ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ոչ ոք չի ժխտում այն ասեկոսեն, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 4-5 ամսվա նախագահի հրաժարականի իրական պատճառն այն է, որ հայրենի օլիգարխներից մեկը հերթական անգամ տուգանվելուց հետո մտել է այդ` դեռ երիտասարդ ու «չքոքված» նախագահի մոտ եւ խոստացել «գյուլլել»: Եթե իրոք այդպես է` ուրեմն մեր հայրենի օլիգարխներն այնքան են երես առել, որ ոչ միայն թքած ունեն հասարակության (ինչն ապացույցի կարիք չունի), այլեւ պետության ու նրա պաշտոնյայի վրա, ու հարկ է, որ այդ օլիգարխներին պետությունը կապի ու չափի բերի ու իր վարկը հատակի փալաս չդարձնի վերջնականապես, իհարկե` ոչ միայն այս մեկ օրինակի առումով: Իսկ եթե այստեղ բամբասանքի տարրեր կան, հարկ է, որ այդ նույն պետական կառույցները ժխտեն դա, բացատրեն, թե ինչո՞ւ է հերթական պաշտոնյան հերթական մի քանի ամիսն աշխատում ու առանց բացատրությունների հրաժարական տալիս, ի վերջո հանրության միջոցներն են ծախսվում այսպիսի պաշտոնյաների աշխատավարձերի վրա: Կամ` ռուսական «Վերսիան» ու «Վեկը» իրար հետեւից այս երկու ամիս հրապարակում են նախկին ու ներկա պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին մաթեմատիկական հաշվարկներ, ինչը նորմալ պետությունում երկրի պատվին ու արժանապատվությանը հասցված մեծ հարված կհամարեին, քանի որ տվյալ պաշտոնյաներն իրենց պաշտոններում չէին կարող միլիարդավոր դոլարների բիզնես անել, հետեւաբար տուժում է պետության վարկը. կամ ժխտեք ու ցույց տվեք պատվիրված զրպարտության հասցեատիրոջը, կամ հաստատեք եւ քաղաքական գնահատական տվեք` սահմանազատվելով այդպիսի պաշտոնյաներից, թե չէ մեր կոռումպացվածության աստիճանով դուրս ենք գալիս միջազգային մակարդակ ու արդեն ռուս ընթերցողի առաջ ենք հաստատում կոռումպացվածի իմիջը:
Բայց մերոնք գերադասում են լռել ու Մարսից խոսել, մինչեւ որ երեկ խոսեց ՀԱԿ-ը (գուցե հենց այդ շրջանակում պետք է փնտրել հրապարակումների պատվիրատուին, մանավանդ որ նախկին ՀՀՇ-ական հարուստների ունեցվածքի մասին այս ռուսական աղբյուրները լռում են` ոչ այն պատճառով, որ այդպիսի ունեցվածք ու հարստություններ գոյություն չունեն): Մինչդեռ հենց ՀԱԿ-ն էր երեկ տարածած իր հայտարարության մեջ հետաքրքրվում, թե ինչո՞ւ ծանրագույն մեղադրանքներին (նաեւ թրաֆիկինգի ու նարկոբիզնեսի մասին խոսք կար ռուսական հրապարակումներում) առ այսօր հանրապետության իրավապահ մարմինները չեն արձագանքել, եւ մանավանդ` պաշտոնյաներն, ում վերագրվում են թալանն ու կոռուպցիան, դատարան չեն դիմել` «բարի համբավն արատավորելու» կամ զրպարտության հայցով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս ՀԱԿ-ը, ում ղեկավարներից շատերը ժամանակին նպաստեցին ժողովրդի ունեցվածքի փոշիացմանն ու երկրի աղքատացմանը, մի կողմ թողնենք, որ այսպիսի հարցադրում է անում «ռեալպոլիտիկի», այսինքնՙ սկզբունքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու «արվեստն» իմացող գործչի քաղաքական կառույցը, ում կազմի անդամներից շատերին մեր մոտիկ անցյալի վերաբերյալ շատերս հարցնելու բան ունենք, բայց բոլոր դեպքերում նրանց ու շատերի այդորակ հարցադրումները գոյության իրավունք ունեն, ու դրանց պատասխանն ուշանում է. ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների սուբյեկտները լռում են, իսկ կարծեմ նոր բան ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ լռության` համաձայնության նշան լինելու մասին: Այսինքն` բոլոր դեպքերում հարկ կա հասարակությանը պարզաբանումներ տալու եւ իրազեկելու խնդիրը, թե չէ դուրս է գալիս, որ ոչ հասարակությանն են հարգում, ոչ էլ իրենց սեփական վարկը:
Ընդհանուր առմամբ այսօր ուզում էի գրել այն մասին, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ իրական փոփոխություններ անել հասարակության կյանքում, չկարողացավ մեկ սանտիմետր անգամ պայքարել կոռուպցիայի դեմ, չկարողացավ բարելավել մարդկանց կյանքը, իսկ խորհրդարանական ընտրությունները քթի տակ են` ընդամենը 2012 թվականին: Հիմա էլ վրա հասան թանկացումները, որոնց տակից մեր իշխանությունները հազիվ թե կարողանան դուրս գալ: Օբյեկտի՞վ է արդյոք գազի 37 տոկոսանոց թանկացումը, երբ ռուսները միայն 17 տոկոսով են գազի գինը բարձրացրել, եւ արդյո՞ք մեր հասարակությունը կդիմանա շղթայական ռեակցիայով սպասվելիք հացի, շաքարավազի, տրանսպորտի թանկացումներին` 3 հազար դրամանոց միսն էլ օլիգարխներին նվեր: Արդեն ենթադրություններ կան, որ գազի գնի «խիստ ժամանակին» թանկացումը, որը ՀԱԿ-ը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում, նվեր է ընդդիմությանը. այս վերջինը, որ խոսում է արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, իր սովորական 5-6 հազար համակիրներից այն կողմ մարդ չի կարողանում հավաքել, մինչդեռ սոցիալական նոր լարվածության հաշվին կարելի է, չէ՞, հունձք կազմակերպել գների թանկացումից բողոքավորների զանգվածի հիման վրա: Այսպիսի ակնարկ անողների ենթադրությունները կառուցվում են թեական ռազմավարության վրա: Եթե մենք վերացարկենք այս ենթադրությունները հերթական խորհրդարանական ընտրությունների պրիզմայով նույնիսկ, ապա այս պահին էլ նկատելի է, որ չկա մի կարգին քաղաքական ուժ, որ քաղաքական էլիտայափոխության սուբյեկտ դառնա նույնիսկ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ ՀԱԿ-ը, իր կաշվից էլ դուրս գա, չի կարող, լուսանցքային թվերից այն կողմ անցնել` շատ հիասթափեցրեց եւ իր համակիրներին, եւ իրական ընդդիմադիր ուժ փնտրող ուրիշներին, իսկ լուրջ, մտածող եւ հիշողություն ունեցող մարդիկ ընդհանրապես նրա հետ հույս կապել չեն կարող: Իրականությունն այն է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտի բեկորավորմանը ժամանակին շատ նպաստեց իշխանությունը` ինքն իր ձեռքով հերթով հեղինակազրկեց շատ ընդդիմադիր միավորների, իսկ հիմա, եթե ու հանկարծ պետք լինի (ասենք` այդքան որ խոսում են Ղարաբաղի հարցի ֆորսմաժորային զարգացումներից) ու հենց իշխանությանը ձեռք տա «նահանջ երգովը», այսինքն` հրաժարականի միջոցով ինչ-որ անընդունելի լուծում հետաձգելը, մի խելքը գլխին ուժ չի գտնի, որի ռեյտինգը հասարակության մեջ շատ բարձր լինի, ու նրան հանձնի իշխանությունը: Ու հենց սրա մեջ է մեղավոր իշխանությունը` բազմաթիվ այլ խնդիրների լուծումն ապահովել չկարողանալուն զուգահեռ: ՀԱԿ-ն էլ, որ ափալ-թափալ փեշերը հավաքում ու սպասում է, թե ո՞նց են «առաջնորդին հոշոտելու իր շրջապատի գիշատիչները, որ ինքը պատրաստ լինի այդ օրվան», պետք է երազաթափ լինի` ցանկությունը դեռ իրականություն չի նշանակում, այդպիսի օրվա համար բազում են լինում կոչեցյալք, սակավ` ընտրյալք: Բացի այդ` մի անգամ ընտրյալք էին, տեսանք, ավելի լավ կլիներ չտեսնեինք: Իսկ այսօրվա համար, իրոք, հայ հասարակությունը ուժերը համախմբելու եւ քաղաքական նոր կառույցներ ձեւավորելու խնդիր ունի, քանի դեռ ուշ չէ: