39 տարի շարունակ Վարդանուշ Նազլուխանյանը ջուլհակագործ է աշխատել թելի գործարանում: Աշխատել սկսել է, երբ 16 տարեկան էր, այժմ 59 տարեկան է, սակայն արդեն մի քանի տարի թոշակ է ստանում: «Աշխատանքս առողջության համար վտանգավորների շարքից էր: Այդ պատճառով էլ արդեն 3 տարի թոշակ եմ ստանում», պատմում է Վարդանուշ Նազլուխանյանը:
Տարիներ շարունակ բնակարանի իր հերթին է սպասել: 1987 թվականին ժամանակավոր տեղափոխվում են Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի հանրակացարան, սակայն այստեղ է ապրում արդեն 23 տարի: Բնակարան այդպես էլ չի ստանում: Իսկ երբ մի քանի տարի առաջ ամուսնանում է աղջիկը, ընդամենը 16 քառակուսի մետր տարածք զբաղեցնող սենյակում սկսում է ապրել աղջկա ընտանիքի հետ: Այսօր արդեն փոքրիկ սենյակն ուրախությամբ են լցնում երկու թոռնիկները` 3 տարեկան Մերին եւ ընդամենը մեկ ամսական Ռուբենը:
Փոքրիկ սենյակի կենտրոնում Մերիի հեծանիվն է դրված: Մերին հպարտությամբ թերթում է իր մի քանի գրքերը, որից հետո ուրախությամբ ցուցադրում հեծանիվը: «Տատիկս է գնել», պատմում է Մերին: Վարդանուշ Նազլուխանյանն ասում է, որ իր խնայողություններով երբեմն կարողանում է ուրախացնել թոռնիկին: Եվ թեպետ կենցաղային պայմանները հանրակացարանում գրեթե բացակայում են, այստեղ փորձում են փոքրիկների համար տանելի պայմաններ ապահովել: «Մեկից կտրում, մյուսն եմ առնում: Էդպես էլ կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել եւ յոլա գնալ», բացատրում է տիկին Վարդանուշը:
«Ես մենակ եմ մեծացել, այդ պատճառով էլ որոշեցի, որ գոնե երկու երեխա ունենամ», ասաց Վարդանուշ Նազլուխանյանի դուստրը` նշելով, սակայն, որ շատ երեխաներ ունենալու իր ցանկությունը դժվար թե իրականություն դառնա: «Եթե պայմանները գոնե բավարար լինեին, շատ երեխաներ կունենայի», ասաց: Մասնագիտությամբ մանկաբարձուհի է, աշխատանք չի կարողացել գտնել: Աշխատել է խանութում, սակայն փոքրիկների ծննդից հետո ստիպված է եղել նրանց խնամքով զբաղվել: «Մի քիչ էլ մեծանան, անպայման կաշխատեմ», ասաց:
Ընտանիքի հիմնական բյուջեն կազմում են տիկին Վարդանուշի 27 հազար թոշակը եւ երեխաներին տրվող 15 հազար դրամ նպաստը: Եթե փեսան կարողանում է աշխատանք գտնել, ապա երբեմն իրենց «շռայլություններ» են թույլ տալիս եւ փոքրիկների համար բավարար քաղցրեղեն գնում:
Փոքրիկ սենյակի մի հատվածը խոհանոցի են վերածել: Մյուս հատվածում երկու մահճակալն է դրված, փոքրիկ սեղանն ու պահարանը: Սենյակում Մերին ոչ մի կերպ իր հեծանիվը քշել չի կարողանում, այդ պատճառով էլ սիրում է բակ իջնել: Բակում խաղալու եւ հեծանիվ քշելու համար անհրաժեշտ տարածք կա:
Տիկին Վարդանուշն իր ընտանիքի դրության մասին խոսում է առանց գույները խտացնելու: Որեւէ մեկից չի բողոքում, անգամ ուրախ է, որ մինչ օրս կարողացել են առանց պարտքերի յոլա գնալ: Պարզ ու շիտակ պատմում է, թե ինչպես է երբեմն փոքրիկ խորամանկությունների դիմում, որպեսզի կարողանա ունեցած գումարից ավելին չծախսել: « Եթե Մերին պաղպաղակ է ուզում, ես էլ չեմ կարողանում գնել, փոխարենը ուրիշ քաղցրավենիք եմ գնում, ու էդպես կարողանում ենք ապրել», պատմում է Վարդանուշ Նազլուխանյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ