Ամենատարբեր հաշվարկներովՙ այսօր գործում է 3000-3500 հայկական բլոգ: Հայկական իրականությունում բլոգային կյանքի ակտիվ շրջանն սկսվել է 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Խորհրդարանական եւ ապա հաջորդած նախագահական ընտրությունների ընթացքում բլոգային համայնքը հիմնականում գրում էր քաղաքական կյանքի անցուդարձի մասին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո բլոգները, փաստորեն, դարձել էին ինֆորմացիայի հիմնական աղբյուրը:
«Այժմ սակայն, քաղաքական կյանքի այդ աշխուժությունից հետո, առավել տարածված են դարձել թեմատիկ եւ մշակութային, անձնական մտորումները ներկայացնող բլոգները: Ակտիվ են նաեւ մարկետինգային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին պատմող բլոգերը», նկատում է Շուշան Հարությունյանը, որը բլոգային աշխարհում առավելապես հայտնի է Բլանշ անվամբ: Բլոգային իր առաջին գրառումները Շուշանն սկսել է 2006 թվականին:
Վարդան Պապիկյանն իր բլոգը վարում է շուրջ մեկ տարի: Հաճախ է անդրադառնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու ոլորտի խնդիրներին: Նույն խնդիրներին անդրադառնալու նպատակով եւ յուրաքանչյուրին ռեպորտաժ գրելու հնարավորություն տալու ցանկությամբ աջակիցների հետ հիմնել է նաեւ կայք: Կազմակերպել են նաեւ «Հայ բլոգերների ակումբ» եւ հասցրել հանդիպում կազմակերպել: «Հանդիպման ընթացքում նկատելի էր, որ բլոգերները անհանգստացած են ինտերնետի ցածր որակից: Թեպետ գրաքննության դրսեւորումներ բլոգերների հանդեպ դեռեւս չեն եղել, սակայն նրանք արդեն իսկ խոսում էին այդ մասին` փորձելով միջոցներ գտնել կանխման համար», ասաց Վարդան Պապիկյանը:
Գրաքննության ամենաուղղակի դրսեւորումներից, այն է կայքի փակման վտանգից, Շուշան Հարությունյանը չի անհանգստանում: Հայկական բլոգերները իրենց բլոգերը հիմնականում գրանցում են www.wordpress.com, www.livejournal.com տիրույթներում, որոնց գործունեության արգելումը գրեթե անհնար է:
«Բլոգը դեմոկրատական գործիք է, եւ բլոգերն ամբողջովին ազատ է: Այստեղ, կարծում եմ, կարեւորն էթիկայի կանոններին հետեւելն է», ասաց Էդգար Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է www.thearmenia.com տիրույթը:
«Բլոգերները երեւույթներին ավելի արագ են արձագանքում: Մինչ լրագրողները ճշտում են ինֆորմացիան, բլոգերներն անմիջապես գրում են այն, ինչ տեսնում են: Այսօր մրցակցություն կա լրատվամիջոցների եւ բլոգոսֆերայի միջեւ: Եվ հենց լրատվամիջոցների խնդիրն է գրավել այդ դաշտը», ասաց Շուշան Հարությունյանը, որը բացի սեփական բլոգը վարելուց, տարիներ շարունակ վարում է նաեւ ինտերնետային լրատվամիջոցի բլոգը: Շուշանը լրատվամիջոցի բլոգում տեղադրած իր նյութերը համեմում է նաեւ սեփական կարծիքով, դիտողություններով եւ նկատառումներով, իսկ ընթերցողների յուրաքանչյուր մեկնաբանությունն անմիջապես հայտնվում է բլոգում:
Եթե զարգացած երկրներում հայտնի բլոգերներն իրենց բլոգի շնորհիվ կարողանում են գումար աշխատել, ապա Հայաստանում անձնական բլոգը դեռեւս սեփական անձի ներկայացմանը եւ որոշակի ճանաչում ձեռք բերելուն է ուղղված: Ինտերնետային սեփական տիրույթ ունենալը եւ մտքերն ազատորեն արտահայտելու հեռանկարը շատերին է ստիպում բացել սեփական բլոգը: Իրենց սեփական բլոգն են բացում նաեւ նրանք, ում արտահայտած մտքերն անմիջապես հասանելի են դառնում ավանդական լրատվամիջոցների շնորհիվ: www.livejournal.com տիրույթում իր բլոգը բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առաջին հաղորդագրությունն ավելի քան մեկ ամիս առաջ էր: Այս ընթացքում արդեն վարչապետի բլոգն այցելուների եւ մեկնաբանությունների թվով հայկական բլոգոսֆերայում առաջիններից մեկն է:
«Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու», գրված է վարչապետի բլոգի առաջին հաղորդագրությունում:
Կառավարության մյուս անդամները դեռեւս չեն հայտարարել սեփական բլոգը վարելու մասին: Միայն սփյուռքի նախարարի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ առաջիկայում նախարարը կունենա իր անձնական բլոգը, ինչն անմիջական կապ կապահովի հասարակության հետ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ