր, միայն Եվրոխորհրդի ճնշման տակ կարողացանք շփվել հարազատների հետ: Օրենքի խախտում էր նաեւ այն, որ իմ խցում տեղադրված էր տեսախցիկ»:

Քննարկմանը մասնակցող նախկին մյուս «քաղբանտարկյալները» նշեցին, որ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը բացարձակ չի գործում, իսկ կալանավորների ճակատագիրը հանձնված է «գողական» կոչված համակարգին:

Մասնակիցներն անդրադարձան նաեւ արդարադատության ոլորտում տեղական ու միջազգային կազմակերպությունների դերակատարմանը:

«Դարեր շարունակ պայքարելուց հետո ստեղծեցինք անկախ պետություն, բայց այդ պետության մեջ չենք կարողանում հասնել արդարադատության ու գնում ենք արդարադատություն մուրալու այս կամ այն միջազգային կառույցում: Սա ամոթալի է բոլորիս համար», ասաց Ալեքսանդր Արզումանյանը :

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4