«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2010-02-25 | #34, 2010-02-26 | #35, 2010-02-27


«ՈՍԿԵ ԱՐՋԸ» ՀԱՆՁՆՎԵՑ ՍԵՄԻՀ ԿԱՊԼԱՆՕՂԼՈՒԻՆ

Թուրքական կինոյի վարպետ Սեմիհ Կապլանօղլուի «Յուսուֆի եռագրության» վերջին` «Մեղր» ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակին ` «Ոսկե արջին»: Սա թուրքական կինոյի առաջին «Ոսկե արջն» է` 1964 թվականից ի վեր: Փառատոնն աստղային էր նաեւ Ռոման Պոլանսկու համար, որը մրցանակի արժանացավ լավագույն ռեժիսոր անվանակարգում` «Ուրվական գրողը» քաղաքական թրիլլերի համար:

7 հոգուց բաղկացած ժյուրին` գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգի եւ օսկարակիր դերասանուհի Ռենե Զելվեգերի գլխավորությամբ, որոշեցին «Ոսկե արջը» շնորհել թուրքական ֆիլմին, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս 7-ամյա տղան: Թուրք-գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված այս ֆիլմը մաքառող դպրոցականի մասին, որի հայրը մահանում է տարօրինակ պատահարի ժամանակ: 6-ամյա տղան հոր մահից հետո կորցնում է խոսելու ընդունակությունը:

Ֆիլմը նկարահանվել է գյուղական միջավայրին բնորոշ հարուստ բնապատկերներով, որոնք ուղեկցում են հանդիսատեսինՙ հորը որոնող տղային հետեւելով: Տղայի դերը խաղացել է Բորա Ալթաուն, ով այժմ 8 տարեկան է:

Ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն ասել է, որ մրցանակը նման է վերածննդի եւ ներշնչանքի աղբյուր կդառնա երիտասարդ կինոգործիչների համար: Ռեժիսորի «Յուսուֆի եռագրության» երեք ֆիլմերը («Ձու», «Կաթ» եւ «Մեղր») պատմում են գլխավոր հերոսի` 6-ամյա տղայի պատմությունը, նկարագրում նրա դաստիարակությունն ու զարգացումը` գյուղական միջավայրում:

1964 թվականից սա առաջին անգամն էր, որ թուրքական ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակի: Առաջին «Ոսկե արջը» ստացել էր Մեթին Երքսանը «Չոր ամառ» ֆիլմի համար: Ֆիլմը երկու եղբայր ֆերմերների մասին է, որոնք վերահսկողության տակ առնելով գյուղի ջրի պաշարն, իրենց քմահաճույքն են թելադրում տեղի բնակիչներին:

76-ամյա Ռոման Պոլանսկին չէր մասնակցել իր ֆիլմի` Բեռլինալեում կայացած համաշխարհային պրեմերիային: Պատճառը ռեժիսորի տնային կալանքն էր Շվեյցարիայում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4