Սերբ հանրահայտ ռեժիսոր եւ երաժիշտ էմիր Կուստուրիցան մարտի 5-ին առաջին անգամ կայցելի Հայաստան, բայց ոչ իր ֆիլմերի ցուցադրության, այլ «The no smoking orchestra» խմբի հետ ելույթ ունենալու առիթով: Այս խմբում նա հանդես է գալիս որպես կիթառահարՙ նվագելով թուրքական մարշերից, գնչուական մեղեդիներից եւ քաունթրի ոճից բաղկացած երաժշտություն: Կուստուրիցան այն բացառիկ ռեժիսորներից է, որին 30 տարեկանում անվանել են «բալկանյան Ֆելինի», եւ արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին: Այժմ նա 56 տարեկան է, ինչպես ինքն է ասում, ապրում է իր հորինած աշխարհում եւ ազատ թռչունի պես ճախրում է այնտեղ: «Միշտ հավատարիմ եմ եղել հեղինակային կինոյին: Հոլիվուդն ինձ համար չէ: Այ, 50-ականներին Մ. Նահանգներում կինո է եղել, իսկ հիմա ժամանակակից ճարտարապետության պես ոչինչ չի արտահայտում», ասում է Կուստուրիցան: Նրա կինոաշխարհն այնպիսին է, ինչպես ինքը` եթերային, խենթ ու խելառ, անսովոր գեղեցիկ եւ, իհարկե, երաժշտական: Իսկ ամենակարեւորըՙ հրաշքներով լի: «Իմ գործն ամենեւին դատելը չէ, ոչ էլ մեղավոր ու անմեղ փնտրելը, դրանով թող զբաղվի ՍԻ-ԷՆ-ԷՆ-ը: Ես ցանկացել եմ էկրանին ցուցադրել, որ կյանքը հրաշք է: Մարդը պետք է հավատա հրաշքներին: Անտիկ ժամանակներում մարդիկ հավատացել են, եւ դա նրանց օգնել է բացահայտելու բնության օրենքները»:
Իր «Կյանքը հրաշք է» ֆիլմում Կուստուրիցան ապացուցել է իր խոսքերի ճշմարտացիությունըՙ պատկերելով պատերազմի ամբողջ անհեթեթությունը:
Նա ծնվել է 1954-ին Սարաեւոյում, այն ժամանակ, երբ Բոսնիա Հերցեգովինան Հարավսլավիայի կազմում էր: Նրա ծնողները մահմեդականներ են, բայց իր պնդմամբ, նախնիները եղել են ուղղափառ սերբեր: Հայրը` Մուրատ Կուստուրիցան եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, աշխատել է տեղեկատվության նախարարությունում: Կուստուրիցան 18 տարեկանում թողել է հայրենի Սարաեւոն եւ մեկնել է Պրահաՙ ուսանելու տեղի հեղինակավոր արվեստի ակադեմիայում (FAMU), որի սաներն են եղել նաեւ հայտնի ռեժիսորներ Միլոշ Ֆորմանը, Իրժի Մենզելը, Գորան Պասկալեւիչը: Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը Կուստուրիցան նկարահանել է Պրահայում, իսկ դիպլոմային ֆիլմը` «Գերնիկա» վերնագրով 1978-ին արժանացել է Կարլովի Վարիի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Պրահայից հայրենի քաղաք վերադառնալուց հետո Կուստուրիցան նկարահանում է հեռուստատեսային ֆիլմեր, իսկ 1981-ին ստեղծում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Արդյոք հիշո՞ւմ ես Դոլի Բելին», որը նրան բերում է առաջին խոշոր հաջողությունը` Վենետիկի կինոփառատոնի լավագույն դեբյուտային ֆիլմ ավանակարգում մրցանակը: Նրա հաջորդ ֆիլմը` «Հայրիկը գործուղման մեջ» արժանացել է Կաննի կինոփառատոնի 2 մրցանակի: Կաննում մրցանակ է ստացել նաեւ նրա «Գնչուների ժամանակը» ֆիլմըՙ լավագույն ռեժիսուրա անվանակարգում: Հենց այդ ժամանակվանից էլ Կուստուրիցան սկսել է նվագել բաս կիթառի վրաՙ Սարաեւոյի « Zabranjeno pusenje» պանկ ռոք խմբում: Դա պատճառ է դառնում, որպեսզի նրան հեռացնեն Սարաեւոյի կինոդպրոցից, որտեղ նա դասավանդում էր: Դրանից հետո Միլոշ Ֆորմանը նրան հրավիրում է դասախոսություններ կարդալու Կոլումբիայի համալսարանում: 1992 թվականին, երբ սկսվում է պատերազմը Բոսնիայում, նրա հայրական տունը ավերվում է, հայրը մահանում է սրտի կաթվածից: Կուստուրիցայի ընտանիքը ապաստան է գտնում Չեռնոգորիայում: Պատերազմական թեմայով նա նկարահանում է «Անդեգրաունդ» ֆիլմը, արժանանում է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին, իսկ 3 տարի անց նորից անցնում է գնչուական թեմայինՙ նկարահանելով «Սեւ կատու, սպիտակ կատու» ֆիլմը, որը նրան բերեց Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակը:
Հենց այդ ժամանակ Zabranjeno pusenje» պանկ ռոք խմբի մեներգիչ եւ երգերի համահեղինակ Հելլե Կարայլիչը ստեղծեց «The no smoking orchestra» նվագախումբը: Կուստուրիցան երկար ժամանակ էր հատկացնում նվագախմբին, նրա կազմում ընգրկելով նաեւ հարվածային գործիքների վրա նվագող որդունՙ Ստրիբոր Կուստուրիցային: Երկարատեւ ընդմիջումից հետո Կուստուրիցան 2004-ին նկարահանում է իր «Կյանքը հրաշք է» ֆիլմըՙ վերստին անդրադառնալով պատերազմական թեմային:
Նվագախմբի երաժիշտների հետ 2007-ին մասնակցում է «Գնչուների ժամանակը» պանկ-օպերայի պրեմիերային, իսկ 2008-ին նկարահանում է «Մարադոնան Կուստուրիցայի աչքերով» վավերագրական ֆիլմը: Իր հարցազրույցներից մեկում Կուստուրացին ասել է, որ երբեք չի զբաղվել իր ֆիլմերի արտադրության, տարածման եւ շահույթի հետ կապված հարցերով: «Ֆիլմ նկարահանելը վտանգավոր գործ է, որովհետեւ այդ ժամանակ կարծես կանգնում ես երկրագնդի կենտրոնում: Եթե տաղանդավոր ես այնքան, որ կարող ես ամեն բան ընդգրկել կադրի շրջանակի մեջ, այդ դեպքում քեզ կհաջողվի սկզբնական գաղափարն էլ ավելի ընդլայնել: Ամենահետաքրքրականն ու գրավիչն այն է, որ միշտ առկա է ռիսկի գործոնը: Դա իսկական խենթություն է: Կադրի լույսը, ամեն մի մանրուքը պետք է իր տեղում լինի, որովհետեւ յուրաքանչյուր կադր իր ճակատագիրն ունի: Երբ հաշվում ես, թե այդպիսի քանի կադր ունես եւ ինչ զոհողություններ ես անում քո կյանքում եւ արվեստում, հասկանում ես, որ դա իսկապես խենթություն է: Ֆիլմ նկարահանելը բացարձակ նվիրում է պահանջում»:
Քաղաքական հայացքները
Կուստուրիցան հաճախ է թունոտ խոսքեր լսել եւ հարձակումների ենթարկվել իր քաղաքական հայացքների համար, քանի որ դեմ է եղել Հարավսլավիայի մասնատմանը: Թեպետ այդ հանրապետությունն այլեւս գոյություն չունի, սակայն Կուստուրիցան շարունակում է իրեն հարավսլավացի կոչել: Նրան հաճախ են մեղադրել պրոսերբական գաղափարներ տարածելու համար, մինչեւ իսկ թունդ բանավեճ է ունեցել ֆրանսիական «Լը մոնդի» թղթակցի հետ եւ վերջինիս կողմից անտաղանդ կոչվել: Ֆրանսիական մամուլից վրդովված Կուստուրիցան նույնիսկ կինոաշխարհից հեռանալու որոշում է կայացրել, որն, իհարկե, չի իրականացրել: Քաղաքական հայացքների հակադրությունը նրան նույնիսկ հասցրել է մենամարտի. 1993-ին նա ձեռնոց է նետել սերբ արմատական ազգայնականներից մեկինՙ նրան մենամարտի հրավիրելով Բելգրադի կենտրոնական փողոցում, սակայն հակառակորդը հրաժարվել է մենամարտից: 2007 -ին նա իր ձայնը տվել է Սերբիայի դեմոկրտական կուսակցությանը, իսկ ավելի ուշՙ մասնակցել է Կոսովոյի անկախացման դեմ անցկացվող միտինգներին:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ