«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈՐԱԿ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

Ինչպես բարելավել առաջինը եւ նվազեցնել երկրորդը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մակարդակի վերաբերյալ տեսակետները տարբեր են: Բոլորն են ընդունում, որ մեր երկրում էլեկտրոնային արդյունաբերությունն ու գիտահետազոտական միտքն ավանդաբար զարգացած է եղել: Փաստ է նաեւ, որ վերջին տարիներին միջազգային ճանաչում ունեցող հայտնի ընկերություններ իրենց ստորաբաժանումներն են բացել Հայաստանումՙ ծրագրային արտադրանք պատվիրելով իրենց գլխամասային ընկերությունների համար: Գործում են նաեւ ՏՏ ոլորտի տեղական բազմաթիվ ընկերություններ: Այսինքն, որոշակիորեն կարելի է պնդել, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են: Սակայն դրա հետ մեկտեղ, մի շարք առումներով մեր երկիրն էապես հետ է մնում աշխարհի երկրների մեծ մասից: Խոսքը համակարգիչների թվի, ինտերնետի տարածվածության, կապի հուսալիության, որակի եւ այլ կարեւորագույն հանգամանքների մասին է:

ՏՏ ոլորտի այս պահի խնդիրների վերաբերյալ մեր առաջին զրուցակիցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էր, որը փաստելով ՄԱԿ-ի հաշվետվությունը, տեղեկացրեց, որ Հայաստանը համակարգիչների հագեցվածության աստիճանով աշխարհում զբաղեցնում է 114-րդ տեղը, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրում համարվում են առաջնահերթություն: Հետ ենք մնում նաեւ այլ ցուցանիշներիՙ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների անհավասարության, ինտերնետ ծառայությունների բարձր սակագների ու որակի առումով:

Մասնավորեցնելով, Հովիկ Մուսայելյանը փաստեց, որ չնայած հեռահաղորդակցության շուկայի ազատականացումից հետո միջազգային կապի սակագներն էականորեն նվազեցին, բայց դրանք շարունակում են շատ բարձր մնալ Եվրոպայի, ԱՊՀ եւ անգամ տարածաշրջանի երկրների համեմատությամբ: «Եթե 1 մբիթ/վրկ արագությամբ ADSL տեխնոլոգիայով անսահմանափակ ինտերնետային կապի արժեքը Հայաստանում կազմում է 80 դոլար, ապա Վրաստանում 10 դոլար է, Ադրբեջանումՙ 40 դոլար, Թուրքիայումՙ 28 դոլար», նշեց մեր զրուցակիցը:

Սակայն «Սինոփսիս-Արմենիայի» գործադիր տնօրենին ավելի շատ անհանգստացնում է ինտերնետի որակի խնդիրը: «Սակագները մոտ 60 տոկոսով իջան, բայց դրա հետ մեկտեղ ունեցանք որակի լուրջ կորուստներ: Ընկերությունները, որոնք իրենց պատվերները ստանում են ինտերնետով եւ կատարված նախագծերն ուղարկում ինտերնետով, շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Եթե այդ խնդիրը մոտ ապագայում չլուծվի, ապա շատ լուրջ ընկերություններ, որոնք գործում են Հայաստանում, կսկսեն մտածել իրենց ընկերությունների ստորաբաժանումներն այլ երկրներ տեղափոխելու մասին», ասաց Հովիկ Մուսայելյանը, ավելացնելով, որ ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների մոտ 30 տոկոսը օտարեկրյա ընկերություններ են, որտեղ աշխատում են ոլորտի մասնագետների 70 տոկոսը եւ որտեղ ապահովվում է ոլորտի շրջանառության շուրջ 80 տոկոսը: Ճգնաժամային տարում, երբ Հայաստանի տնտեսությունը 15 տոկոս անկում է ապրել, իսկ ՏՏ ոլորտը 17 տոկոս աճ է արձանագրել, մեծապես նաեւ այդ ընկերությունների շնորհիվ է եղել:

Ո՞րն է ինտերնետի նման վիճակի պատճառը եւ ի՞նչ պետք է անել վիճակը կարգավորելու համար: Մեր այս հարցին պատասխանելովՙ «Սինոփսիս-Արմենիայի» ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ կապի հուսալիության բարձր մակարդակ չեն ապահովում եղած կապուղիները: Մալուխների վնասվելու եւ ծառայությունների խափանումների հետեւանքով դադարում է ինտերնետային հասանելիությունը ամբողջ երկրում: Այս հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահին կից Հանրային խոհրուրդը, որի անդամ է նաեւ Հովիկ Մուսայելյանը: Համաձայն այդ որոշման, որը ներկայացվելու է երկրի նախագահին, Հանրային խորհուրդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկում է իրականացնել հետեւյալ քայլերըՙ դասակարգել ինտերնետ հասանելիության եւ տվյալների հաղորդման ծառայություններն ու ցանցի հասանելիությունը, «Արմենտելին» ճանաչել գերիշխող դիրք ունեցող ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում, սահմանել փոխկապակցման, օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների արդարացի եւ ողջամիտ սակագներ, սահմանել օպերատորների կողմից ծառայությունների մատուցման պարտադիր կանոններ, այդ թվումՙ արագության տատանումների եւ ծառայության մատուցման ընդհատումների առավելագույն թույլատրելի սահմանաչափեր, որոնց խախտման պարագայումՙ սպառողներին տրվող փոխհատուցման եւ տույժերի մեխանիզմներ:

Մեր մյուս զրուցակիցըՙ ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինտերնետի գնագոյացման եւ որակի ներկա վիճակը պայմանավորեց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով: Օբյեկտիվն այն է, որ մենք այստեղ խնդիրներ ունենք մեր անմիջական հարեւան երկրների հետ, որոնց տարածքով անցնում են կապուղիները: Մասնավորապես, Հայաստանը ինտերնետ է ստանում Վրաստանի եւ Իրանի տարածքներով: Վրաստանից ինտերնետը Հայաստանը գնում է արդեն թանկ գնով: Համեմատաբար էժան եւ միջազգային գներին մոտ է Իրանի տարածքից մեր գնած ինտերնետը: Սակայն կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ:

«Արմենտելի» գերիշխող դիրքից հրաժարվելը եւ նոր ընկերություններիՙ «Ֆայբեռնետի», «Ջի Էն Սի Ալֆայի» շուկա մուտք գործելն, ըստ Արմեն Գրիգորյանի, ազեցություն ունեցան եւ ինտերնետի որոշակի մակարդակ ապահովեցին: Ինչը, սակայն, բավարար չէ: Գլխավոր խնդիրներից մեկը, ինչպես նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղարը, ներքին փոխկապակցման հարցն է: «Ինտերնետը գալիս հասնում է Հայաստան եւ այստեղ է կորչում: Ընկերություններիՙ արագությունները չեն համապատասխանում իրար: Մեր մի պրովայդերը մյուսի հետ կապ ունենալու համար արտերկրի ինչ-որ մեկ այլ ընկերության միջոցով է դա անում: Պետք է միմյանց նկատմամբ կապի համար նվազագույն արագություն ամրագրվի: Մենք առաջարկել ենք 10 մբիթ/վրկ արագությունը, բայց դա էլ արդեն բավարար չէ: Պետք է ամրագրվի 100 մբիթ/վրկ արագությունը, քանի որ պահանջարկն այսօր էապես աճել է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է նման մի որոշման նախագիծՙ առնվազն 10 մբիթ/վրկ արագությամբ երկու ընկերությունների միջեւ անվճար միացում ապահովելու ներցանցային տրաֆիկի փոխանակման նպատակով եւ տրաֆիկի ծանրաբեռնվածությունըՙ տվյալ թողունակությունը 60 տոկոսով չգերազանցելու պայմանով: Եթե սա հաստատվի, գոնե Հայաստանում գործող մեծ ընկերությունները միմյանց հետ կփոխկապակցվեն եւ որակի առումով մեծ փոփոխություն կլինի», ասաց Արմեն Գրիգորյանը եւ այն համոզմունքը հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում այս որոշումը կհաստատվի: Նա նաեւ ավելացրեց, որ որակյալ ինտերնետի համար ընկերությունները պետք է մեծ արագություններ ապահովեն եւ զբաղեցնեն թողունակության գոնե 50 տոկոսի չափով, «այլ ոչ թե ունենան ինչ-որ մի ծավալ եւ այդ ծավալը տասնապատիկ գերազանցող կապ վաճառեն: «Եթե 100 տոկոսով զբաղեցված կապուղու վրա մի քանի անգամ ավելի շատ հաճախորդի ինտերնետ մատակարարես, ապա պարզ է, որ ոչ մեկի ինտերնետը նորմալ չի գործի», ասաց Արմեն Գրիգորյանը:

Ինտերնետի որակից եւ դրա անհուսալի լինելուց արտերկի ընկերությունները դժգոհության կապակցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհուրդը նույնպես առաջարկել է, որ ինտերնետ մատակարարողների պատասխանատվություն կրեն ինտերնետի հանկարծակի ընդհատման համար եւ բաժանորդներին ապահովեն այլընտրանքային կապով: Ներկայումս կապի ընդհատման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Արմեն Գրիգորյանի կարծիքով, սա կլուծի արտասահմանյան ընկերությունների հայաստանյան ձեռնարկություններին հուզող խնդիրը, որոնք հաճախ չեն կարողանում իրենց պատրաստած նախագծերն ուղարկել պատվիրատուին ինտերնետի անակնկալ անջատման պատճառով: Այս խնդրի լուծումը, թերեւս, ոչ միայն այս ընկերություններին, այլեւ բոլոր ինտերնետ օգտագործողներին է հետաքրքրում:

Երկրորդ խնդիրը, կապված ինտերնետի սակագնի հետ, շուկայական է եւ, ըստ մեր զրուցակցի, պետությունը ոչ մի կերպ չի կարող միջամտել, բացի պայմաններ ապահովելուց: Ինտերնետի պահանջարկը մեծանում է, ինտերնետ ներմուծողներն էլ իրենց ինտերնետի ծավալներն են մեծացնում, ինչը թույլ է տալիս նվազեցնել գները: «Մոտակա 2-3 տարում, կարծում եմ, ինտերնետը Հայաստանում կունենա միջազգային շուկային համարժեք մրցունակ գներ, եթե լուծվեն նաեւ տարածաշրջանային խնդիրները», համոզմունք հայտնեց Արմեն Գրիգորյանը, վկայակոչելով այն փաստը, որ այժմ ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամսեամիս են գներն իջնում:

Վերոնշյալին ավելացնենք, որ վերջերս կառավարությունն ընդունեց Հայաստանում էլեկտրոնային հասարակության զարգացման հայեցակարգը, որտեղ մատնանշվում են մինչեւ 2012-ը նախատեսվող միջոցառումների կոնկրետ ժամկետներ, կոնկրետ պատասխանատուներ, կոնկրետ ներդնողներ: Այն կյանքի կոչելու պարագայում, թերեւս, կարող ենք փաստել, որ Հայաստանում ՏՏ ոլորտն իսկապես գերակայություն է, եւ ինտերնետ հասանելիության առումով աշխարհում առաջատար երկրների թվում ենք:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4