«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2010-02-25 | #34, 2010-02-26 | #35, 2010-02-27


ՃԱՆԱՉԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

22 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի կողմից հայաբնակ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ:

«Մենք լռում ենք մեր ճշմարտության մասին, իսկ Ադրբեջանն իր սուտն ու կեղծիքը տարածում է աշխարհով մեկ եւ իրեն զոհի տեղ դնում: Ադրբեջանի քարոզչական մեքենայի կողմից Խոջալուի վերաբերյալ վերջերս ստեղծված հեքիաթը մի նպատակ է հետապնդում` քողարկել Սումգայիթում իր կատարած քրեական հանցանքն ու շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը», երեկ «Դուպլեքս» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը :

Ըստ ասամբլեայի` Սումգայիթում Ադրբեջանի կատարած հանցագործությունը չպետք է մնա անպատիժ, այդ մասին ամբողջ աշխարհը պետք է իմանա, բայց նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունում այդ հանցանքը պաշտոնապես ճանաչվի որպես ցեղասպանություն: Սումգայիթյան ցեղասպանության վերաբերյալ ԱԺ-ի օրակարգում կա մի նախագիծ, որը ներկայացվել է ադրբեջանահայերի խնդրանքով:

Վերջում բանախոսն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքների բնակեցման խնդրին:

«Չեմ կարծում, որ ադրբեջանահայ համայնքի անդամների վերաբնակեցումն ազատագրված տարածքներում կլինի հարցի լավագույն լուծումը: Այդ տարածքները պետք է վերաբնակեցվեն հայ գյուղացիներով` գաղութացման սկզբունքով», ասաց Գրիգորի Այվազյանը:

Նրա կարծիքից կարելի է հետեւություն անել, որ կարելի է տեղահանել գյուղացիներին ու դատարկել հայկական գյուղերը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4