Թուրքերը միայն իրենց պետք է մեղադրեն այն դժբախտության համար, որ բաժին ընկավ նրանց փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ CBS-ի հեռարձակած ծրագրի առնչությամբ:
Եթե չլինեին թուրքական կառավարության շարունակական ժխտումներն ու խեղաթյուրումները, հայերի ցեղասպանության հարցը վաղուց մոռացված կլիներ համաշխարհային պատմության մեջ: Բայց քանի որ թուրքերը մերժում են դեմ առ դեմ կանգնել իրենց գործած ոճրագործությունների հետ եւ շարունակում են հորինել սոսկալի ստեր, արդարամիտ մարդիկ աշխարհի տարբեր վայրերում զանազան միջոցներ են ձեռք առնում ճշմարտությունն ասելու համար: Նման ձեւով վարվեց CBS-ըՙ անցյալ կիրակի օրը հեռարձակելով իր «60 րոպե» ծրագիրը: Այնքան ժամանակ, որ թուրքերը շարունակեն չընդունել ճշմարտությունը, նրանք ստիպված են լինելու դիմակայել զանգվածային սպանողների եւ ցեղասպանությունը ժխտողների միջազգային հանրության պիտակներինՙ որպես արժանի պատիժ նման գազանային ոճիրներ գործելու եւ ապա դրանք քողարկելու համար: Հայ ազգի բնաջնջման պատասխանատուներՙ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը չէին կարող երբեւէ պատկերացնել, որ մեկ դար անց միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում հիշելու են 1915 թվին գործած իրենց ստոր ոճիրները:
Հատկանշական է, որ CBS-ի հեռարձակումից մի քանի օր առաջ թուրքական կազմակերպություններն արդեն հորդորում էին իրենց աշխատակիցներին նամակներ հղել հեռուստաընկերության գործադիրներինՙ բողոքելու ընդհանուր ծրագրի Հայոց ցեղասպանության բաժնի դեմ, առանց նույնիսկ իմանալու որեւէ բան դրա բովանդակության մասին: «Գողՙ սիրտը դող» հայկական հայտնի ասացվածքը շատ դիպուկ նկարագրում է թուրքերի այս տարօրինակ վերաբերմունքը: Ազատ թարգմանությամբ սա բնորոշում է մի «գողի, որն անընդհատ վախենում է բռնվելուց, բացահայտվելուց»: Մեղավորի զգացումներով թուրքերը մշտական վախի մեջ են, որ իրենց կմեղադրեն ցեղասպանություն իրագործելու մեջ եւ այդ պատճառով էլ բարձրաձայն հայտարարում են, որ իրենք անմեղ են, նախքան որեւէ մեկը կներկայացնի նման մեղադրանք:
Հայերի ցեղասպանությանը վերաբերող 12 րոպեանոց հատվածն ամբողջովին մերկացրեց ամենաողբերգական ձեւով թուրքերի անմեղության առասպելը: CBS-ի լրագրող Բոբ Սայմոնը պրոֆ. Փիթեր Բալաքյանի հետ մեկնել է Դեր Զոր, Սիրիաՙ «Հայկական Օսվենցիմը», որտեղ նրանք իրենց մատներով անապատի հողը մի փոքր փորելով դուրս են բերել Եղեռնի ծագումով հայ զոհերի ոսկորների մնացորդները: (Այս մասին տես Փիթեր Բալաքյանի հոդվածը 2009 թվականի մայիսի 9-ի «Ազգ»-մշակույթ հավելվածում - խմբ):
Ցնցող տեսարանները պետք է որ անջնջելի հետք թողած լինեն միլիոնավոր հեռուստադիտողների մտքերում: Թուրք ճարտար ժխտողները չէին կարող ջնջել այդ տպավորությունը, որ մարդիկ ստացել էին իրենց սեփական աչքերով տեսնելուց հետո: Այլեւս ոչ ոք չէր կարող հավատալ նախկին դեսպան Նաբի Սենսոյի խաբեպատիր խոսքերին, որ հայերին ոչ թե սպանել են, այլ պարզապես տեղահանել: Բոբ Սայմոնի ճնշումներից հետո Սենսոյը նախ փորձեց նսեմացնել դուրս բերված ոսկորների նշանակությունը, ապա իր ստերը քողարկելու միտումով նշեց, որ ՄԱԿ-ի ցեղասպանության բնորոշումը ներառում է «մտադրվածության» գործոնը: Ի վերջո նա ընդունեց, որ շատ հայեր «մահացել էին», բայց պնդեց, որ դա թուրքերի մտադրությունը չէր: Ինչպե՞ս կարող էին 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներՙ տեղահանված Օսմանյան կայսրության ամենատարբեր անկյուններից, օդում ցնդել: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը, որին պաշտոնազրկեցին այս հարցազրույցից հետո, հարմար գտավ չհիշատակել ՄԱԿ-ի բանաձեւի մի այլ հոդվածը, որտեղ նշվում է, որ «ֆիզիկական բնաջնջման պայմաններ ստեղծելն էլ» հավասարազոր է ցեղասպանության: Ցավալի է, որ CBS-ը նման մարդկանց էլ է ամբիոն տրամադրում, մի բան, որ նա հավանաբար երբեւէ չէր անի Հոլոքոսթի վերաբերյալ ծրագիր պատրաստելիս: CBS-ը կհեռարձակվե՞ր մի նացիստի կամ Հոլոքոսթը ժխտողի խոսքը պարզապես «պատմության մյուս կողմը» ներկայացնելու համար:
Իհարկե, հնարավոր չէր 12 րոպեում անդրադառնալ Հայոց ցեղասպանության բոլոր կողմերին: Այդուհանդերձ, ներկայացվածը կարող էր առավել ավերիչ լինել թուրքերի համար, եթե պրոդյուսերներն ավելի խորամուխ լինեին հարցերի մեջ: Օրինակ, ճիշտ չէր այն տեղեկությունը, որ «ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի արտասանել ցեղասպանություն բառը»: Հայտնի է, որ նախագահ Ռեյգանը 1981 թվի ապրիլի 22-ին ակնարկել է Հայոց ցեղասպանությանը: Այնուհետեւ, Բոբ Սայմոնը, ճիշտ է, նշեց, որ թուրքական ճնշումների հետեւանքով 2007-ին Կոնգրեսով չանցավ ցեղասպանության բանաձեւը, բայց նա չհիշատակեց, որ երկու այլ բանաձեւեր ընդունվել էին Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում 1975-ին եւ 1984-ին: Եվ վերջապես Բոբ Սայմոնը սխալմամբ նշեց, որ հայ-թուրքական արձանագրություններում մի կետ կա, որ կոչ է անում ստեղծել պատմական հարթությամբ մի հանձնաժողով, քննելու, «թե արդյոք ցեղասպանություն կատարվե՞լ է, թե՞ ոչ»: Չնայած արձանագրությունների այդ հատվածը բավական աղոտ է ձեւակերպված, դա, համենայն դեպս, նման փաստ արձանագրելու կոչ չի անում:
Անկախ այս սխալներից, միլիոնավոր ամերիկացիներ, ովքեր դիտեցին այս ծրագիրը, պետք է հստակ պատկերացում կազմած լինեն, որ թուրքերը 1915-ին զբաղվել են «ռասայական ոչնչացմամբ», ինչպես դեսպան Հենրի Մորգենթաուն էր բնորոշել:
CBS-ին ուղղված թուրքական բացասական արտահայտություններին հակադարձելու համար խորհուրդ ենք տալիս էլ.փոստով (http://www.cbsnews.com/video/watch/?id=6253043 n.) շնորհակալություն հայտնել «60 րոպե» (60 minutes) ծրագրին եւ, անշուշտ, պրոֆ. Փիթեր Բալաքյանինՙ CBS-ի խմբին դեպի սիրիական անապատները ընկերակցելու եւ իր փայլուն բացատրությունների համար:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.