Ըստ ՀԲ ներկայացուցչի, կնպաստեն Հայաստանի տնտեսության ճգնաժամից ավելի արագ դուրս գալուն
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախօրեին ՀԲ տնօրենների խորհրդի հաստատածՙ Հայաստանին ուղղված երկու վարկային ծրագրերը: Առաջինը` 7 մլն դոլար արժողությամբ, ուղղված է «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը: Այսՙ լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի Հայաստանի 35 համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանը եւ կստեղծի մոտ 200 մշտական աշխատատեղեր: Ինչպես նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը, ծրագրի ավարտին 235 համայնքներ կունենան նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ, համայնքային կենտրոններ եւ այլ կառույցներ:
Երկրորդ վարկային ծրագրի արժեքն է 5 մլն դոլար, որն ուղղված է «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը: Այդ գումարով նախատեսվում է բարելավել աղքատ ընտանիքների սոցիալական նպաստների համակարգը, աջակցել կենսաթոշակային բարեփոխումներինՙ ներառյալ անհատական քարտերի համակարգի ներդրմանը:
Մամուլի ասուլիսի հիմնական ժամանակը, սակայն, Արիստոմենե Վարուդակիսը նվիրեց լրագրողների հարցերին պատասխանելուն: Խոսելով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի մասին, ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը այն կարծիքը հայտնեց, թե հունվարին արձանագրված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,4 տոկոս աճը վկայում է, որ մեր տնտեսությունը կայունացել է եւ հետընթաց չի ապրում: Տարեկան տնտեսական աճը, ՀԲ կանխատեսումներով, կկազմի մոտ 2 տոկոս: Դա նշանակում է, որ ճգնաժամի սուր փուլն ավարտվել է, բայց չի նշանակում, որ ճգնաժամը լրիվ ավարտված է: Եթե այս տարի 2-3 տոկոս աճ լինի, ապա, ըստ Արիտոմենե Վարուդակիսի, դա նշանակում է, որ եւս 4 տարի կպահանջվի, որ տնտեսական մակարդակը վերադառնա 2008-ի ցուցանիշին: Ճգնաժամից ավելի շուտ դուրս գալու համար հարկ է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվի: ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ կառավարությունն այդպիսի ջանքեր է գործադրում, եւ բերեց ազգային մրցունակության խորհրդի կողմից զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա միաժամանակ կարեւորեց օլիգոպոլիաների դեմ ավելի համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը հատկապես ներմուծման մի շարք ոլորտներում: «Եթե չհաջողվի օլիգոպոլիաների ազդեցությունը նվազեցնել, դա ավերիչ ազդեցություն կունենա տնտեսության վրա», փաստեց Արիստոմոնե Վարուդակիսը: Այդ ուղղությամբ, ըստ նրա, կարեւոր քայլ կլինի մաքսային համակարգի բարեփոխումը, որը բոլոր ներմուծողների համար հավասար եւ թափանցիկ պայմաններ կապահովի, թույլ տալով, որ բոլորը մտնեն գործունեության դաշտ:
Մատնանշելով անցյալ տարվա գնաճի 6,5 տոկոս եւ այս տարվա հունվարի գնաճի 7 տոկոս ցուցանիշները, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ դա պայմանավորված է անցյալ տարվա դրամի արժեզրկմամբ, կոմունալ վճարների բարձրացմամբ, միջազգային շուկայում շաքարավազի, դեղորայքի թանկացմամբ եւ պայմանավորված չէ ներքին պահանջարկի աճով:
Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ կազմում է 45 տոկոս եւ տարվերջին հնարավոր է, որ կազմի 50 տոկոս: Սակայն, ըստ Արիստոմենե Վարուդակիսի, սա ահագնացող պարտք չէ, քանի որ վարկերը տրամադրված են լավ պայմաններով, եւ, օրինակՙ ՀԲ վարկերը 10 տարի արտոնյալ ժամկետ ունեն: Միաժամանակ, շատ կարեւոր համարվեց, որ Հայաստանի կառավարությունը բարելավի հարկեր հավաքելու գործընթացը, որպեսզի հետագայում հնարավոր լինի վճարել վերցված վարկերի գումարները:
«Հայ-թուրքական սահմանի բացումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի եւ տարածաշրջանի համար» հարցին ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը պատասխանեց, որ դա լավ խթան կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Մասնավորապես, Հայաստանի դեպքում կնվազեն արտահանվող եւ ներմուծվող ապրանքներ գներըՙ դրանով իսկ նվազեցնելով գնաճը, ինչպես նաեւ կթուլանա օլիգոպոլիաների ազդեցությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ