Ադրբեջանական քարոզչամեքենան Խոջալուի թեման պարբերաբար փորձում է օգտագործել որպես հայերի աքիլլեսյան գարշապար:
Ըստ 1news.az-ի, Ադրբեջանը հիմա էլ նպատակ է դրել Խոջալուի դեպքերը քննարկման նյութ դարձնել գերմանական Բունդեսթագում: Թիրախն, ինչպես եւ կարելի է ենթադրել, Հայաստանն է, որըՙ «իբրեւ Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների փաստը ճանաչել պահանջող» երկիր, պետք է պատասխանատվություն ստանձնի «Ադրբեջանում իրականացրած չարագործությունների համար»: Ոչ ավել, ոչ պակաս
Ղարաբաղյան հակամարտության պատմությանը շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր անձ անպայման տեղյակ է, որ 1992-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղը գտնվում էր շրջափակման մեջ, եւ Հայաստանը չէր կարող այդ պայմաններում որեւէ գործողություն իրականացնել Ղարաբաղի ներսում: Հատկապես Խոջալուի պարագայում դա անհեթեթ է հնչում, որովհետեւ Խոջալուն տվյալ ժամանակահատվածում քաղաքացիական բնակավայր չէր, այլՙ իսկական ռազմական բազա: Այդ մասին շատ է խոսվել, ապացուցվել խոջալուցիների սպանության ադրբեջանական ձեռագիրը եւ այլն: Բավարարվենք թերեւս պատմարժեք մի փաստի ընդգծումով:
Ինքնանպատակ ծախսելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1988 թ. մարտի 24-ի որոշմամբ Ղարաբաղին հատկացված եւ ԼՂԻՄ-ի կողմից մերժված 450 միլիոն խորհրդային ռուբլին, այդ գումարների հաշվին Ադրբեջանը Խոջալու գյուղը վերակառուցել ու դարձրել էր քաղաք` ավելի քան 7000 բնակչով: Այս վերջին թվանիշն, ի դեպ, հենց ադրբեջանական աղբյուրներից է վերցված: Իրականում, վերաբնակիչների անվան տակ, այդտեղ բնավորվել էին զինված խմբավորումներ, այդ թվում` Ստեփանակերտի օդանավակայանը հսկող միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (օմօն):
Բունդեսթագ ներկայացված բողոքի փաստաթղթում նշվում է, որ Խոջալուի իրադարձությունների ժամանակ զոհվել է 613 ադրբեջանցի: Հիշյալ թիվն էլ, անշուշտ, կասկածահարույց է, բայց միաժամանակ հարց է ծագում` իսկ ի՞նչ բանի էին «խաղաղ բնակչությանը պաշտպանող», մինչեւ ատամները զինված գրոհայիններն ու օմօնականները: Հայաստանն ինչ կերպ եւ ինչքան զորք կարող էր տեղափոխել պաշարված Ղարաբաղ, որպեսզի հազարավոր զինված ադրբեջանցիներին վտարեր Խոջալուից, այդ ընթացքում սպանելով նաեւ խաղաղ բնակիչների:
Համեմատության համար նշենք, որ հայկական բնակավայրերն ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումներից պաշտպանող հայ ազատամարտիկները թվաքանակով բազմակի զիջում էին ու ավելի վատ էին զինված: Նաեւ նկատենք` 1992-ի փետրվարին ԼՂՀ պաշտպանության բանակը դեռեւս չէր ձեւավորվել, եւ ադրբեջանական զինուժի այդ խայտառակ պարտությունը հերթական անգամ ի ցույց դնելը, այն էլ օտար երկրի խորհրդարանում, պարզապես նշանակում է չգնահատել սեփական արժանապատվությունը:
Բազմաթիվ վավերագրերը (ոչ միայն հայկական) հաստատում են, որ Խոջալուի վնասազերծումը 1992-ի փետրվարի 26-ին իրականացվել է բացառապես ղարաբաղցի ինքնապաշտպանների ձեռնարկած փայլուն ռազմագործողությամբ: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շրջակա հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով ստիպված են եղել ոչնչացնել Խոջալուում տեղակայված ռազմական հենակետը, իսկ միջազգային որեւէ իրավական փաստաթուղթ չի արգելում ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: Եվ եթե իրոք հիշյալ ռազմագործողության հետ կապված` պարզաբանման կամ գնահատման կարիք ունեցող հարցեր են ծագել, ապա Ադրբեջանը կարող է բողոքով դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին:
Ի դեպ, դրա ժամանակն էլ, կարծում ենք, կգա: Միայն թե այն ժամանակ Ադրբեջանը ստիպված կլինի նաեւ պարզաբանել, թե ով է պատասխան տալու նույն Խոջալուից հայկական բնակավայրերի նկատմամբ իրականացված դաժան հրետակոծությունների, խաղաղ բնակիչների առեւանգումների ու վերջապես հարյուրավոր անմեղ հայերի սպանությունների համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ