«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԸ

Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմագերիների մարդասիրական խնդրի շարունակվող շահարկան առթիվ:

«Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի» մասին:

Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են, եւ մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ», ասվում է հիշյալ հայտարարության մեջ:

Հանձնաժողովը մտահոգիչ է համարում, որ հայ ռազմագերիներին ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանը ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` ժնեւյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում:

«Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնեւյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են», նշում է ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:

Ղարաբաղյան իշխանությունները դեռեւս 1992 թվականի գարնանն են հայտարարել Ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման ու դրանց դրույթներն անպայմանորեն կատարելու մասին: Նշված պարտավորություններն առ այսօր անվերապահորեն կատարվել են, եւ դա բազմառիթ հաստատել են միջազգային իրավապաշտպան ու մարդասիրական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Այս շեշտադրումներն անելով` հանձնաժողովը հայտարարության մեջ խիստ քննադատության է ենթարկում պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների եւ պատանդների մարդասիրական խնդրի քաղաքականացումը` միաժամանակ կոչ անելով շահագրգիռ միջազգային կառույցներին, նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի վերջիններս համարժեք արձագանքեն ադրբեջանական կողմի նման գործողություններին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4